Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մարկոսի Համաձայն
ԳԼ.16
Յիսուսի Յարութիւնը

1 Եւ երբ շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին, Յակոբոսի մայր Մարիամը եւ Սաղոմէն գնացին խնկի պատրաստութիւն տեսան, որպէսզի գան եւ օծեն նրա մարմինը:
Եւ կիրակի օրը, առաւօտեան, արեւածագին եկան գերեզման:
Եւ ասում էին միմեանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ո՞վ պիտի գլորի»:
Եւ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորւած էր. եւ այն շատ մեծ էր:
Եւ ներս, գերեզման մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագած. եւ զարհուրեցին:
Եւ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, դուք Յիսուսին էք փնտռում՝ խաչւած Նազովրեցուն. նա յարութիւն առաւ, այստեղ չէ: Ահա այն տեղը, ուր նրան դրել էին:
Բայց գնացէք ասացէ՛ք նրա աշակերտներին եւ Պետրոսին, թէ՝ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտե՛ղ կը տեսնէք նրան, ինչպէս ձեզ ասել էր»:
8 Եւ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել. եւ ոչ ոքի բան չասացին, որովհետեւ վախենում էին: :

Յիսուսը Երեւաց Մարիամ Մագդաղենացուն

9 Կիրակի առաւօտեան յարութիւն առած լինելով՝ Յիսուս նախ երեւաց Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել:
Եւ սա գնաց ու պատմեց նրանց, որ Յիսուսի հետ էին եւ դեռեւս սգում ու լաց էին լինում:
11 Երբ նրանք լսեցին, թէ նա կենդանի է եւ երեւացել է Մարիամին, չհաւատացին:

Յիսուսը Երեւաց Երկու Աշակերտներին

12 Յետոյ Յիսուս այլ կերպարանքով երեւաց նրանց, որոնք դաշտ էին գնում:
13 Սրանք էլ եկան ու պատմեցին ուրիշների. բայց նրանք էլ չհաւատացին :

Յիսուսը Երեւաց Տասնմէկ Աշակերտներին

14 Յետոյ, մինչ Տասնմէկը սեղան էին նստել, Յիսուս նրանց երեւաց եւ յանդիմանեց նրանց իրենց անհաւատութեան եւ խստասրտութեան համար, որովհետեւ չէին հաւատացել նրանց, որոնց ինքը երեւացել էր՝ մեռելներից յարութիւն առած:
Եւ նրանց ասաց. «Գնացէ՛ք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէ՛ք Աւետարանը բոլոր մարդկանց:
Ով հաւատայ եւ մկրտւի, պիտի փրկւի, եւ ով չհաւատայ, պիտի դատապարտւի:
Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հաւատում են. իմ անունով դեւեր պիտի հանեն, լեզուներ պիտի խօսեն, 18 իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, եւ եթէ մահացու թոյն խմեն, դա նրանց չպիտի վնասի. հիւանդների վրայ ձեռք պիտի դնեն եւ բժշկեն»: :

Յիսուսի Համբարձումը

19 Եւ ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խօսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջ կողմը:
20 Իսկ նրանք ելան ու քարոզեցին Աւետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցութեամբ. եւ իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խօսքը: