Յիսուս Քրիստոսի Աւետարանը Ղուկասի Համաձայն
ԳԼ. 23
Յիսուսը Պիղատոսի Առջեւ

1 Եւ նրանց ամբողջ բազմութիւնը, վեր կենալով, նրան տարաւ Պիղատոսի մօտ:
2 Եւ սկսեցին ամբաստանել նրան եւ ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ եւ ինքն իր մասին ասում էր, թէ՝ Քրիստոսն է, թագաւոր»:
3 Իսկ Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Հրեաների թագաւորը դո՞ւ ես»: Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Դու ասացիր»:
4 Պիղատոսը քահանայապետներին եւ ժողովրդին ասաց. «Այս մարդու մէջ ես որեւէ յանցանք չեմ գտնում»:
5 Իսկ նրանք պնդում էին եւ ասում, թէ ըմբոստութեան է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրէաստանում՝ Գալիլիայից սկսած մինչեւ այստեղ:

Յիսուսը Հերովդէսի Առջեւ

6 Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլիայի մասին, հարցրեց, թէ այդ մարդը գալիլիացի՞ է:
7 Եւ երբ իմացաւ, թէ Հերովդէսի իշխանութիւնից է, յանձնեց, որ նրան տանեն Հերովդէսի մօտ, որովհետեւ այդ օրերին նա էլ Երուսաղէմում էր:
8 Եւ երբ Հերովդէսը տեսաւ Յիսուսին, շատ ուրախացաւ, որովհետեւ երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել, քանի որ յաճախ լսում էր նրա մասին եւ ակնկալութիւն ունէր նրա ձեռքով կատարւած որեւէ նշան տեսնել:
9 Հերովդէսը նրան հարցաքննեց շատ խօսքերով, իսկ Յիսուս նրան ոչ մի պատասխան չտւեց:
10 Քահանայապետներն ու օրէնսգէտները վեր էին կենում եւ նրան բուռն կերպով ամբաստանում:
11 Հերոդէսն էլ, իր զօրականներով հանդերձ, արհամարհեց նրան եւ ծիծաղելով նրա վրայ՝ սպիտակ զգեստներ հագցնել տւեց նրան ու վերստին յանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մօտ:
12 Եւ Պիղատոսն ու Հերովդէսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետեւ առաջ իրար թշնամիներ էին:

Յիսուսը Մահւան է Դատապարտւում

13 Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանաւորներին եւ ժողովրդին ու ասաց.
14 «Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպէս ժողովրդին մոլորեցնողի. եւ ահա ձեր առաջ դատաքննութիւն արեցի եւ այս մարդու մէջ չգտայ մէկն այն յանցանքներից, որոնցով դուք ամբաստանում էք նրան:
15 Եւ ոչ էլ՝ Հերովդէսը, որի մօտ հրամայեցի, որ Յիսուսին տանեն:
16 Արդ, նա մահւան արժանի ոչինչ չի արել, նրան զարկել կը տամ եւ կ՚արձակեմ» 17 (որովհետեւ հարկաւոր էր իւրաքանչիւր տօնի առթիւ մի բանտարկեալ արձակել նրանց համար):
18 Եւ նրանք ամբողջ բազմութեամբ աղաղակում էին եւ ասում. «Նրան վերացրո՛ւ եւ արձակի՛ր մեզ համար Բարաբբային» 19 (որը քաղաքում պատահած մի խռովութեան եւ սպանութեան համար բանտարկւել էր):
20 Պիղատոսը նորից սկսեց խօսել, որովհետեւ կամենում էր Յիսուսին արձակել:
21 Եւ նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»:
22 Եւ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել սա. նրա վրայ մահւան արժանի որեւէ յանցանք չգտայ. սրան ծեծել կը տամ եւ կ՚արձակեմ»:
23 Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին եւ ուզում, որ նրան խաչը հանի: Եւ նրանց ու քահանայապետների ձայները աւելի ուժեղանում էին:
24 Եւ Պիղատոսը հաւանութիւն տւեց, որ նրանց պահանջը կատարւի:
25 Նա արձակեց Բարաբբային, որը խռովութեան եւ սպանութեան համար բանտ էր նետւած, եւ որին էլ հէնց ուզում էին. իսկ Յիսուսին յանձնեց նրանց կամքին:

Դէպի Գողգոթա

26 Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կիւրենացի անունով մէկին, որը հանդից էր գալիս. նրա վրայ դրեցին խաչը, որ այն բերի Յիսուսի յետեւից:
27 Եւ նրա յետեւից գնում էր ժողովրդի մի մեծ բազմութիւն եւ կանայք, որոնք լացում էին ու ողբում նրան:
28 Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Երուսաղէմի՛ դուստրեր, ինձ վրայ լաց մի՛ եղէք, այլ լա՛ց եղէք ձեր եւ ձեր որդիների վրայ,
29 որովհետեւ օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ «Երանի՜ չբեր կանանց եւ նրանց, որոնք բնաւ չծնեցին եւ չդիեցրին»:
30 Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թէ՝ ընկէ՛ք մեր վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ, 31 որովհետեւ, երբ դալա՛ր փայտին այսպէս անեն, չորի՛ն ինչ կը պատահի»:

Յիսուսի Խաչելութիւնը

32 Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար:
33 Երբ հասան Գագաթ կոչւած տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. եւ չարագործներին էլ՝ մէկին աջ կողմը, միւսին ձախ կողմը՝ խաչեցին:
34 Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»: Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին:
35 Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանաւորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան եւ ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթէ դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրեալ Որդին»:
36 Զինւորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան եւ ասում. 37 «Եթէ դու ես հրեաների թագաւորը, փրկի՛ր ինքդ քեզ»:
38 Եւ նրա խաչի վրայ մի գրութիւն կար՝ գրւած յունարէն, լատիներէն եւ եբրայերէն գրերով, թէ՝ սա՛ է հրեաների արքան:
39 Իսկ կախւած չարագործներից մէկը հայհոյում էր նրան եւ ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»:
40 Նրա ընկերը նրան սաստելով՝ պատասխան տւեց եւ ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նոյն պատիժն ես կրում:
41 Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»:
42 Եւ ասաց Յիսուսին. «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո թագաւորութեամբ»:
43 Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»: 44 Եւ համարեա կէսօր էր. եւ խաւար եղաւ ամբողջ երկրի վրայ մինչեւ ժամը երեքը. արեգակը խաւարեց:
45 Եւ տաճարի վարագոյրը մէջտեղից պատռւեց:
46 Եւ Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»: Երբ այս ասաց, հոգին աւանդեց:
47 Եւ հարիւրապետը, տեսնելով ինչ որ պատահեց, փառաւորեց Աստծուն եւ ասաց. «Իսկապէս այս մարդը արդար էր»:
48 Եւ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարւածը, ծեծում էր կուրծքը եւ վերադառնում:
49 Նրա բոլոր ծանօթներն էլ կանգնել էին հեռւում. եւ կանայք, որոնք Գալիլիայից նրա յետեւից էին եկել, տեսնում էին այս բաները:

Յիսուսի Թաղումը

50 Եւ ահա Յովսէփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթէ քաղաքից: Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ եւ արդար մի մարդ 51 (սա չէր միաբանել նրանց մտադրութիւններին ու գործերին): Եւ ինքն էլ էր սպասում Աստծու թագաւորութեանը:
52 Սա Պիղատոսի մօտ գալով՝ ուզեց Յիսուսի մարմինը:
53 Եւ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մէջ, որտեղ բնաւ ոչ ոք չէր դրւած:
54 Եւ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը:
55 Եւ Յովսէփի յետեւից գնում էին կանայք, որոնք Գալիլիայից էին եկել Յիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, եւ թէ ինչպէս նրա մարմինը այնտեղ դրւեց:
56 Վերադարձան, խնկեր եւ իւղեր պատրաստեցին ու շաբաթ օրը, օրէնքի համաձայն, հանգիստ արեցին: