Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մատթէոսի Համաձայն
ԳԼ.15
Նախնիքների ուսուցումը
1 Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէմից էին, եւ ասացին.
«Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են անում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լւանում»։
Նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք անում Աստծու պատւիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով. քանի որ Աստւած ասաց. «Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը».
եւ ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահւամբ պիտի պատժւի։
Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտւելու ես, Աստծուն ընծայ է, այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով։ Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեր վրայ եւ ասել.
«Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանւած է ինձնից.
9 զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատւիրւած վարդապետութիւններ են ուսուցանում»:

Մարդի Բերանից Դուրս Եկողը’ Նա է Պղծում
10 Եւ Յիսուս իր մօտ կանչելով ժողովրդին՝ ասաց. «Լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. ոչ թէ՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն»։
Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղւեցին»։
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արւի։
Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»։
Պետրոսը պատասխան տւեց նրան եւ ասաց. «Այս առակը բացատրի՛ր մեզ»։
Յիսուս ասաց. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք. չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում։
Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում, քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ։
20 Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլւայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»:

Կնոջ Հաւատքը
21 Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը։ Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»։
Բայց նա նրան պատասխան չտւեց, եւ նրա աշակերտները մօտենալով՝ աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»։
Նա պատասխան տւեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկւած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»։ Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»։
Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»։
Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։
28 Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես»։ Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց։

Յիսուսը բժշկէց Շատերին
29 Եւ Յիսուս մեկնելով այդտեղից՝ եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ, լեռը բարձրանալով, նստեց այնտեղ։
Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ եւ ուրիշ շատեր։
Սրանց բերին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց.
31 այնպէս որ, ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն։

Չորս Հազար Կշտացան
32 Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»։
Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»։
Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ հաց ունէք»։ Եւ նրանք ասացին՝ եօթը, եւ մի քանի ձուկ։ Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ։
Եւ վերցնելով եօթը հացն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տւեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին։ Բոլորը կերան ու կշտացան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին։
Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշւած կանանց ու երեխաներին։
39 Երբ նա ժողովրդի բազմութիւնը արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները։