Յիսուս Քրիստոսի Աւետարանը Ղուկասի Համաձայն
ԳԼ. 19
Յիսուսը եւ Զաքէոսը

1 Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր:
2 Եւ ահա մի մարդ, Զաքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3 ուզում էր տեսնել, թէ ո՛վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր:
4 Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու:
5 Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զաքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»:
6 Զաքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ:
7 Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին եւ ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու:
8 Իսկ Զաքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, եւ եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»:
9 Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է, 10 որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածին»:

Ինչպէս Դրամ Շահէլ

11 Եւ մինչ նրանք լսում էին այս, Յիսուս մի առակ էլ աւելացրեց նրա համար, որ ինքը մօտենում էր Երուսաղէմին, եւ նրանք կարծում էին, թէ Աստծու արքայութիւնը շուտով յայտնւելու է:
12 Նա ասաց. «Մի ազնւական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար: 13 Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տւեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»:
14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»:
15 Եւ ազնւականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տւել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել:
16 Եկաւ առաջինը եւ ասաց. «Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց»:
17 Եւ տէրը նրան ասաց. «Ազնիւ եւ բարի ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ»:
18 Եկաւ երկրորդը եւ ասաց. «Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց»:
19 Տէրը նրան ասաց. «Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ»:
20 Միւսն էլ եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. 21 վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել»:
22 Եւ տէրը նրան ասաց. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ՝ ուր չեմ սերմանել:
23 ապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտւիր, որպէսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջէի այն»:
24 Եւ սպասաւորներին ասաց. «Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տւէք նրան, ով տասը մնաս ունի»: 25 Եւ ծառաները ասացին նրան. «Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛»:
26 - Ասում եմ ձեզ, թէ՝ «Ով որ ունի, նրան պիտի տրւի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցւի եւ այն, ինչ որ ունի:
27 Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ»: 28 Եւ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղէմ ելնելու համար:

Յիսուսը Գնում է Երուսաղեմ

29 Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին եւ Բեթանիային, այն լերան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին 30 եւ ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնէք, կը գտնէք կապւած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք:
31 Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. «Իր տիրոջը պէտք է»:
32 Երբ գնացին նրանք, որ ուղարկւել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար:
33 Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերը ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»:
34 Եւ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պէտք է»:
35 Եւ այն բերին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ եւ Յիսուսին նստեցրին:
36 Եւ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրայ:
37 Եւ երբ նա մօտեցաւ Ձիթենեաց լերան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմութիւնը ուրախութեամբ եւ բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն՝ կատարւած բոլոր զօրութիւնների համար, որ տեսան:
38 Եւ ասում էին. «Օրհնեա՜լ է այդ թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»:
39 Իսկ փարիսեցիներից ոմանք ժողովուրդի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»:
40 Նա պատասխանեց եւ ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կ՚աղաղակեն»:

Յիսուսը Լաց Է լինում Երուսաղէմի Համար

41 Եւ երբ մօտեցաւ, տեսնելով քաղաքը՝ լաց եղաւ նրա վրայ եւ ասաց.
42 «Գոնէ այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկւեց քո տեսողութիւնից.
43 որովհետեւ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնէշ պիտի կանգնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից
44 ու հիմնայատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մէջ քո որդիներին. եւ քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր»:

Յիսուսը Տաճարը Մաքրում Է

45 Եւ տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղաւնեվաճառներին ու գնողներին եւ լումայափոխների սեղանները ցրեց 46 ու ասաց նրանց. «Գրւած է՝ «Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի», իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այդ»:
47 Եւ նա ամէն օր նրանց սովորեցնում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրէնսգէտները եւ ժողովրդի գլխաւորները հնար էին փնտռում նրան կորստեան մատնելու,
48 բայց չէին գտնում, թէ ինչ անեն, որովհետեւ ամբողջ ժողովուրդը, նրանով տարւած, լսում էր նրան: