ՋԻՎԱՆԻ

Ջիվանի [Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում)–20.2(5.3).1909, Թիֆլիս] հայ աշուղ, ժող. երգիչ։
Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։
Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջ. յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվազել քյաման և ջութակ, հորինել է թուրք, ու հայ. երգեր։
1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։
Նրա հետ ընկերանալով՝ Ջ. 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868—95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։
Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլր, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջ. ընտրվել է «ուստաբաշի» (գլխ. վարպետ)։
Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։
Պիտի Գա Արդյոք
Ոչ տեր լիներ և ոչ ծառա աշխարհում,
Այսպես երջանիկ օր պիտի գա՞ արդյոք.
Բոլոր մարդիկ կանգնած մեկ ճանապարհում
Այն սուրբ հոգին հզոր պիտի գա՞ արդյոք։

Բոլոր մարդիկ սիրեն եղբոր պես իրար,
Մեծը փոքրին շահե, անկեղծ, հայրաբար,
Լեռ, բլուր, դաշտ ու ձոր դառնան հավասար,
Հարթող գութան, արոր պիտի գա՞ արդյոք:

Ջիվանի, ոչ մի տեղ չըլինի կռիվ,
Ուղիղ սրտով պահեն մեկմեկու պատիվ.
Աշխարհի մեջ լինի մեկ հոտ, մեկ հովիվ,
Փրկիչը միամոր պիտի գա՞ արդյոք:

Խելքի Աշեցեք
Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզկում Է որս խլել, խելքի' աշեցեք,
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի' աշեցեք։

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի' աշեցեք։

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք:

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք:

Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.
Աղվեսը հավնոցի ղռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։

Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ Է տվել, խելքի' աշեցեք:

Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չըզգալով, սպիտա'կ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի' աշեցեք:

Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև Է հագել, խելքի' աշեցեք:

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
Էշը մեջ է ընկել, խելքի' աշեցեք:

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,
Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք:

Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք,
Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ,
Իրան ժամ չի անիլ, խելքի՛ աշեցեք։

Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։

Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։

Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի' աշեցեք։

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած,
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած
Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։
Խրատ
Կյանքդ բարվոքելու աշխատիր, գիտուն,
Ինչ ես թռչունի պես միշտ մտնում թակարդ
Հարյուր տարի ապրես, թե հարյուր հիսուն,
Վերջդ մեռնելն է, ինչ մտքի ես, մարդ:

Եկ, մի ննջիր, քանի կյանքիդ գարունն է,
Հիշելի մարդ միշտ մտավոր արթունն է,
Անմահ հիշատակը բարի անունն է,
Աշխատիր գտնելու, ով երիտասարդ։

Ջիվան, բավ է շրջիս մտատանջ, մոլոր,
Օվկիանոս ծովից աշխարհն է խոր,
Որչափ հարուստ լինես, որչափ փառավոր,
Վերջդ պիտի մնաս մերկ և առանց զարդ:
Պաղ Աղբյուրի Մոտ
Պաղ աղբյուրի մոտը կանգնած մի աղջիկ,
Ձեռքին սափոր լցրած, ջուրն էր անուշիկ
Աչք ու ունքը ղալամով քաշած, գեղեցիկ.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Պաղ աղբյուրի մոտը, պարտիզում նստած,
Ունեին լավ գինի, գառի խորոված.
Երգում էին, պարում էին, բոլորած.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ման էր գալիս ընկերներով միասին.
Կարծես հրեդտակ էր, չէր նա հողածին.
Մազերը ոսկեգույն, ճակատը լուսին.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ցերեկը անդադար նորան եմ հիշում,
Գիշերն էլ երազիս մեջըն եմ տեսնում.
Տոչորված ման կուգամ խեղճ, մոլոր, տրտում.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ա՜խ, երանի այն ավուր, շատ երանի,
Տեսությանը կրկին լինեմ արժանի.
Առանց նրան ես չեմ մնար կենդանի.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան:
Աշուղները
Աշուղներից ի՞նչ կսպասեք, գիտուններ,
Անգրագետ և անուսում մարդիկ են.
Նրանց դուք միք ծաղրիլ, մեծ իմաստուններ,
Նրանք էլ ջոկ տեսակ գույնի ծաղիկ են:

Աշուղի լապտերը բնական վառ է,
Նա շատ բան կտեսնի, մտքով պայծառ է,
Ինչ ժողովուրդ աշուղ չունի՝ թշվառ է,
Աշուղները ցնծության մունետիկ են։

Ուսման ծարավի են, գիտության կարոտ,
Շատի համար մութն է ցերեկը, աղոտ,
Բարձր, տաղանդավոր գրողներու մոտ
Աշուղները աշակերտ են, փոքրիկ են:

Զիվան, աշուղները ամենայն տեղ են,
Շատերու վերքերուն ու ցավին դեղ են,
Ռամիկ դասի մեջ մեկ-մեկ կանթեղ են,
Սիրելի են նրա սրտին, մոտիկ են։
Կուգան Ու Կերթան
Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան.
Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,
Որպես հաճախորդ շարվեշարան կուգան ու կերթան։

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից
Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը ծաղիկ,
Ո~րքան մանուշակ, վարդ բալասան կուգան ու կերթան։

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան.
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը հյուր են,
Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։