Յիսուս Քրիստոսի Աւետարանը Յովհաննէսի Համաձայն
ԳԼ.19
Յիսուսը Չարչարւում է

1 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Յիսուսին վերցնել եւ նրան գանակոծել:
2 Իսկ զինուորները փշէ պսակ շինելով՝ դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին:
3 Եւ գալիս էին նրա մօտ ու ասում՝ ողջո՛յն, հրեաների՛ արքայ: Եւ նրան ապտակում էին:
4 Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս, ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, թէ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»:
5 Յիսուս դուրս ելաւ. եւ փշէ պսակ ունէր եւ ծիրանի զգեստ: Եւ նրանց ասաց. «Ահա ձեր մարդը՝ ձեզ»:
6 Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին եւ ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ եւ ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես դրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»:
7 Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրէնք ունենք, եւ ըստ մեր օրէնքի պէտք է նա մեռնի, որովհետեւ իրեն Աստծու Որդի դարձրեց»:
8 Երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, աւելի եւս վախեցաւ:
9 Դարձեալ, մի անգամ եւս մտաւ ապարանքը եւ Յիսուսին ասաց՝ որտեղի՞ց ես դու: Եւ Յիսուս նրան պատասխան չտւեց:
10 Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու. եւ իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»:
11 Յիսուս պատասխանեց. «Դու իմ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրւած չլինէր. դրա համար էլ, ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը աւելի մեծ է»:
12 Սրանից յետոյ Պիղատոսը ուզում էր նրան ազատ արձակել: Իսկ հրեաները աղաղակում էին ու ասում.
13 «Եթէ դրան արձակես, կայսրին բարեկամ չես: Ամենայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսեր»:
14 Իսկ երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրայ, այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա:
15 Զատկի նախօրէն էր, եւ կէսօրւայ մօտ էր: Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագաւորը՝ ձեզ»:
16 Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագաւորին խա՞չը հանեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի
կայսրից»:

Յիսուսը Խաչւում է

17 Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչը հանւի:
18 Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան: Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա,
19 որտեղ եւ խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների՝ այս եւ այն կողմից, իսկ մէջտեղում՝ Յիսուսին:
20 Պիղատոսը մի տախտակ էլ գրեց եւ դրեց խաչի վրայ. եւ գրւած էր. «Յիսուս Նազովրեցի՝ հրեաների թագաւոր»:
21 Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետեւ այն տեղը, ուր Յիսուս խաչւեց, քաղաքին մօտ էր (եւ գրւած էր եբրայերէն, լատիներէն եւ յունարէն):
22 Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ հրեաների թագաւոր, այլ՝ ինչ նա ասաց՝ թագաւոր եմ հրեաների»:
23 Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»:
24 Իսկ զինւորները, երբ Յիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները եւ չորս մաս արեցին. իւրաքանչիւր զինւորի՝ մէկ մաս: Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերեւից ներքեւ ամբողջովին հիւսած շուրջանակի,
25 ուստի միմեանց ասացին. «Այդ չպատռտենք, այլ դրա վրայ վիճակ գցենք, ում որ ելնի», որպէսզի կատարւի գրւածը, որ ասում է. «Իմ զգեստները բաժանեցին իրար մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ գցեցին»: Զինուորներն այս բանն արեցին:
26 Իսկ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նրա մայրը եւ նրա մօրաքոյրը՝ Կղէոպասի կին Մարիամը եւ Մարիամ Մագդաղենացին:
27 Երբ Յիսուս տեսաւ մօրը եւ այն աշակերտին, որ մօտ էր կանգնած, որին նա սիրում էր, մօրն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»:
28 Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եւ այդ պահից աշակերտը նրան իր մօտ առաւ:
29 Այնուհետեւ Յիսուս, գիտենալով, թէ ահա ամէն ինչ կատարւած է, որպէսզի կատարւի գրւածը, ասաց՝ ծարաւ եմ:

Յիսուսի Մահը

30 Եւ այնտեղ քացախով լի մի աման կար. զինուորները լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին եւ այն դրին եղէգի ծայրին ու մօտեցրին նրա բերանին:
31 Երբ Յիսուս լեղախառն քացախը բերանն առաւ, ասաց.
32 «Ամէն ինչ կատարւած է»: Եւ գլուխը կախելով՝ հոգին աւանդեց:
33 Իսկ քանի որ ուրբաթ էր, որպէսզի մարմինները չմնան խաչի վրայ մինչեւ շաբաթ օրը, - որովհետեւ այն շաբաթը տօնական մեծ օր էր, - հրեայ առաջնորդները Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքները եւ վերցնեն նրանց:
34 Զինւորները եկան եւ առաջինի սրւնքները կոտրեցին, նոյնպէս եւ միւսինը, որ նրա հետ խաչ էր հանւել:
35 Բայց երբ եկան Յիսուսի մօտ եւ տեսան, որ նա արդէն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին,
36 այլ զինւորներից մէկը տէգով խոցեց նրա կողը, եւ իսկոյն արիւն եւ ջուր ելաւ:
37 Եւ ով այս բանը տեսաւ, վկայեց. եւ նրա վկայութիւնը ճշմարիտ է, եւ նա գիտէ, որ ճշմարիտ է ասում, որպէսզի դուք էլ հաւատաք:
38 Այս պատահեց, որպէսզի կատարւի գրւածը, թէ՝ նրա ոսկորը չպիտի փշրւի:
39 Եւ դարձեալ միւս գրւածն ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»:

Յիսուսի Թաղումը

40 Այնուհետեւ Յովսէփը, որ արիմաթիացի էր եւ Յիսուսի թաքուն աշակերտն էր հրեաների վախի պատճառով, Պիղատոսին աղաչեց, որ Յիսուսի մարմինը վերցնի: Եւ Պիղատոսը հրաման տւեց. ուստի Յովսէփն ու Նիկոդեմոսը եկան եւ նրան վերցրին:
41 Նիկոդեմոսը, որ առաջին անգամ գիշերով Յիսուսի մօտ էր եկել, բերեց մօտ հարիւր լիտր զմուռս՝ հալւէի հետ խառնւած:
42 Վերցրին Յիսուսի մարմինը եւ պատեցին կտաւներով՝ խնկերով հանդերձ, ինչպէս որ հրեաների սովորութիւնն էր՝ պատել:
43 Եւ այն տեղում, ուր նա խաչւեց, պարտէզ կար. եւ այդ պարտէզում՝ մի նոր գերեզման, որի մէջ երբեք որեւէ մէկը չէր դրւած:
44 Եւ քանի որ գերեզմանը մօտ էր, հրեաների ուրբաթի պատճառով, այնտե՛ղ դրեցին Յիսուսի մարմինը: