Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մարկոսի Համաձայն
ԳԼ.4
Սերմացանողի Առակը

1 Նորից նա սկսեց սովորեցնել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնւեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ, ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը:
Եւ նա առակներով նրանց շատ բան էր սովորեցնում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ. «Լսեցէ՛ք, ահա մի սերմանող սերմանելու ելաւ:
Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն: Ուրիշ մի մաս ընկաւ քարքարոտ տեղ, որտեղ շատ հող չկար. եւ շուտով բուսաւ, որովհետեւ հողը խորը չէր. բայց երբ արեւը ծագեց, խանձւեց. եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ:
Մի ուրիշ մաս ընկաւ փշերի մէջ. փշերը բարձրացան եւ խեղդեցին այն, եւ պտուղ չտւեց:
Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տւեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
9 Եւ ասում էր. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»:

Առակների Նպատակը

10 Եւ երբ առանձին մնաց, նրա շուրջը եղողները, աշակերտների հետ միասին, հարցրին նրան այս առակի մասին:
11 Եւ նրանց ասաց. «Ձեզ է տրւած իմանալ Աստծու արքայութեան խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամէն ինչ առակներով կը լինի, 12 որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ մի գուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներւի»:
13 Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, ապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները:

Յիսուսը Մեկնաբանում է Սերմացանողի Առակը

14 Նա, որ սերմանում է, Աստծու խօսքն է սերմանում:
Ճանապարհի եզերքին սերմանւածները այն մարդիկ են, որոնք լսում են խօսքը, եւ սատանան գալիս է եւ դուրս է հանում նրանց սրտերի մէջ սերմանւած խօսքը:
Ապառաժի վրայ սերմանուածները այն մարդիկ են, որ, երբ լսում են խօսքը, իսկոյն ուրախութեամբ ընդունում են այն, եւ որովհետեւ իրենց մէջ արմատներ չունեն, այլ մի որոշ ժամանակի համար են, երբ խօսքի պատճառով նեղութիւն կամ հալածանք է վրայ հասնում, իսկոյն գայթակղւում են:
Իսկ նրանք, որ սերմանւեցին փշերի մէջ, այն մարդիկ են, որ լսում են խօսքը, սակայն այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները ներխուժում եւ խեղդում են խօսքը, եւ այն անպտուղ է լինում:
20 Եւ լաւ հողի մէջ սերմանւածները այն մարդիկ են, որ լսում են խօսքը եւ ընդունում ու պտուղ են տալիս. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»:

Ճրագը Օրինակը

21 Եւ նրանց ասաց. «Միթէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տա՞կ դրւի: Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում:
Արդ, ծածուկ բան չկայ, որ չյայտնւի, եւ գաղտնի բան չի եղել, որ ի յայտ չգայ:
Թէ մէկը լսելու ականջ ունի, թող լսի»:
Եւ նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրւի ձեզ. ինչ չափով, որ չափում էք, նոյնով Աստւած պիտի չափի ձեզ համար:
25 Ով որ ունի, նրան պիտի տրւի. իսկ ով որ չունի, նրանից պիտի վերցւի, ինչ էլ որ նա ունի»:

Աճող Սերմի Առակը

26 Եւ ասում էր. «Այսպէ՛ս է Աստծու արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի. եւ նա ննջի թէ վեր կենայ, գիշեր եւ ցերեկ, սերմերը կը բուսնեն ու կ՚աճեն, եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝լցւած ցորենը հասկի մէջ:
29 Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»:

Մանանեխի Հատիկի Առակը

30 Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն. 31 նման է մանանեխի հատիկին, որը, երբ սերմանւում է հողի մէջ, աւելի մանր է լինում, քան երկրի վրայ եղող բոլոր սերմերը. իսկ երբ սերմանւի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն ծառ, եւ արձակում է մեծ ճիւղեր, այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակւել»:
Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ:
34 Եւ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խօսում, բայց իր աշակերտների համար առանձին ամէն ինչ մեկնում էր:

Յիսուսը Փոթորիկը Խաղաղացրեց

35 Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»:
36 Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին:
37 Եւ մեծ ուժեղ քամի բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր:
38 Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»:
39 Եւ նա, արթնանալով, սաստեց ուժեղ քամին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ ուժեղ քամի դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ:
40 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»:
41 Եւ նրանք սաստիկ վախեցան եւ միմեանց ասում էին. «Ո՞վ է արդեօք սա, որ թէ՛ ուժեղ քամի, թէ՛ ծովը հնազանդւում են սրան»: