Յիսուս Քրիստոսի Աւետարանը Ղուկասի Համաձայն
ԳԼ. 12
Չար Մշակների Առակը

1 Մինչ Յիսուսի շուրջը բիւրաւոր ժողովուրդ հաւաքւեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛յշ պահեցէք փարիսեցիների խմորից, որ կեղծաւորութիւնն է, 2 որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնւի, եւ գաղտնի բան, որ չիմացւի, 3 քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզւի տանիքների վրայ:
4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք: Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից:
6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացւած չէ:
7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի լաւ էք, քան ճնճղուկները»:

Դաւանել եւ Ուրանալ

8 «Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ:
9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացւի:
10 Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներւի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներւի:
11 Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների եւ իշխանաւորների առաջ, մի՛ մտահոգւէք, թէ ինչպէս կամ ինչ պատասխան պիտի տաք եւ կամ ինչ պիտի ասէք, 12 որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամին կը սովորեցնի ձեզ, թէ ինչ պէտք է խօսել»:

Անմիտ Հարուստի Առակը

13 Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»:
14 Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեր վրայ»: 15 Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»:
16 Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տւեցին. 17 եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ:
18 Գիտեմ, - ասաց նա, - թէ ինչ պէտք է անեմ. կը քանդեմ իմ շտեմարանները եւ աւելի մեծերը կը շինեմ ու այնտեղ կը հաւաքեմ ցորենը եւ իմ ամբողջ բարիքները. 19 ու ինքս ինձ կ՚ասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարւած շատ բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր»:
20 Աստւած նրան ասաց. «Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»:
21 Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կը հաւաքի եւ Աստուծով չի հարստանայ»:

Աստուծուն Վստահէք

22 Եւ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու, 23 որովհետեւ հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը:
24 Նայեցէ՛ք հողատէրերին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները:
25 Ձեզնից ո՞վ, հոգս անելով, կը կարողանայ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել:
26 Արդ, եթէ փոքր բանի մէջ անկարող էք, այլ բաների համար ինչո՞ւ էք հոգս անում:
27 Նայեցէ՛ք շուշանին՝ ինչպէս է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հիւսում: Ասում եմ ձեզ՝ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ նրանցից մէկի նման չհագնւեց:
28 Իսկ եթէ խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետւելու, Աստւած այդպէ՛ս է հագցնում, որչա՜փ եւս առաւել ձեզ պիտի հագցնի, թերահաւատնե՛ր:
29 Եւ դուք մի՛ մտահոգւէք, թէ ի՛նչ էք ուտելու կամ ի՛նչ էք խմելու, եւ մի՛ մտատանջւէք, 30 որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտռում են: Իսկ ձեր Հայրը գիտէ, որ այդ ամէնը պէտք է ձեզ:
31 Այլ դուք հետամո՛ւտ եղէք Աստծու արքայութեանը, եւ այդ ամէնը աւելիով կը տրւի ձեզ»:

Երկնային Գանձերը

32 «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը:
33 Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տւէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34 որովհետեւ, ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»:

Արթուն Ծառան

35 «Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդւած լինեն, եւ ճրագներդ՝ վառւած: 36 Եւ դուք նմանւեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ ե՛րբ կը վերադառնայ հարսանիքից, որպէսզի, երբ գայ եւ թակէ դուռը, իսկոյն բաց անեն:
37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կը գտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կը կապի մէջքին, սեղան կը նստեցնի նրանց եւ կ՚անցնի նրանց սպասարկելու:
38 Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ ու գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները:
39 Բայց այն էլ իմացէ՛ք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն:
40 Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կը գայ մարդու Որդին»:

Հաւատարիմ կամ Անհաւատարիմ Ծառան

41 Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»:
42 Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակի՛ն կերակուր տալու համար:
43 Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի:
44 Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի:
45 Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ «Իմ տէրը ուշանում է գալ», եւ սկսի ծեծել ծառաներին եւ աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46 այդ ծառայի տէրը կը գայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կ՚անի եւ նրա բաժինը անհաւատների հետ կը դնի:
47 Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կ՚ուտի:
48 Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կ՚ուտի. նրան, ում շատ է տրւած, նրանից շատ էլ կ՚ուզւի, եւ ում շատ է վստահւած, նրանից աւելին կը պահանջեն»:

Յիսուսի Բաժանումի Պաճառը

49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքւած լինի: 50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտւելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարւի:
51 Կարծում էք, թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանւած պիտի լինեն. երեքը՝ երկուսի դէմ, եւ երկուսը՝ երեքի:
53 Հայրը պիտի բաժանւի որդու դէմ, եւ որդին՝ Հօր, մայրը՝ աղջկայ դէմ, եւ աղջիկը՝ մօր, կեսուրը՝ հարսի դէմ, եւ հարսը՝ իր կեսրոջ»:
54 Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կ՚ասէք, թէ՝ անձրեւ կը գայ: Այդպէս էլ լինում է: 55 Եւ երբ հարաւի քամին փչի, կ՚ասէք, թէ՝ շոք կը լինի: Եւ այդպէս էլ լինում է:
56 Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում:

Հակարակորդի հետ Համաձայնւէք

57 Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում:
58 Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատւես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ՝ բանտի մէջ գցէ:
59 Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին լուման»: