Պօղոս Առաքեալի Նամակը Գաղատացիներ
ԳԼ . 1
Մէկ Աւետարան

1 Պօղոսը առաքեալ, ոչ մարդկանց կողմից եւ ոչ էլ մարդու միջոցով, այլ Յիսուս Քրիստոսի միջոցով եւ Հայր Աստծու, որ յարութիւն տւեց նրան մեռելներից,
2 եւ բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիներիդ.
3 շնորհք ընդ ձեզ եւ խաղաղութիւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից,
4 որ իր անձը տւեց մեր մեղքերի համար, որպէսզի մեզ փրկի ներկայ այս չար աշխարհից ըստ Աստծու եւ մեր Հօր կամքի,
5 նրան փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
6 Զարմանում եմ, որ այդպէս շուտ լքում էք նրան, ով Քրիստոսի շնորհքով կանչեց ձեզ եւ դառնում էք դէպի ուրիշ աւետարան.
7 բայց ուրիշ աւետարան չկայ. կան ոմանք, որ խռովութիւն են սերմանում ձեր մէջ եւ ուզում են շուռ տալ Քրիստոսի Աւետարանը։
8 Եթէ նոյնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ աւետարանի ձեզ աւելին, քան այն, որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովեալ լինի։
9 Ինչպէս աւելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձեալ ասում եմ. «Եթէ մէկն աւետարանի ձեզ աւելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովեալ լինի»։
10 Որովհեըեւ, հիմա մարդկանց եմ հաճեցնում, թէ՞ Աստծուն. կամ մարդկանց հաճելի լինե՞լ եմ ուզում։ Եթէ ջանայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառայ չէի լինի

Պօղոսը Ինչպէս Առաքեալ Եղաւ

11 Յայտնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, թէ այն Աւետարանը, որ ես ձեզ աւետարանեցի, մարդկային Աւետարան չէ.
12 քանի որես մարդուց չառայ այն, ոչ էլ որեւէ մէկից սովորեցի, այլ՝ Յիսուս Քրիստոսի մի յայտնութիւնից.
13 արդարեւ, դուք լսած կը լինէք հրէութեան մէջ եղածս ժամանակ երբեմնի իմ ընթացքի մասին, թէ ինչքան էի հալածում Աստծու եկեղեցին եւ քանդում էի այն. 14եւ հրէութեան մէջ աւելի առաջ էի գնացել, քան իմ շատ հասակակիցները, որոնք իմ սերնդից էին. շատ աւելի նախանձախնդիր էի իմ հայրենի աւանդութիւններին։
15 Բայց, երբ կամեցաւ Աստւած (նա ընտրել էր ինձ իմ մօր որովայնից եւ կոչեց իր շնորհքների միջոցով)
16 յայտնել ինձանով իր Որդուն, որպէսզի աւետարանեմ նրան հեթանոսների մէջ, այն ժամանակ, իսկոյն, ոչ մէկի խորհրդին չդիմեցի,
17 ոչ էլ Երուսաղէմ բարձրացայ նրանց մօտ, որ ինձնից առաջ առաքեալներ էին, այլ գնացի Արաբիա եւ վերադարձայ Դամասկոս։
18 Ապա, երեք տարի յետոյ, ելայ Երուսաղէմ՝ տեսնելու Պետրոսին եւ տասնհինգ օր նրա մօտ մնացի։
19Առաքեալներից ոչ ոքի չտեսայ, բացի Յակոբոսից՝ Տիրոջ եղբօրից։
20 Եւ ինչ որ գրում եմ ձեզ, - ահա Աստծու առաջ եմ ասում, չեմ ստում։
21 Ապա եկայ Ասորիք եւ Կիլիկիայի կողմերը.
22 եւ ես անձնապէս անծանօթ էի եկեղեցիների հաւատացեալներին, որոնք, թլփատւած լինելով, դարձել էին ի Քրիստոս.
23 բայց լսած էին, թէ՝ «Նա, որ մեզ այն ժամանակ հալածում էր, այժմ քարոզում է այն հաւատը, որը մի ժամանակ քանդում էր»։
24 Եւ ինձնով փառաւորում էին Աստծուն։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Գաղատացիներ
ԳԼ . 2
Պօղոսը եւ Միւս Առաքեալները

1 Այնուհետեւ, տասնչորս տարի յետոյ, նորից ելայ Երուսաղէմ Բառնաբասի հետ ինձ հետ վերցնելով նաեւ Տիտոսին։
2 Եւ այնտեղ ելայ ինձ պատահած մի յայտնութեան հետեւանքով. եւ նրանց ներկայացրի այն Աւետարանը, որը քարոզում էի հեթանոսների մէջ մասնաւորապէս նրանց, որոնք երեւելիներ էին համարւում, այն մտածումով, որ մի գուցէ իմ ընթացքը ի զուր է եղել եւ կամ ի զուր է։
3 Եւ Տիտոսն իսկ, որ ինձ հետ էր, թէեւ հեթանոս, չպարտաւորւեց թլփատւել հակառակ գաղտնի ներս մտաց սուտ եղբայրներին.
4 նրանք գաղտնի մտել էին՝ լրտեսելու մեր այն ազատութիւնը, որ ունենք Քրիստոս Յիսուսով, որպէսզի մեզ ծառայ դարձնեն.
5 նոյնիսկ, ժամանակաւորապէս, ականջ չ’դրինքք հնազանդւել նրանց, որպէսզի Աւետարանի ճշմարտութիւնը հաստատ մնայ ձեր մէջ։
6 Ինչ վերաբերում է երեւելիներին (թէ նրանք երբեւիցէ մի բան եղել են, իմ հոգը չէ, քանզի Աստւած մարդկանց կողմնակցութիւն չի անում), այդ երեւելիները նման որեւէ բան չիմացրին ինձ։
7 Այլ, դրան հակառակ, երբ տեսան, թէ հեթանոսների աւետարանն ինձ է վստահւած, ինչպէս Պետրոսին՝ հրեաների աւետարանը
8 (որովհետեւ նա, որ Պետրոսին յաջողեցրեց առաքելութիւն հրեաների մէջ, ինձ էլ յաջողեցրեց առաքելութիւն հեթանոսների մէջ),
9 երբ Յակոբոսը, Կեփասը եւ Յովհաննէսը, որոնք սիւներ էին համարւում, իմացան այն շնորհքների մասին, որ տրւած էին ինձ, հաւանութեան ձեռք մեկնեցին ինձ եւ Բառնաբասին, որպէսզի մենք գնանք հեթանոսների մէջ, իսկ իրենք՝ հրեաների մէջ.
10 միայն թէ նրանք խնդրեցին, որ յիշենք աղքատներին. եւ ես հոգ տարայ այդ նոյն բանն անելու։

Պօղոսը, Խիստ Հրամայեց Պետրոսը

11 Եւ երբ Պետրոսը Անտիոք եկաւ, ընդդիմացայ նրան, որովհետեւ մեղադրելի ընթացքի մէջ էր.
12 քանզի, մինչ Յակոբոսի շրջանակից ոմանք դեռ չէին եկել, նա հեթանոսների հետ էր ուտում անխտիր, իսկ երբ եկան, բաժանւեց եւ մի կողմ քաշւեց՝ վախենալով թլփատութեան կողմնակիցներից։
13 Եւ ուրիշ հրեաներ էլ կեղծաւորութիւն արեցին նրա հետ. մինչեւ իսկ Բառնաբասը ներքաշւեց նրանց կեղծաւորութեան մէջ։
14 Իսկ երբ տեսայ, որ ուղիղ չեն ընթանում Աւետարանի ճշմարտութեամբ, բոլորի առաջ Պետրոսին ասացի. «Եթէ դու, որ հրեայ ես, հեթանոսի նման ես ապրում եւ ոչ հրեայի նման, ինչո՞ւ ես ստիպում հեթանոսներին, որ հրեայի նման լինեն»։
15 Իսկ մենք, որ իսկական հրեաներ ենք եւ ոչ թէ այդ հեթանոս մեղաւորներից,
16 գիտենք, որ մարդ չի արդարանայ օրէնքի գործերով, այլ միայն՝ Յիսուս Քրիստոսի հաւատով. եւ մենք հաւատացինք Քրիստոս Յիսուսին, որպէսզի արդարանանք Քրիստոսի հաւատով եւ ո՛չ թէ օրէնքի գործերով. քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացւելու օրէնքի գործերով։
17 Իսկ եթէ Քրիստոսով արդարանալ ուզելով մեղաւոր գտնւեցինք, ապա ուրեմն Քրիստոս մեղքին ծառայեց. քաւ լիցի.
18 որովհետեւ, եթէ ինչ որ ես քանդեցի, նոյնը վերստին շինեմ, ապա ինքս ապացուցած կը լինեմ, որ մեղաւոր եմ.
19 քանի որ ես օրէնքի տակ մեռայ օրէնքի համար, որպէսզի ապրեմ Աստծու համար։
20 Քրիստոսի հետ խաչը ելայ. կենդանի եմ այսուհետեւ. բայց ոչ թէ ես, այլ իմ մէջ ապրում է Քրիստոս։ Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծու Որդու հաւատքով եմ ապրում, որ սիրեց ինձ եւ իրեն մահւան մատնեց ինձ համար։
21 Եւ ես Աստծու շնորհը չեմ անարգում, քանի որ, եթէ արդարութիւնը օրէնքից է, ապա Քրիստոս ի զուր մեռաւ։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Գաղատացիներ
ԳԼ . 3
Օրէնք Թէ Հաւատք

1 Ով անմիտ գաղատացիներ, ո՞վ հրապուրեց ձեզ, որոնց աչքերի առաջ Յիսուս Քրիստոս նկարագրւեց խաչը ելած։
2 Ա՛յս բանն եմ միայն ուզում իմանալ ձեզնից. օրէնքի գործերով Հոգին ընդունեցիք, թէ հաւատքի քարոզութեամբ։
3 Այդչափ անմիտ էք. սկսեցիք հոգով, իսկ հիմա մարմնով էք վերջացնում։
4 Եւ այդքան փորձութիւններ ի զուր անցան ձեր գլխով, - եթէ անշուշտ ի զուր էին։
5 Իսկ երբ, նա, որ Հոգին բաշխեց ձեզ եւ զօրութիւններ գործեց ձեր մէջ, օրէնքի գործերով էր, թէ հաւատքի քարոզութեամբ։
6 Այսպէս՝ «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան համարւեց որպէս արդարութիւն»։
7 Գիտէք արդեօք, որ Աբրահամի որդիները նրանք են, որոնք այդ հաւատից են։
8 Սուրբ Գիրքը կանխատեսում էր, թէ Աստւած հեթանոսներին հաւատքով է արդարացնելու. նախապէս խոստացաւ Աբրահամին, թէ՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնւելու»։
9 Այսպէս ուրեմն, նրանք, որ հաւատից են, օրհնւում են հաւատացեալ Աբրահամի հետ։
10 Նրանք, որ օրէնքի գործադրողներն են, անէծքի տակ են, քանի որ գրւած է, թէ՝ «Անիծեալ է ամէն մարդ, որ օրէնքի գրքում եղած բոլոր գրւածները չի պահում եւ չի գործադրում»։
11 Որ օրէնքով ոչ ոք չի արդարանայ Աստծու առաջ, այդ քաջ յայտնի է, որովհետեւ՝ «Արդարը, - ասում է, - հաւատքով է ապրելու»։
12 Իսկ օրէնքը հաւատքից չէ. բայց ով կատարի այն, նրանով կ՚ապրի։
13 Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար (որովհետեւ գրւած է, թէ՝ «Անիծեալ է այն մարդը, որը կախւած է փայտից» ),
14 որպէսզի Աբրահամի օրհնութիւնը Քրիստոս Յիսուսով գայ հեթանոսների վրայ, եւ որպէսզի Սուրբ Հոգու խոստումը մենք ընդունենք հաւատով։

Օրէնք եւ խոստում

15 Եղբայրներ, մարդկայնօրէն եմ ասում. նոյնիսկ մարդկանց հաստատած կտակը ոչ ոք չի կարող խափանել եւ ոչ էլ նրա վրայ մի այլ բան աւելացնել։
16 Արդ, խոստումը Աբրահամին արւեց եւ նրա շառաւիղին. չի ասում՝ շառաւիղներին, չակնարկելու համար շատերին, այլ ակնարկում է մէկին՝ «Եւ քո զաւակին», որ Քրիստոսն է։
17 Ահա՛ թէ ինչ եմ ասում. այն կտակը, որ նախապէս հաստատւել էր Աստծու կողմից Քրիստոսով, դրանից չորս հարիւր երեսուն տարի յետոյ դրւած օրէնքը չի կարող խախտել, որպէսզի չխափանւի խոստումը։
18 Եթէ ժառանգութիւնը օրէնքից է, ապա այլեւս խոստումից չէ. բայց Աստւած Աբրահամին խոստումո՛վ շնորհեց այն։

Օրէնքի Նպատակը

19 Իսկ արդ, ինչի՞ համար է օրէնքը. օրէնքը տրւեց յանցանքների պատճառով, մինչեւ որ գար այն զաւակը, որին եղած խոստումը հրեշտակների կողմից տրւեց միջնորդի միջոցով։
20 Իսկ միջնորդը ենթադրում է երկու կողմ, մինչդեռ Աստուած մէ՛կ է։
21 Եւ արդ, օրէնքը Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛ւ լիցի. որովհետեւ, եթէ օրէնքը, որ տրւած է, կարող լինէր կեանք տալ, ապա հաստատապէս արդարութիւնը օրէնքից կը լինէր։
22 Բայց Սուրբ Գիրքը ամէն ինչ դրեց մեղքի տակ, որպէսզի խոստումը Յիսուս Քրիստոսի հաւատով տրւի հաւատացողներին։
23 Քանի դեռ հաւատը չէր եկել, օրէնքի տակ փակւած էինք մնում՝ սպասելով գալիք այն հաւատին, որ յայտնւելու էր մեր մէջ։
24 Այսպէս՝ օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք։
25 Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք.
26 քանի որ բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատքով ի Յիսուս Քրիստոս։
27 Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտւեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք.
28 ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս։
29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Գաղատացիներ
ԳԼ . 4
Մարդի Վիճակը Օրենքի Ներքեւ( տակ) եւ Շնորհքի Ներքեւ

1 Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտեւ ամէն ինչի տէր է։
2 Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը։
3 Նոյնպէս եւ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում։
4 Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստւած ուղարկեց իր Որդուն, որը ծնւեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝
5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք։
6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստւած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։
7 Ուրեմն, ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծու։
8 Այն ժամանակ, մինչ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք ի բնէ աստւածներ չէին.
9 իսկ այժմ որ ճանաչեցիք Աստծուն, մանաւանդ որ Աստւած էլ ճանաչեց ձեզ, ինչպէ՞ս էք վերադառնում նորից դէպի տկար ու խեղճ տարերային ուժերը, որոնց, նորից, ուզում էք ձեզ գերի դարձնել։
10 Պահում էք յատուկ օրեր, ամիսներ, եղանակներ եւ տարիներ։
11 Վախենում եմ, որ մի գուցէ ի զուր եմ աշխատել ձեզ համար։
12 Եղէ՛ք՝ ինչպէս ես, քանի ես էլ ձեզ նման եղայ, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չէք տւել։
13 Դուք գիտէք, որ տկար մարմնով աւետարանեցի ձեզ առաջին անգամ,
14 եւ չանարգեցիք ու չարհամարհեցիք այն փորձութիւնները, որ կրում էի իմ մարմնի վրայ. այլ իբրեւ Աստծու հրեշտակ ընդունեցիք ինձ, իբրեւ Քրիստոս Յիսուս։
15 Իսկ արդ, ո՞ւր է ձեր երանութիւնը։ Վկայում եմ ձեզ. եթէ հնար լինէր, ձեր աչքերը կը հանէիք ու կը տայիք ինձ։
16 Հիմա ինչո՞ւ թշնամի դարձայ ձեզ, որ ճիշտը խօսեցի։
17 Նրանք բարի դիտաւորութեամբ չէ, որ հետաքրքրւում են ձեզանով, այլ ուզում են արգելք լինել ձեզ, որպէսզի նախանձախնդիր լինէք իրե՛նց համար։
18 Բայց լաւ է միշտ նախանձախնդիր լինել բարի բաներին եւ ոչ թէ միայն այն ժամանակ, երբ ձեր մէջ եմ,
19 որդեակներս, դուք, որոնց համար վերստին երկունքի մէջ եմ, մինչեւ որ Քրիստոս կերպարանւի ձեր մէջ։
20 Կ՚ուզենայի այժմ լինել ձեզ մօտ եւ փոխել իմ խօսելու ձեւը, որովհետեւ տարակոյսի մէջ եմ ձեզ համար։

Հագարի եւ Սարայի Օրինակը

21 Ասացէք ինձ, դուք, որ ուզում էք լինել օրէնքի տակ, օրէնքը չէ՞ք կարդացել. 22որովհետեւ գրւած է, թէ՝ «Աբրահամը երկու որդի ունէր, մէկը՝ ծնւած աղախնից եւ մէկը՝ ազատ կնոջից»։
23 Բայց նա, որ աղախնից էր, մարմնական ծնունդ էր, իսկ նա, որ ազատ կնոջից էր, ծնւել էր խոստման համաձայն։
24 Սա այլաբանութիւն է, որովհետեւ սրանք երկու կտակարաններն են. մէկը՝ Սինա լեռից՝ ծնւած ծառայութեան համար. դա Հագարն է.
25 քանզի Հագարը Սինա լեռն է Արաբիայում եւ համապատասխանում է ներկայ Երուսաղէմին, որ իր որդիներով հանդերձ ծառայ է։
26 Իսկ Վերին Երուսաղէմը, որը մեր բոլորի մայրն է, ազատ է.
27 որովհետեւ գրւած է. 28Ուրեմն, մենք, եղբայրնե՛ր, խոստման որդիներ ենք, Իսահակի նման։
29 Եւ ինչպէս այն ժամանակ նա, որ մարմնական ծնունդ էր, հալածում էր նրան, որ ըստ հոգու էր ծնւել, այդպէս է եւ այժմ։
30 Եւ ի՞նչ է ասում Գիրքը. «Հեռացրէք այդ աղախնուն եւ դրա որդուն, որպէսզի այդ աղախնի որդին ազատի որդուն ժառանգակից չլինի»։
31 Դրա համար, եղբայրնե՛ր, աղախնի որդիներ չենք, այլ՝ ազատի, այն ազատութեամբ, որով Քրիստոս մեզ ազատ դարձրեց։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Գաղատացիներ
ԳԼ . 5
Պահեցէք Ձեր Ազատուրիւնը

1 Ուրեմն, պինդ կացէք եւ վերստին ծառայութեան լծի տակ մի մտէք։
2Ահա ես՝ Պօղոսը, ձեզ ասում եմ, որ, եթէ թլփատւէք, Քրիստոս ձեզ ոչնչով չի օգնի։
3 Վկայում եմ թլփատւող ամէն մարդու, որ պարտաւոր է ամբողջ օրէնքը կատարել։
4 Դուք, որ օրէնքով էք արդարանում, Քրիստոսից կտրւած էք, շնորհքից ընկած.
5 որովհետեւ մենք Հոգու միջոցով հաւատքից ենք սպասում արդարութեան յոյսը.
6 քանի որ նա, ով միացած է Քրիստոս Յիսուսին, ո՛չ թլփատւած լինելը արժէք ունի եւ ո՛չ անթլփատ լինելը, այլ հաւատը, որ սիրով է գործում։
7 Լաւ էր ձեր ընթացքը, ո՞վ ձեզ կանգնեցրեց, որ չհնազանդւէք ճշմարտութեանը։
8 Այս թելադրանքը նրանից չէ, ով ձեզ կանչում է։
9 Մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգւածը։
10 Իսկ ես վստահ եմ ձեր վրայ Տիրոջով, թէ ուրիշ կերպ չէք խորհում. եւ ով ձեր միտքը խռովում է, դատաստան կը կրի՝ ո՛վ էլ լինի։
11 Իսկ ես, եղբայրնե՛ր, եթէ թլփատութիւն էի քարոզում, ինչո՞ւ եմ դեռ հալածւում։ Ապա ուրեմն խաչի գայթակղութիւնը արգելւած է։
12 Երանի՜ թէ արմատախիլ լինէին նրանք, որ ձեր միտքը խռովում են։
13 Եղբայրներ, դուք կոչւած էք ազատութեան. միայն թէ ձեր ազատութիւնը պաճառը մարմնի ցանկութիւնների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցէք միմեանց.
14 որովհետեւ ամբողջ օրէնքը այս մէկ խօսքի մէջ է ամփոփւում. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս՝ ինքդ քեզ»։
15 Իսկ եթէ միմեանց կծէք եւ ուտէք, զգո՛յշ եղէք, գուցէ թէ միմեանց ոչնչացնէք։

Հոգու Գործերը եւ Մարմնի Գործերը

16 Բայց ասում եմ ձեզ. Հոգով ընթացէք եւ մարմնի ցանկութիւնը մի կատարէք,
17 քանի որ մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եւ քանի որ սրանք միմեանց հակառակ են, մի արէք այն, ինչ ուզում էք։
18 Իսկ եթէ Հոգով էք առաջնորդւում, ապա օրէնքի տակ չէք.
19 որովհետեւ մարմնի գործերը յայտնի են. այսինքն՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն,
20 կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ,
21 չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպէս որ առաջուց էլ ասում էի, թէ նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայութիւնը չեն ժառանգելու։
22 Իսկ Հոգու պտուղն այս է՝ սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն,
23 քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն. այսպիսի բաներին օրէնք չկայ։
24 Իսկ նրանք, որ քրիստոսեաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով եւ ցանկութիւններով հանդերձ։
25 Եթէ ապրում ենք Հոգով, ըստ Հոգու էլ ընթանանք։
26 Եւ սնապարծ չլինենք՝ միմեանց գրգռելով եւ միմեանց նախանձելով։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Գաղատացիներ
ԳԼ . 6
Ողորմած եւ Ներողամիտ Լինելը

1 Եղբայրնե՛ր, եթէ ձեզնից մէկը ինչ-որ յանցանքի մէջ բռնւի յանկարծ, դուք, որ հոգեւոր էք, վերահաստատէք նրան հեզութեան ոգով. զգոյշ եղէք ինքներդ ձեր նկատմամբ, որպէսզի դուք էլ փորձութեան չենթարկւէք։
2 Միմեանց բեռը վեր առէք եւ այդպիսով կատարեցէ՛ք Քրիստոսի օրէնքը։
3 Եթէ մէկը կարծում է, թէ ինքը մի բան է, եւ սակայն չէ, ինքն իրեն է խաբում։
4 Թող իւրաքանչիւր ոք կշռադատի իր գործը եւ ապա՝ ինքն իր վրայ միայն պարծենայ եւ ոչ թէ ընկերոջ հետ համեմատւելով. 5 որովհետեւ իւրաքանչիւր ոք իր բեռն է կրելու։
6 Աշակերտը թող մասնակից անի ուսուցչին բոլոր բարի բաներում։
7 Չխաբւէք. Աստւած չի ծաղրւում,
8 որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կը հնձի ապականութիւն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կը հնձի յաւիտենական կեանք։
9 Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետեւ յարմար ժամանակին պիտի հնձենք, եթէ չթուլանանք։
10 Ահա թէ ինչու, քանի դեռ ժամանակ կայ, բարին գործենք բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ։

Խրատներ եւ Բարեւներ

11 Տեսէք, թէ ինչպիսի՛ գրերով գրեցի ձեզ իմ այս ձեռքով.
12 որովհետեւ նրանք, որ ցանկանում են ըստ մարմնի լաւ մարդ երեւալ, նրանք են ստիպում ձեզ, որ թլփատւէք։ Միայն թէ Քրիստոսի խաչի յետեւից չգնան.
13 քանի նրանք, որ թլփատւած են, օրէնքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատւէք, որպէսզի ձեր մարմնով պարծենան։
14 Սակայն քաւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչւած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար.
15 որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ նոր արարած լինելը։
16 Եւ թող խաղաղութիւն ու ողորմութիւն լինի բոլոր նրանց վրայ, որ ապրում են այս կանոնի համաձայն, ինչպէս նաեւ Աստծու Իսրայէլի վրայ։
17 Այսուհետեւ թող ոչ ոք ինձ նեղութիւն չտայ, որովհետեւ ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները։
18 Եղբայրներ, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը թող ձեր հոգու հետ լինի։ Ամէն։

=============