Յիսուս Քրիստոսի Աւետարանը Յովհաննէսի Համաձայն
ԳԼ.18
Յիսուսը Ձերբակալւում է

1 Երբ Յիսուս այսպէս խօսեց, աշակերտներով հանդերձ ելաւ գնաց Կեդրոնի ձորի միւս կողմը. այնտեղ մի պարտէզ կար, ուր մտան ինքը եւ իր աշակերտները:
2 Յուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտէր այն տեղը, որովհետեւ Յիսուս ու իր աշակերտները շատ անգամ այնտեղ հաւաքւել էին:
3 Եւ Յուդան իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ՝ ուղարկւած քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկաւ ջահերով, լապտերներով ու զէնքերով:
4 Իսկ Յիսուս իր վրայ եկող այս ամէնը տեսնելով՝ դուրս ելաւ ու նրանց ասաց. «Ո՞ւմ էք փնտռում»:
5 Նրան պատասխանեցին՝ Յիսուս Նազովրեցուն: Յիսուս նրանց ասաց՝ ես եմ: Նրանց հետ էր եւ Յուդան, որ մատնում էր նրան:
6 Երբ Յիսուս ասաց՝ ես եմ, յետ-յետ գնացին եւ գետին ընկան:
7 Դարձեալ նրանց հարցրեց՝ ո՞ւմ էք փնտռում: Նրանք ասացին՝ Յիսուս Նազովրեցուն:
8 Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թէ՝ ես եմ. արդ, եթէ ինձ էք փնտռում, նրանց թո՛յլ տւէք գնալ».
9 որպէսզի կատարւի խօսքը, որ ասել էր, թէ՝ նրանց, որոնց ինձ տւեցիր, նրանցից եւ ոչ մէկին չկորցրի:
10 Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետեւ սուր ունէր, քաշեց այն եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց: Եւ այն ծառայի անունը Մաղքոս էր:
11 Յիսուս Պետրոսին ասաց. «Այդ սուրդ նորից իր պատեանի մէջ դիր. այն բաժակը, որ Հայրն է ինձ տւել, չպիտի՞ խմեմ»:
12 Իսկ գունդը, հազարապետը եւ հրեաների պահակները բռնեցին Յիսուսին եւ կապեցին:
13 Եւ նախ նրան տարան Աննայի մօտ, որը Կայիափայի՝ այդ տարւայ քահանայապետի աներն էր:
14 Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խրատ տւեց, թէ աւելի լաւ է, որ ժողովրդի համար մէկ մարդ մեռնի:

Պետրոսը Ուրանում է Քրիստոսին

15 Եւ Յիսուսի յետեւից գնում էին Սիմոն Պետրոսը եւ միւս աշակերտը: Եւ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանօթ էր, Յիսուսի հետ մտաւ քահանայապետի տան գաւիթը:
16 Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մօտ, դուրսը: Միւս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելաւ, դռնապանին ասաց եւ Պետրոսին ներս մտցրեց:
17 Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Մի՞թէ դու էլ այդ մարդու աշակերտներից ես»: Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ:
18 Այնտեղ կային ծառաներ եւ պահակներ, որոնք խարոյկ էին արել եւ տաքանում էին, քանի որ ցուրտ էր: Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր:

Քահանայապետը հարց տալիս Յիսուսին

19 Իսկ քահանայապետը հարց տւեց Յիսուսին նրա աշակերտների եւ վարդապետութեան մասին:
20 Յիսուս նրան պատասխանեց. «Ես բացայայտ ասացի բոլորին. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում եւ տաճարի մէջ, ուր հաւաքւում էին բոլոր հրեաները. եւ ծածուկ ոչինչ չեմ խօսել:
21 Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփորձ արա նրանց, ովքեր լսել են, թէ ես նրանց հետ ինչ եմ խօսել. ահա՛, նրանք գիտեն, թէ ինչ եմ ասել»:
22 Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մէկը մի ապտակ տւեց Յիսուսին ու ասաց. «Այդպէ՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»:
23 Եւ Յիսուս նրան ասաց. «Եթէ վատ խօսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթէ լաւ՝ ինձ ինչո՞ւ ես խփում»:
24 Եւ Աննան նրան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտ:

Պետրոսը Դարձեալ Ուրանում է Քրիստոսին

25 Եւ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր. նրան ասացին. «Մի՞թէ դու էլ նրա աշակերտներից ես»: Նա ուրացաւ եւ ասաց՝ ո՛չ, չեմ:
26 Եւ քահանայապետի ծառաներից մէկը՝ նրա՛ ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսայ քեզ նրա հետ պարտէզում»:
27 Պետրոսը դարձեալ ուրացաւ. եւ իսկոյն մի աքաղաղ կանչեց:

Յիսուսը Պիղատոսի Առջեւ

28 Կայիափայի տնից Յիսուսին տարան կուսակալի ապարանքը: Այգաբաց էր: Բայց նրանք ապարանք չմտան, որպէսզի չպղծուեն եւ որպէսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել:
29 Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելաւ նրանց մօտ եւ ասաց. «Այս մարդու մասին ի՞նչ ամբաստանութիւն էք ներկայացնում»:
30 Նրան պատասխանեցին եւ ասացին. «Եթէ այս մարդը չարագործ չլինէր, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»:
31 Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրէ՛ք նրան եւ ձեր օրէնքի համաձայն նրան դատեցէ՛ք»: Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որեւէ մէկին սպանել օրինաւոր չէ»
32 (որպէսզի կատարւի Յիսուսի այն խօսքը, որ նա ասաց՝ նշելով, թէ ինչ մահով էր ինքը մեռնելու):
33 Պիղատոսը դարձեալ ապարանք մտաւ, կանչեց Յիսուսին եւ ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»:
34 Յիսուս պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թէ ուրիշներ իմ մասին քեզ ասացին»:
35 Պիղատոսը պատասխանեց. «Միթէ ես էլ հրեա՞յ եմ. քո ազգը եւ քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. դու ի՞նչ ես արել»:
36 Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ. եթէ իմ թագաւորութիւնը այս աշխարհից լինէր, իմ հետեւորդները կը մարտնչէին արդէն, որպէսզի հրեաների ձեռքը չմատնուեմ. բայց, արդ, իմ թագաւորութիւնը այստեղից չէ»:
37 Պիղատոսը նրան ասաց. «Թէ որ այդպէս է, ուրեմն դու թագաւո՞ր ես»: Յիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագաւոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնւել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ: Ամէն մարդ, որ ճշմարտութիւնից է« իմ ձայնը լսում է»:

Յիսուսը Դատապարտւում է Մահւան

38 Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»: Երբ այս ասաց, դարձեալ դուրս ելաւ, հրեաների մօտ, ու ասաց նրանց. «Ես նրա մէջ ոչ մի յանցանք չեմ գտնում:
39 Բայց դուք սովորութիւն ունէք, որ զատկին ձեզ համար մի բանտարկեալ արձակեմ. արդ, ուզո՞ւմ էք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագաւորին»:
40 Բոլորը աղաղակեցին եւ ասացին՝ ո՛չ դրան, այլ՝ Բարաբբային: Եւ այն Բարաբբան աւազակ էր: