Յակոբոս Առաքեալի Ընդհանական Նամակը
ԳԼ. 1

Հաւատք եւ Իմաստութիւն

1 Յակոբոսը՝ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն։
2Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. 3իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, 4իսկ համբերութիւնը թող դրսեւորւի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք։
5Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, - որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, - եւ նրան կը տրւի։
6 Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերւող ալիքներին։
7Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, 8քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։

Աղքատութիւն եւ Հարուստութիւն

9Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստւած բարձրացնում է իրեն,
10իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստւած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի ինչպէս խոտածաղիկը.
11որովհետեւ արեւը ծագեց՝ խորշակով«տաք քամիով» հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ։

Փորձ եւ Փորձւել

12Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ, եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին։
13Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձւում», քանի որ Աստւած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի։
14Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրւելով եւ խաբւելով իր ցանկութիւններից։
15Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում։
16Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբւէք, 17քանի որ ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից, որի մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստւեր։
18Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը։

Աստուծոյ Խօսքը Լսել եւ Կատարել

19Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացէ՛ք այս բանը. թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ եւ ծանր՝ բարկանալու մէջ. 20որովհետեւ մարդու բարկութիւնը Աստծու արդարութիւնը չի կատարում։ 21Ահա թէ ինչու, դէ՛ն գցելով ամենայն աղտեղութիւն եւ չարիքի աւելցուկ, հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ սերմանւած խօսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։
22Խօսքը կատարողնե՛ր եղէք եւ ոչ թէ միայն այն լսողներ համարեցէք դուք ձեզ. 23քանի որ, եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը։
24Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ անմիջապէս մոռանում, թէ ինչպիսին էր ինքը։
25Իսկ ով աչքերը յառած նայում է ազատութեան կատարեալ օրէնքին եւ դրա մէջ էլ յարատեւում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մէկը իր արածի մէջ երանութիւն կը գտնի։
26Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը։
27Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծու եւ Հօր առաջ այս է. այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից։

=============

Յակոբոս Առաքեալի Ընդհանական Նամակը
ԳԼ. 2

Անկողմնակից Եղէք Բոլորի Հանդէպ

1 Եղբայրնե՛ր իմ, կողմնակցութեամբ մի՛ պահէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հաւատը։
2Եթէ ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենայ ոսկի մատանի եւ շքեղ զգեստներ, եւ այնտեղ մտնի նաեւ մի աղքատ՝ կեղտոտ զգեստներով, 3եւ դուք նայէք նրան, ով շքեղ զգեստներ ունի եւ ասէք՝ «Դու նստի՛ր այստեղ, պատւոյ տեղը», իսկ աղքատին, թէ՝ «Ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», կամ թէ՝ «Եկ նստի՛ր իմ պատւանդանի մօտ», 4այդ դէպքում դուք ձեր մէջ աչառութիւն արած չէ՞ք լինի եւ չար խորհուրդների դատաւորներ չէ՞ք լինի։
5Լսեցէ՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստւած ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հաւատով եւ ժառանգորդներ այն արքայութեան, որը նա խոստացաւ իրեն սիրողներին։
6Իսկ դուք անարգում էք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. հէնց նրանք էլ ձեզ դատարան են քարշ տալիս։
7Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչւած էք դուք։ 8Ապա եթէ կատարէք արքայական օրէնքը Սուրբ Գրքի համաձայն, թէ՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս ինքդ քեզ», լաւ էք անում։
9Իսկ եթէ աչառութիւն էք անում, մեղք էք գործում՝ դատապարտւելով օրէնքից որպէս օրինազանցներ։ 10Նա, ով պահում է ամբողջ օրէնքը եւ միայն մէկ բանով սայթաքում, պարտապան կը լինի ամբողջ օրէնքին. 11որովհետեւ նա, ով ասաց, թէ՝ «Չպիտի սպանես», նաեւ ասաց, թէ՝ «Եւ չպիտի շնանաս», քանզի, եթէ չսպանես, բայց շնանաս, յանցաւոր կը լինես օրէնքի առաջ։
12Այնպէ՛ս խօսեցէք եւ այնպէ՛ս գործեցէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատւելու, 13քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց։

Հաւատքը Առանց Գործի Մեռած է

14Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատք ունի, սակայն հաւատքն արտայայտող գործեր չունենայ։ Միթէ հաւատքը նրան կը կարողանա՞յ փրկել։
15Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինեն կամ օրւայ ուտելիքի կարօտ, 16եւ ձեզնից մէկը նրանց ասի՝ «Գնացէ՛ք խաղաղութեամբ, տաքացէ՛ք եւ կշտացէ՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։
17Նոյնպէս եւ հաւատը. եթէ նա գործեր չունի, առանձինն մեռած է։
18Բայց թերեւս մէկն ասի. «Դու հաւատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛յց տուր ինձ քո հաւատքը առանց գործերի, եւ ես քեզ ցոյց կը տամ իմ հաւատը գործերով»։
19Դու հաւատում ես, որ մէկ է Աստւած. լաւ ես անում։ Դեւերն էլ են հաւատում եւ դողում։ 20Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատքը դատարկ բան է առանց գործերի։ 21Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացաւ՝ սեղանի վրայ հանելով իր որդուն՝ Իսահակին, որպէս զոհ։ 22 Տեսնո՞ւմ ես, որ հաւատքը գործակից եղաւ նրա գործերին եւ գործերով էլ հաւատքը կատարեալ դարձաւ։
23Եւ կատարւեց Գրւածը, որն ասում է. «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան որպէս արդարութիւն համարւեց, եւ նա Աստծուն բարեկամ կոչւեց»։
24 Տեսնո՞ւմ էք, որ գործերով է արդարանում մարդ եւ ոչ թէ միայն հաւատով։
25Այդպէս էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞ւ, երբ ընդունեց լրտեսներին եւ արձակեց նրանց այլ ճանապարհով։
26Ինչպէս որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէս էլ մեռած է հաւատը առանց գործերի։

=============

Յակոբոս Առաքեալի Ընդհանական Նամակը
ԳԼ. 3

Սանձ Լեզւին

1 Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցանողներ լինելու չձգտէք։ Իմացէ՛ք, որ մեծ դատաստան ենք ընդունելու, 2քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։
3Տե՛ս, թէ ինչպէս սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդւեն. եւ նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։
4Ահա՛ եւ նաւերը. ի՜նչ հսկայ բաներ են, սաստիկ քամիներից քշւում են, բայց փոքր մի ղեկով ուղղւում են ո՛ր կողմը որ նաւավարի սիրտն ուզում է։
5Այսպէս էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Ահա թէ մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։ 6Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրաւութեան. մեր անդամների մէջ է հաստատւած լեզուն, որ վնասում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կեանքը, բորբոքւած գեհենի կրակով։
7Գազանների, թռչունների եւ սողունների ամէն տեսակ եւ ինչ որ կայ ծովի մէջ, հնազանդւած է եւ հնազանդւում է մարդկային բնութեանը, 8բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցւածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել։
9Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծու նմանութեամբ։
10Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ։ Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի։
11Միթէ մի աղբիւր նոյն ակից քաղցր եւ դառն ջուր կը բխեցնի՞։
12Եղբայրնե՛ր իմ, միթէ կարելի՞ է, որ թզենին ձիթապտուղ տայ կամ որթատունկը՝ թուզ։
Նմանապէս աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ։

Վերին Իմաստութիւնը

13Ձեր մէջ ո՞վ է իմաստուն եւ խելացի. թող նա, բարի ընթացքով, ցոյց տայ իմաստութեամբ եւ հեզութեամբ կատարած իր գործերը։
14Իսկ եթէ ձեր սրտերում դառն նախանձ եւ հակառակութիւն ունէք, մի՛ պարծեցէք, որ սուտ էք հանում ճշմարտութիւնը։
15Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային. 16որովհետեւ, ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան։
17Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։
18Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում։

=============

Յակոբոս Առաքեալի Ընդհանական Նամակը
ԳԼ. 4

Աշխարհի Բարեկամը Աստուծոյ Թշնամին է

1 Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ։
2 Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ՝ սպանում էք, նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում։ 3Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին։
4 Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծու դէմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կ՚անի։
5Կամ թէ՝ առ ոչինչ էք համարում, ինչ որ Գիրքն ասում է. 6Եւ այդ նրա համար, որ է՛լ աւելի շնորհ տայ. դրա համար ասում է. 7Հնազանդւեցէ՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից։
8 Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ։ Մեղաւորնե՛ր, մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցէ՛ք ձեր սրտերը. 9տառապեցէ՛ք, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածւի, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան։
10Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կը բարձրացնի։

Մի Դատէք Ձեր Եղբայներին

11Եղբայրնե՛ր, միմեանց մի՛ բամբասէ՛ք. ով բամբասում է իր եղբօրը կամ դատում է իր եղբօրը, չարախօսում է օրէնքի մասին եւ դատում է օրէնքը. իսկ եթէ օրէնքն ես դատում, օրէնքը պահող չես, այլ՝ դատաւոր։
12Կայ մէ՛կ Օրէնսդիր եւ Դատաւոր, որ կարող է փրկել եւ կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձաւորին։

Ոչ ոք Չգիտէք Վաղւայ Մասին

13Այժմ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կը գնանք այսինչ քաղաքը, մէկ տարի կը մնանք այնտեղ, կը վաճառենք եւ կը վաստակենք»։
14(Այսպէս էք ասում դուք, որ ոչինչ չգիտէք վաղւայ մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կեանքը. յիրաւի մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում)։
15Մինչդեռ դուք ասելու էք. «Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կ՚անենք այս կամ այն բանը»։
16Բայց արդ, պարծենում էք ձեր ամբարտաւանութեամբ։ Այսպիսի ամէն պարծանք չար է։
17Ով որ գիտէ, թէ ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է։

=============

Յակոբոս Առաքեալի Ընդհանական Նամակը
ԳԼ. 5

Զգուշացում Հարուստներին

1 Ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացէ՛ք եւ ողբացէ՛ք այն թշւառութիւնների համար, որ գալու են ձեր գլխին. 2որովհետեւ ձեր հարստութիւնը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, 3եւ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. եւ նրանց ժանգը ձեր դէմ որպէս վկայութիւն պիտի լինի եւ պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպէս կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցէք։
4Ահա՛, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մօտ պահեցիք. ձեր կողմից զրկւածն աղաղակում է, եւ հնձւորների բողոքը հասաւ Ամենակալ Տիրոջ ականջին։
5Կամքի ուժ չունեցող կեանքով ապրեցիք երկրի վրայ եւ անառակացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթւելու օրւայ համար։
6Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում։

Համբերո՛ղ Եղէք եւ Աղօթեցէք

7Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը։ Մշակն ահա համբերութեամբ սպասում է երկրի պատւական պտղին, մինչեւ որ ստանայ առաջին եւ վերջին անձրեւը։
8Համբերեցէ՛ք եւ դուք, ամրացրէ՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է։
9Մի՛ տրտմեցրէ՛ք միմեանց, եղբայրնե՛ր, որպէսզի չդատւէք։ Ահա՛ դատաւորը դռանն է։
10Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերութեան որպէս օրինակ ունեցէք մարգարէներին, որոնք խօսեցին Տիրոջ անունով։
11Ահա՛ երանի ենք տալիս համբերողներին։ Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում, քանի որ Տէրը բազմագութ է եւ ողորմած։
12Ամէն բանից առաջ, եղբայրե՛ր իմ, մի՛ երդւէք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր այոն թող լինի՝ այո, եւ ոչը՝ ոչ, որպէսզի կեղծաւորութեան պատճառով չընկնէք։
13Ձեզնից մէկը վշտի՞ մէջ է ընկել, թող աղօթի. մէկը բերկրանքի՞ մէջ է, սաղմոս թող ասի. 14հիւա՞նդ է ձեզնից մէկը, թող կանչի եկեղեցու երէցներին, եւ նրանք նրա վրայ թող աղօթք անեն, թող իւղով օծեն նրան Տիրոջ անունով։
15Եւ հաւատով եղած աղօթքը կը փրկի հիւանդին, ու Տէրը նրան ոտքի կը կանգնեցնի։ Եւ եթէ մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներւի։
16Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկւէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։
17Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ. նա աղօթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց։
18Ապա դարձեալ աղօթեց, եւ երկինքը անձրեւ տւեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը։
19Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղւի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, 20թող իմանայ, որ, ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահւանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն։

=============