Յիսուս Քրիստոսի Աւետարանը Ղուկասի Համաձայն
ԳԼ. 21
Այիր Կնոջ Լուման

1 Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում:
2 Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ:
3 Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը:
4 Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»:

Տաճարի Աւերման ու Նեղութեան եւ Հալածանքների Մասին

5 Եւ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թէ գեղեցիկ քարերով եւ նւէրներով է զարդարւած, նա ասաց.
6 «Այդ բոլորը, որ տեսնում էք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնւի քար քարի վրայ, որ չքանդւի»:
7 Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կը լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ այդ պատահելու լինի»:
8 Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբւէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն թէ՝ ես եմ Քրիստոսը, եւ թէ՝ ժամանակը մօտեցաւ. նրանց յետեւից չգնաք:
9 Եւ երբ լսէք պատերազմների եւ խռովութիւնների մասին, չզարհուրէք. որովհետեւ պէտք է, որ նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»:
10 Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. 11 եւ մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու վարաքիչ հիւանդութիւներ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից:
12 Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անւան համար:
13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան:
14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգւէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները:
16 Դուք պիտի մատնւէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն:
17 Եւ պիտի ատւէք բոլորից իմ անւան համար:
18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի:
19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»:

Երուսաղեմի Աւերումի Մասին

20 «Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատւած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է:
21 Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն, 22 որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարւեն բոլոր գրւածները:
23 Բայց այն օրերին վա՜յ է յղիներին եւ ծիծ տւողներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ:
24 Նրանք սրի պիտի քաշւեն, գերի պիտի տարւեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները»:

Մարդու Որդու Գալուստը

25 «Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ: Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով,
26 աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժւեն:
27 Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով:
28 Եւ երբ սկսւի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»:
29 Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի. 30 երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը:
31 Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարւած, իմացէ՛ք, որ Աստծու արքայութիւնը մօտ է:
32 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարւի:
33 Երկինքը եւ երկիրը կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»:

Զգուշ եւ Արթուն Եղէք

34 «Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը.
35 որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին:
36 Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»:
37 Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարի մէջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լերան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց: 38 Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ՝ տաճարում նրան լսելու համար: