Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մատթէոսի Համաձայն
ԳԼ.14
Յովհաննէս Մկրտչի Մահը
1 Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց.
«Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»։
Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»։
Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում։
Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թւաց Հերովդէսին. ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի։ Եւ նա, առաջուց խրատւած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, ափսէիվրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»։
Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ։ Եւ մարդ ուղարկեց, գլխատել տւեց Յովհաննէսին բանտի մէջ։
Եւ նրա գլուխը բերւեց ափսէով ու տրւեց աղջկան։ Եւ սա տարաւ այն իր մօրը։
12 Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին։

Յիսուսը Կերակրեց Հին Հազար
13 Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ։
Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից ոտով նրա յետեւից գնաց։ Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին։
Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»։
Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տւէք»։
Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ հացից եւ երկու ձկից»։
Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»։ Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւհացերը աշակերտներին տւեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին։
Բոլորը կերան ու կշտացան։ Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին։
21 Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշւած կանանց եւ երեխաներին։

Յիսուսը Կ’քայլէ Ջուրի Վրայ
22 Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի։
Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար։ Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ։
Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշւելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր։ Եւ գիշերւայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ։
Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին. «Ինչ-որ ուրւական է». ու սարսափից աղաղակեցին։
Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդւեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»։ Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»։ Եւ նա ասաց՝ արի՛։
Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ։
Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ։
Եւ երբ սկսեց ընկղմւել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»։
Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտւեց։
Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ Աստծու Որդին ես դու»։ Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում։
Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին։
36 Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկւեցին։