Յիսուս Քրիստոսի Աւետարանը Յովհաննէսի Համաձայն
ԳԼ.15
Ես Եմ Ճշմարիտ Որթատունկը

1 «Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է:
2 Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի:
3 Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի:
4 Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատւած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատւած չլինէք:
5 Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը: Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող:
6 Եթէ մէկը իմ վրայ հաստատւած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետւի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրւի:
7 Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրւի:
8 Իմ Հայրը փառաւորւած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք:
9 Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն մնացէք:
10 Եթէ իմ պատւիրանները պահէք, կը մնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատւիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ:
11 Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի:
12 Այս է իմ պատւէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ:
13 Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար:
14 Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատւիրում եմ:
15 Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ:
16 Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ:
17 Այս եմ ձեզ պատւիրում. որ սիրէք միմեանց»:

Աշխարհը Ձեզ Ատում է

18 «Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել:
19 Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է:
20 Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն:
21 Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անւան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է:
22 Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ:
23 Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը.
24 եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը:
25 Եւ այդ նրա համար, որ կատարւի նրանց օրէնքում գրւած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին:
26 Բայց երբ գայ Մխիթարիչը, որին ես ձեզ կ՚ուղարկեմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որ ելնում է Հօրից, նա՛ կը վկայի իմ մասին.
27 կը վկայէք եւ դուք, որովհետեւ սկզբից ինձ հետ էք»: