Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մարկոսի Համաձայն
ԳԼ.11
Յիսուսի Մուտքը Երուսաղէմում

1 Երբ մօտեցան Երուսաղէմին, Բեթփագէին եւ Բեթանիային, Ձիթենեաց լերան մօտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին եւ նրանց ասաց. «Դուք գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է. եւ հէնց որ այնտեղ մտնէք, կը գտնէք մի կապւած աւանակ, որի վրայ ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք:
Եւ եթէ մէկը ձեզ ասի. «Այդ աւանակը ինչո՞ւ էք արձակում», կ՚ասէք. «Տիրոջը պէտք է». եւ նա իսկոյն դրան այստեղ կ՚ուղարկի»:
Գնացին եւ գտան աւանակը՝ կապւած դռան մօտ, դրսում, փողոցի մէջ, եւ այն արձակեցին:
Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք այդ աւանակն արձակում»:
Եւ նրանք նրանց ասացին, ինչպէս Յիսուս ասել էր. ու նրանց թոյլ տւին:
Աւանակը բերեցին Յիսուսի մօտ. եւ դրա վրայ զգեստներ գցեցին, եւ Յիսուս նստեց դրա վրայ:
Եւ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. եւ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրայ:
Եւ նրանք, որ առաջից ու յետեւից էին գնում, աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜ Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութի՜ւն՝ երկնքում եւ փա՜ռք՝ բարձունքներում»:
11 Եւ Յիսուս մտաւ Երուսաղէմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը, ամէն ինչի վրայ. եւ որովհետեւ երեկոյի ժամ էր, բարձրացաւ Բեթանիա՝ Տասներկուսի հետ միասին:

Անիծում է Անպտուղ Թզենի Ծառին

12 Յաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Յիսուս քաղցած էր:
Եւ հեռւից մի տերեւալից թզենի տեսնելով՝ եկաւ, որ արդեօք նրա վրայ մի բան գտնի. եւ երբ նրան մօտեցաւ, ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ, որովհետեւ թզի ժամանակը չէր:
14 Յիսուս խօսքը թզենուն ուղղեց եւ ասաց. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի յաւիտեան»: Եւ նրա աշակերտները լսում էին:

Յիսուսը Տաճարը Մաքրում է Առեւտուրանողներից

15 Եկան Երուսաղէմ. եւ Յիսուս տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել տաճարում գտնւող վաճառողներին ու գնորդներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու աղաւնեվաճառների աթոռները շուռ տուեց. եւ չէր թողնում, որ որեւէ մէկը տաճարի միջով նոյնիսկ որեւէ բան անցկացնի:
Եւ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրւած է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչւելու, իսկ դուք այն դարձրել էք աւազակների որջեր»:
Քահանայապետներն ու օրէնսգէտները լսեցին այս եւ մի միջոց էին փնտռում, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետեւ ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրայ:
19 Երբ երեկոյ եղաւ, քաղաքից դուրս ելան:

Չորացած Թզենի Դասը

20 Յաջորդ օրը, առաւօտեան, մինչ նոյն ճանապարհից էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան:
Պետրոսը յիշեց եւ ասաց նրան. «Ռաբբի՛, ահա թզենին, որին անիծեցիր, չորացել է»:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ Աստծու հանդէպ հաւատ ունենաք, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ եւ ծո՛վն ընկիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կը լինի, նա ինչ էլ ասի, կը կատարւի:
Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրւի ձեզ:
Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»:
26 Բայց եթէ դուք չ’ներէք , ձեր հայրն էլ որ երկնքում է, ձեր յանցանքները չի ների:

Յիսուսի Հեղինակութեան Հարցը

27 Դարձեալ Երուսաղէմ եկան. եւ մինչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մօտ եկան քահանայապետները, օրէնսգէտները եւ ծերերը ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տւեց քեզ այդ իշխանութիւնը»:
Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ, պատասխանեցէ՛ք ինձ, եւ ես ձեզ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում:
Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից. պատասխանեցէ՛ք ինձ»:
Նրանք իրար միջեւ խորհում էին ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ նրան չհաւատացիք. իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում». որովհետեւ բոլորը գիտէին, թէ Յովհաննէսը մարգարէ էր:
32 Պատասխան տւեցին եւ Յիսուսին ասացին՝ չգիտենք. եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»: