Յիսուս Քրիստոսի Աւետարանը Յովհաննէսի Համաձայն
ԳԼ.5
Բեթհեզդայի Բժշկութիւնը

1 Դրանից յետոյ հրեաների տօնն էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ:
2 Եւ Երուսաղէմում, Ոչխարների աւազանի մօտ մի տեղ կար, որ եբրայերէն անւանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահներով,
3 որոնց մէջ պառկած էր մի մեծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնւելուն:
4 Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանը եւ ջրերը խառնում. եւ ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով:
5 Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր:
6 Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, եւ իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»:
7 Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ, երբ ջրերը խառնւեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. եւ մինչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»:
8 Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»:
9 Եւ մարդը առողջացաւ, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ ման էր գալիս. եւ այն օրը շաբաթ էր:
10 Հրեաները բժշկւած մարդուն ասացին. «Շաբաթ օր է եւ օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»:
11 Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա՛ ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»:
12 Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ շրջի՛ր»:
13 Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ո՛վ է նա, որովհետեւ Յիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր:
14 Այնուհետեւ Յիսուս նրան գտաւ տաճարում ու ասաց նրան. «Ահա առողջացար, այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»:
15 Մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թէ՝ Յիսուս էր, որ ինձ բժշկեց:
16 Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները:
17 Սակայն Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ»:
18 Դրա համար հրեաները առաւել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր Հայրը եւ իր անձը Աստծուն հաւասար էր դասում:

Որդու Իշխանութիւնը

19 Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թէ Հայրը կատարում է, որովհետեւ ինչ որ Հայրն է անում, նոյնը նրա նման եւ Որդին է գործում,
20 քանի որ Հայրը սիրում է Որդուն, եւ այն ամէնը, ինչ ինքն է անում, ցոյց է տալիս նրան. եւ նրան ցոյց կը տայ սրանից շատ աւելի մեծ գործեր, որոնց վրայ դուք կը զարմանաք.
21 որովհետեւ, ինչպէս որ Հայրը յարութիւն է տալիս մեռելներին եւ կենդանացնում է, նոյնպէս եւ Որդին կենդանացնում է՝ ում կամենայ:
22 Սակայն Հայրը ոչ մէկին չի դատում, այլ ամէն դատաստան տւել է իր Որդուն,
23 որպէսզի ամէնքը պատւեն Որդուն, ինչպէս պատւում են Հօրը: Ով Որդուն չի պատւում, չի պատւում եւ Հօրը՝ նրան առաքողին:
24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով իմ խօսքը լսում է ու հաւատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է յաւիտենական կեանքը եւ չի դատապարտւում, այլ մահւանից կեանք անցաւ:
25 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կը գայ ժամանակ, եւ արդէն իսկ եկել է, երբ մեռելները կը լսեն Աստծու Որդու ձայնը, եւ նրանք, որ կը լսեն, կ՚ապրեն,
26 որովհետեւ, ինչպէս Հայրն ինքն իր մէջ կեանք ունի եւ կեանք է տալիս, նոյնպէս եւ Որդուն տուեց ինքն իր մէջ կեանք ունենալ եւ տալ:
27 Եւ նրան իշխանութիւն տւեց դատաստան անելու, քանի որ մարդու Որդի է.
28 դրա վրայ ինչո՞ւ էք զարմանում, որովհետեւ կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը
29 եւ դուրս կը գան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար:
30 Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ, ինչպէս լսում եմ Հօրից՝ դատում եմ, եւ իմ դատաստանը արդար է, որովհետեւ ոչ թէ իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց»:

Վկայութիւն Որդու Մասին

31 «Եթէ ես եմ վկայում իմ մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ չէ:
32 Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. եւ դուք գիտէք, որ ճշմարիտ է այն վկայութիւնը, որ նա վկայեց իմ մասին:
33 Յովհաննէսի մօտ դուք մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտութիւնը:
34 Բայց ես մարդկանցից չէ, որ վկայութիւն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկւէք:
35 Յովհաննէսն էր ճրագը, որ վառւած էր եւ լոյս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լոյսով:
36 Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունեմ, քան Յովհաննէսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տւեց, որ կատարեմ, այդ նոյն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թէ Հայրն է ուղարկել ինձ:
37 Եւ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն էք երբեւէ լսել եւ ո՛չ էլ նրա երեսն էք տեսել:
38 Եւ ո՛չ էլ նրա խօսքն ունէք ձեր մէջ բնակւած, որովհետեւ, ում նա ուղարկեց, դուք նրան չէք հաւատում:
39 Քննեցէ՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թէ նրանցով յաւիտենական կեանք կ՚ունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետեւ դուք կարծում էք, թէ յաւիտենական կեանք ունէք:
40 Եւ դուք չէք կամենում դէպի ինձ գալ, որպէսզի կեանք ունենաք:
41 Ես մարդկանցից փառք չեմ առնում:
42 Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու հանդէպ սէր չունէք ձեր մէջ:
43 Ես եկայ իմ Հօր անունով, եւ ինձ չէք ընդունում: Եթէ ուրիշ մէկը գայ իր անունով, նրան կ՚ընդունէք:
44 Դուք ինչպէ՞ս կարող էք հաւատալ, քանի որ իրարից էք փառք առնում եւ չէք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս:
45 Մի՛ կարծէք, որ ես Հօր մօտ ձեզ պիտի ամբաստանեմ. կայ մէկը, որ որպէս ամբաստանող կը կանգնի ձեր դէմ՝ Մովսէ՛սը, որի վրայ դուք յոյս էք դրել.
46 որովհետեւ, եթէ դուք հաւատայիք Մովսէսին, կը հաւատայիք այդ դէպքում ուրեմն եւ ինձ, քանի որ նա հէնց իմ մասին է գրել.
47 իսկ եթէ նրա գրածներին չէք հաւատում, իմ խօսքերին ինչպէ՞ս պիտի հաւատաք»: