Յիսուս Քրիստոսի Աւետարանը Յովհաննէսի Համաձայն
ԳԼ.7
Յիսուսի Եղբայրները Չեն Հաւատում

1 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր Գալիլիայում, քանի որ չէր կամենում Հրէաստանում շրջել, որովհետեւ հրեայ առաջնորդները ուզում էին սպանել նրան:
2 Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր:
3 Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես.
4 որովհետեւ չկայ մէկը, որ թաքուն գործի եւ դեռ ուզենայ իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր քեզ աշխարհին».
5 քանի որ եղբայրներն իսկ դեռեւս չէին հաւատացել նրան:
6 Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է:
7 Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են:
8 Դուք գնացէ՛ք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետեւ իմ ժամանակը դեռ չի լրացել»:
9 Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ, Գալիլիայում:
10 Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տօնին, բայց ոչ յայտնապէս, այլ՝ թաքուն:

Յիսուսը Տօների Ժամանակ

11 Իսկ հրեաները նրան փնտռում էին այդ տօնի ժամանակ եւ ասում էին՝ ո՞ւր է նա:
12 Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթմնջիւն կար. ոմանք ասում էին՝ լաւն է, ուրիշներ ասում էին՝ չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է:
13 Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում:
14 Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր:
15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ Գրւածքները, քանի որ բնաւ չի սովորել»:
16 Յիսուս նրանց պատասխան տւեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց:
17 Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կ՚իմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում:
18 Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտռում, իսկ ով փնտռում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ:
19 Օրէնքը ձեզ Մովսէսը չտւե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրէնքը չի կատարում:
20 Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»: Ժողովուրդը պատասխան տւեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ, ո՞վ է ուզում քեզ սպանել»:
21 Յիսուս պատասխան տուեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք:
22 Մովսէսը դրա համար ձեզ տւեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից):
23 Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում: Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի Օրէնքը չխախտւի, իմ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի:
24 Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք, այլ ուղի՛ղ դատաստան արէք»:

Ինքն է Մեսիան

25 Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել:
26 Իսկ ահա բացայայտօրէն խօսում է, եւ դրան բան չեն ասում. գուցէ արդարեւ իշխանաւորներն էլ ճանաչեցին, թէ սա՛ է Քրիստոսը:
27 Բայց մենք սրան գիտենք, թէ որտեղից է. իսկ Քրիստոս երբ որ գայ, ոչ ոք չի գիտենայ, թէ որտեղից է»:
28 Յիսուս աղաղակեց տաճարի մէջ, ուսուցանում էր եւ ասում. «Ե՛ւ ինձ գիտէք, ե՛ւ գիտէք որտեղից եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չգիտէք:
29 Ես գիտեմ նրան, որովհետեւ նրանից իսկ եմ, եւ նա՛ ուղարկեց ինձ»:
30 Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, որովհետեւ նրա ժամանակը դեռ չէր հասել:
31 Սակայն բազմութեան միջից շատերը հաւատացին նրան եւ ասում էին. «Երբ Քրիստոսը գայ, միթէ աւելի՞ նշաններ պիտի անի, քան սա է անում»:
32 Եւ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մէջ եղած քրթմնջիւնները լսեցին. եւ քահանայապետներն ու փարիսեցիները սպասաւորներ ուղարկեցին, որպէսզի բռնեն նրան:
33 Յիսուս ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ եւ ապա գնում եմ նրա մօտ, ով ինձ ուղարկեց:
34 Ինձ կը փնտռէք եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»:
35 Հրեայ առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնայ, որ մենք դրան չգտնենք. միթէ հեթանոսների մէջ ցրւած հրեաների՞ մօտ պիտի գնայ եւ հեթանոսների՞ն պիտի ուսուցանի:
36 Ի՞նչ է այն խօսքը, որ նա ասաց՝ կը փնտռէք ինձ եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»:

Կենդանի Ջրերի Գետերը

37 Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի:
38 Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»:
39 Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորւած չէր:
40 Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն.
41 ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու.
42 չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր:
43 Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ:
44 Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց:
45 Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»:
46 Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»:
47 Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորւել:
48 Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան,
49 բացի այն անկարք ժողովուրդից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»:
50 Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց.
51 «Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»:
52 Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»: