Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մարկոսի Համաձայն
ԳԼ.13
Յիսուսը Խօսում է Տաճարի Աւերման Մասին

1 Երբ նա տաճարից դուրս էր գալիս, իր աշակերտներից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տե՛ս ինչպիսի՜ քարեր են սրանք, եւ ինչպիսի՜ շինւածք»:
2 Յիսուս նրան պատասխան տւեց եւ ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինութիւնները. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանց քարը քարի վրայ չպիտի թողնւի, որ չքանդւի»:

Խռովութիւններ եւ Հալածանքներ

3 Եւ մինչ նստած էր նա Ձիթենեաց լերան վրայ, տաճարի դիմաց, Պետրոսն ու Յակոբոսը եւ Յովհաննէսն ու Անդրէասը, առանձին, հարցրին նրան. «Ասա՛ մեզ, ե՞րբ պիտի լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ կատարւելու լինի այդ բոլորը»:
5 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ շատեր պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն՝ ե՛ս եմ Քրիստոսը, եւ շատերին պիտի մոլորեցնեն:
Սակայն երբ լսէք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովւէք, որովհետեւ այդ պէտք է որ լինի, բայց դեռ աշխարհի վախճանը չէ:
Ազգ ազգի դէմ պիտի ելնի եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ տեղ-տեղ երկրաշարժներ պիտի լինեն, սով եւ համաճարակ ու խռովութիւններ. բայց այդ բոլորը սկիզբն է երկանց:
Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, եւ ժողովարանների մէջ պիտի տանջւէք. եւ ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց:
Բայց նախ պէտք է, որ Աւետարանը քարոզւի բոլոր հեթանոսների մէջ:
11 Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ, ինչ որ ձեզ տրւի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դո՛ւք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին:

Մեծ նեղութեն Օրը

12 Եղբայրն իր եղբօրը մահւան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն. եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց:
Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատւէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կը փրկւի»:
«Եւ երբ տեսնէք սարսափելի պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ), այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. 15 եւ ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու:
Բայց վա՜յ յղիներին եւ ծիխտւողներին այն օրերին:
Աղօթեցէ՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա:
Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ չի էլ լինի:
Եւ եթէ Աստւած այդ օրերը իր ընտրեալների համար չկարճացնէ, ոչ մի մարդ չի ազատւի. բայց նա իր ընտրեալների պատճառով, - որոնց ընտրեց, - կարճեց այդ օրերը:
Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ «Ահա՛ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ», չհաւատաք. որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթէ հնար լինի, նոյնիսկ ընտրեալներին:
23 Բայց դուք զգո՛յշ եղէք. ահա առաջուց ձեզ ամէն ինչ ասացի»:

Մարդի Որդու Գալուստը

24 «Բայց այդ օրերին, այդ նեղութիւնից յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ:
Եւ աստղերը երկնքից վայր պիտի թափւեն, եւ երկնքում զօրութիւնները պիտի շարժւեն:
Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ գալը ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: Եւ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հաւաքի իր ընտրեալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչեւ երկնքի ծագերը»:
«Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, եւ նրա վրայ տերեւ դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. նոյնպէս եւ դուք. երբ այս բոլորը կատարւած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է, դռների առջեւ:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարւեն:
31 Երկինք ու երկիր կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»: :

Ոչ Ոք Չգիտէ Օրը Կամ Ժանը

32 «Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը:
Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը. ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կը թողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կը տայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը, եւ դռնապանին կը պատւիրի, որ արթուն լինի:
Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը ե՛րբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ:
Գուցէ յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէջ գտնի:
37 Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթո՛ւն կացէք»: