Յիսուս Քրիստոսի Աւետարանը Յովհաննէսի Համաձայն
ԳԼ.14
Յիսուսի Ճամբան Դէպի Հայր

1 Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովւեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ:
2 Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու.
3 եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք:
4 Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»:
5 Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»:
6 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով:
7 Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»:
8 Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»:
9 Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր:
10 Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ: Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը:
11 Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ:
12 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կ՚անի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կ՚անի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ:
13 Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորւի Որդու միջոցով»:

Յիսուսը Խոստանում է որ Կ’ուղարկի Սուրբ Հոգին

«Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատւիրանները. 15 եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակւի.
16 Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակւի եւ ձեր մէջ պիտի լինի:
17 Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ:
18 Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կը տեսնէք, որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի էք լինելու:
19 Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք՝ իմ մէջ. ու ես՝ ձեր մէջ:
20 Ով իմ պատւիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրւի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան»:
21 Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես մեզ եւ ոչ թէ աշխարհին»:
22 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի. եւ մենք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կ՚օթեւանենք:
23 Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. եւ իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց:
24 Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ:
25 Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»:
26 «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովւեն, եւ չվախենաք:
27 Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կը գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես:
28 Եւ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպէսզի, երբ լինի, հաւատաք:
29 Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրայ ոչ մի իշխանութիւն չունի:

30 Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատւիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»: