Յիսուս Քրիստոսի Աւետարանը Ղուկասի Համաձայն
ԳԼ. 24
Յիսուսի Յարութիւնը

1 Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ ուրիշ կանայք:
2 Եւ քարը գերեզմանից գլորած գտան 3 ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան:
4 Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ:
5 Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում:
6 Այստեղ չէ, այլ՝ յարեաւ: Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. 7 ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնւի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»:
8 Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը:
9 Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը Տասնմէկին եւ բոլոր միւսներին:
10 Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին:
11 Բայց նրանց խօսքերը տեսիլք թւացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց:
12 Սակայն Պետրոսը վեր կացաւ եւ վազեց դէպի գերեզման, նայեց ու տեսաւ, որ կտաւները միայն կային: Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել:

Էմմաւսի Ճանապարի վրայ

13 Եւ ահա նոյն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գիւղ, որի անունը Էմմաւուս էր, եւ որը Երուսաղէմից հեռու էր մօտ տասնմէկ կիլոմետր:
14 Եւ նրանք միմեանց հետ խօսում էին կատարւած բոլոր անցուդարձերի մասին:
15 Եւ մինչ նրանք խօսում էին ու վիճում, ինքը՝ Յիսուս մօտեցաւ ու գնում էր նրանց հետ:
16 Բայց նրանց աչքերը բռնւած էին, որպէսզի նրան չճանաչեն:
17 Եւ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում էք միմեանց հետ եւ տրտմած էք»:
18 Նրանցից մէկը, որի անունը Կղէոպաս էր, ասաց նրան. «Երուսաղէմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թէ ինչեր կատարւեցին այնտեղ այս օրերին»:
19 Եւ նրանց ասաց՝ ի՞նչ: Եւ նրանք ասացին Յիսուս Նազովրեցու մասին, որ եղաւ մարգարէ մարդ, հզօր՝ գործերով եւ խօսքերով, Աստծու եւ ամբողջ ժողովրդի առաջ,
20 եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահւան դատաստանի ու խաչը հանեցին նրան:
21 Մենք ակնկալում էինք, թէ նա է, որ փրկելու է Իսրայէլը. սակայն, այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարւեցին:
22 Այլ նաեւ մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առաւօտեան գերեզման էին գնացել 23 եւ նրա մարմինը չէին գտել. նրանք եկան եւ ասացին, թէ նաեւ մի տեսիլ էլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թէ կենդանի է:
24 Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպէս, ինչպէս կանայք ասել էին: Բայց նրան չտեսան:
25 Եւ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժւարանում էք հաւատալ այն ամենին, որ ասացին մարգարէները:
26 Չէ՞ որ Քրիստոս պէտք է նոյն այդ չարչարանքները կրէր եւ այնպէս մտնէր իր փառքի մէջ»:
27 Եւ սկսած Մովսէսից ու բոլոր մարգարէներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրւած է իր մասին բոլոր Գրքերում:
28 Երբ մօտեցան այն գիւղին, ուր գնում էին, Յիսուս պատճառ բռնեց, թէ ինքը գնալու է աւելի հեռու տեղ:
29 Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մօտ գիշերիր, որովհետեւ երեկոյ է, եւ օրը տարաժամել է»: Եւ նա ներս մտաւ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու:
30 Եւ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն եւ տւեց նրանց:
31 Եւ նրանց աչքերը բացւեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներեւոյթ եղաւ:
32 Եւ նրանք ասացին միմեանց. «Մեր սրտերն էլ միթէ չէի՞ն ճմլւում մեր մէջ, մինչ նա ճանապարհին խօսում էր մեզ հետ. եւ ինչպէ՜ս էր մեզ բացատրում Գրքերը»:
33 Ապա անմիջապէս վեր կացան ու Երուսաղէմ վերադարձան եւ հաւաքւած գտան Տասնմէկին եւ նրանց հետ եղածներին, 34 որոնք ասում էին, թէ՝ «Իսկապէս յարեաւ Տէրը եւ երեւաց Սիմոնին»:
35 Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, եւ թէ ինչպէ՛ս Յիսուս իրեն ճանաչել էր տւել նրանց՝ հաց կտրելու ժամանակ:

Յիսուսը Յարութիւնից յետոյ Երեւում է Աշակերտներին

36 Մինչ դեռեւս նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք»:
37 Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թէ մի ոգի են տեսնում:
38 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք շփոթւած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում. 39 տեսէ՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքն ես եմ. շօշափեցէ՛ք ինձ եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի. ինչպէս տեսնում էք
,40 ես ունեմ»:
41 Եւ այս ասելով՝ ցոյց տւեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը:
42 Եւ մինչ դեռեւս ուրախութիւնից չէին հաւատում եւ զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք»:
43 Եւ նրանք տւին նրան խորոված ձկան մի կտոր եւ մեղրախորիսխ:
44 Եւ նա առաւ կերաւ նրանց առաջ, իսկ մնացածները տւեց նրանց ու ասաց.
45 «Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարւեն այն ամէնը, որ գրւած են իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ եւ սաղմոսներում»:
46 Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը:
47 Եւ ասաց նրանց. «Այսպէս պէտք է չարչարւէր Քրիստոս, յարութիւն առնէր մեռելներից երրորդ օրը, 48 եւ քարոզւէր նրա անունով ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն բոլոր ազգերի մէջ՝ Երուսաղէմից սկսած:
49 Եւ այս բաների վկաներ էք դուք:
50 Եւ ահա ես ուղարկում եմ Ձեզ իմ Հօր խոստումը, իսկ դուք նստեցէ՛ք Երուսաղէմ քաղաքում, մինչեւ որ երկնքից զօրութեամբ զգեստաւորուէք»:

Յիսուսի Համբարձումը

51 Ապա նրանց տարաւ հանեց մինչեւ Բեթանիա եւ, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց:
52 Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանուեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում:
53 Իսկ նրանք երկրպագեցին Յիսուսին եւ մեծ ուրախութեամբ վերադաձան Երուսաղէմ:
54 Եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն: