Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մարկոսի Համաձայն
ԳԼ.12
Չար Այգեպանների Առակը

1 Եւ սկսեց նրանց հետ առակներով խօսել եւ ասել. «Մի մարդ այգի տնկեց եւ նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց եւ աշտարակ շինեց. ու այն յանձնեց մշակներին եւ գնաց ուրիշ երկիր:
Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից:
Եւ մշակները նրան բռնելով՝ ծեծեցին ու դադարկ ուղարկեցին:
Դարձեալ նա մի ուրիշ ծառայ ուղարկեց, եւ նրա էլ գլխին հարւածեցին եւ անարգելով արձակեցին:
Եւ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ՝ սպանեցին. եւ ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում:
Վերջապէս նա մի սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «վերջապէս իմ այս որդուց ամաչեն»:
Իսկ մշակները երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է, եկէք սպանենք սրան, եւ ժառանգութիւնը մերը թող լինի»:
Եւ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս: Արդ, այգու տէրը ի՞նչ կ՚անի. կը գայ եւ կը սպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կը յանձնի:
Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողները անարգեցին, նա՛ եղաւ անկիւնաքար»: Տիրոջ կողմից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է»:
12 Եւ նրանք միջոց էին փնտռում՝ նրան ձերբակալելու, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, թէ նա առակը իրենց մասին ասաց: Եւ թողեցին նրան ու գնացին:

Տուրք Վճարելու Մասին

13 Եւ նրա մօտ ուղարկեցին փարիսեցիներից եւ հերովդէսականներից ոմանց, որպէսզի նրան խօսքով որսան:
Եւ նրանք եկան ու նենգութեամբ հարց էին տալիս եւ ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ դու ճշմարտասէր ես եւ չես քաշւում ոչ ոքից, որովհետեւ մարդկանց աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես սովրեցնում. արդ, ասա՛ մեզ, օրինաւո՞ր է հարկ տալ կայսրին, թէ՞ ոչ. տա՞նք, թէ՞ չտանք»:
Յիսուս իմացաւ նրանց կեղծաւորութիւնը եւ ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր. ինձ մի դահեկա՛ն բերէք, որ տեսնեմ»:
Եւ նրանք բերեցին: Եւ նրանց ասաց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ գիրը»: Եւ նրանք ասացին նրան՝ կայսրինը:
17 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Գնացէ՛ք, տւէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»: Եւ զարմացան նրա վրայ:

Սադուկեցիները Ասում են, որ Յարութիւն Չկայ

>18 Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ՝ յարութիւն չկայ. հարց էին տալիս եւ ասում. «Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը մեռնի եւ կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրը առնի նրա կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»:
Արդ, մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ ու զաւակ չթողեց. եւ երկրորդը նոյն կնոջն առաւ ու մեռաւ. եւ նա էլ զաւակ չթողեց: Նոյն ձեւով նաեւ երրորդը առաւ նոյն կնոջը: Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. ամենքից յետոյ մեռաւ նաեւ կինը:
Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կը լինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»:
Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորւած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծու զօրութիւնը. որովհետեւ, երբ մեռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կ՚առնեն եւ ո՛չ էլ կանայք մարդու կը գնան, այլ կը լինեն հրեշտակների նման, որ երկնքում են:
Իսկ գալով մեռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, մորենու դրւագում, թէ ինչպէս Աստոշւած ասաց նրան. «Ե՛ս եմ, - ասում է, - Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»:
27 Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուրեմ, դուք խիստ մոլորւած էք»:

Որն է Առաջին Պատւիրանները

28 Օրէնսգէտներից մէկը, մօտենալով, լսում էր նրանց, մինչ վիճում էին. երբ նա տեսաւ, թէ Յիսուս նրանց պատասխանը լաւ տւեց, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞ր պատւիրանն է առաջինը»:
Եւ Յիսուս ասաց նրան. «Ամենից առաջինն է՝ «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը միակ Տէրն է. եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ». սա՛ է առաջին պատւիրանը:
Եւ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս». չկայ ուրիշ պատւիրան աւելի մեծ, քան սրանք»:
Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստւած մէկ է, եւ բացի նրանից, ուրիշ Աստւած չկայ. եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս եւ ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները եւ զոհերը»:
34 Եւ Յիսուս տեսնելով, թէ նա իմաստութեամբ պատասխան տւեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայութիւնից»: Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել: :

Մեսիայի Մասին

35 Մինչ Յիսուս սովորեցնում էր տաճարում, հարց տւեց ժողովրդին ու ասաց. «Ինչպէ՞ս են ասում օրէնսգէտները, թէ Քրիստոս Դաւթի Որդի է, մինչ Դաւիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. «Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատւանդան դնեմ»:
37 Արդ, եթէ Դաւիթն ինքն իսկ նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա Որդին կը լինի»:
Եւ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով:

Զգուշացէք Օրէնքի Ուսուցիչներից

38 Եւ սովորեցնելով՝ նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛յշ եղէք այդ օրէնսգէտներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում յարգանքի ողջոյններ որոնել, ժողովարաններում՝ առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ՝ պատւոյ տեղերը:
40 Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղօթքները, որպէսզի աւելի խիստ դատաստան ընդունեն»:

Այրի Կնոջ Լուման

41 Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թէ ինչպէս ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մէջ: Եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին:
Մի այրի կին եկաւ եւ երկու լումայ գցեց, որ մի գրոշ է:
Եւ Յիսուս իր մօտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները,
44 քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա, իր չքաւորութիւնից, գցեց ամէն ինչ, որ ունէր՝ իր ամբողջ ապրուստը»: