Յիսուս Քրիստոսի Աւետարանը Յովհաննէսի Համաձայն
ԳԼ.20
Դատարկ Գերեզմանը

1 Եւ կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտեան արշալոյսին գերեզման է գալիս եւ տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցւած է:
2 Ապա վազում է եւ գալիս Սիմոն Պետրոսի եւ այն միւս աշակերտի մօտ, որին Յիսուս սիրում էր, ու նրանց ասում է. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, եւ չգիտենք, թէ ո՛ւր են դրել նրան»:
3 Պետրոսը եւ միւս աշակերտը ելան եւ գերեզման էին գալիս:
4 Երկուսով միասին վազում էին, բայց միւս աշակերտը առաջ անցաւ Պետրոսից եւ աւելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկաւ:
5 Եւ կռանալով՝ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, բայց ներս չմտաւ:
6 Եկաւ նաեւ Սիմոն Պետրոսը, որ նրա յետեւից էր գալիս. մտաւ գերեզմանը եւ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին,
7 եւ վարշամակը, որ նրա գլխին էր, միւս կտաւների հետ չէր, այլ առանձին ծալւած՝ մի կողմ էր:
8 Այն ժամանակ մտաւ եւ միւս աշակերտը, որ աւելի առաջ էր եկել գերեզման. տեսաւ ու հաւատաց.
9 քանի որ դեռ չէին հասկացել գրւածքը, թէ՝ մեռելներից պէտք է յարութիւն առնի:
10 Աշակերտները, վերադառնալով, գնացին իրենց տեղերը:

Յիսուսը Երեւում էՄարիամ Մագդաղենացուն

11 Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը ու լաց էր լինում. եւ մինչ դեռ լաց էր լինում, կռացաւ դէպի գերեզմանը
12 եւ տեսաւ երկու հրեշտակներ՝ սպիտակների մէջ, որոնք նստել էին՝ մէկը՝ սնարին, եւ միւսը՝ ոտքերի մօտ, այնտեղ, ուր Յիսուսի մարմինն էր եղել:
13 Եւ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»: Նա նրանց ասաց. «Որովհետեւ իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, եւ չգիտեմ՝ նրան ուր են դրել»:
14 Երբ այս ասաց, դէպի յետեւի կողմը դարձաւ եւ տեսաւ Յիսուսին, որ կանգնած էր. բայց չէր իմանում, թէ Յիսուսն է:
15 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտռում»: Նրան այնպէս թւաց, թէ պարտիզպանն է. եւ ասաց նրան. «Տէ՛ր, եթէ դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպէսզի ես նրան վերցնեմ»:
16 Յիսուս նրան ասաց՝ Մարիա՛մ: Եւ նա դարձաւ ու եբրայերէն նրան ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ):
17 Յիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մօտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստւածը եւ ձեր Աստւածը»:
18 Մարիամ Մագդաղենացին եկաւ ու աշակերտներին պատմեց, թէ ինքը Տիրոջը տեսել է, եւ նա իրեն այս բաներն է ասել:

Յիսուսը Երեւում է Իր Աշակերտներին

19 Նոյն կիրակի օրուայ երեկոյեան աշակերտները հաւաքւած էին մի տան մէջ, որի դռները փակւած էին հրեաների վախի պատճառով: Յիսուս եկաւ, կանգնեց նրանց մէջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»:
20 Այս ասելով՝ նրանց ցոյց տւեց իր ձեռքերը եւ կողը. եւ աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը:
21 Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»:
22 Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին:
23 Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներւած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներւած չի լինի»:

Յիսուսը եւ Թովմասը
24 Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկւորեակ կոչւածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ:
25 Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք: Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»:
26 Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին. եւ Թովմասը՝ նրանց հետ: Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ:
27 Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»:
28 Թովմասը պատասխան տւեց ու նրան ասաց՝ Տէ՛ր իմ եւ Աստւա՛ծ իմ:
29 Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան»:

Այս Գրքի Նպատակը

30 Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրւած չեն:
31 Այլ այսքանը գրւեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք: