Պօղոս Առաքեալի Նամակը Եփեսացիներ
ԳԼ . 1
Քրիստոսի հոգեւոր օրհնութիւնը

1 Պօղոսը Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, Եփեսոսում եղած սրբերին եւ հաւատացեալներին ի Քրիստոս.
2շնորհք ձեզ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
3Օրհնեալ է Աստւած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգեւոր օրհնութեամբ, երկնային աշխարհում.
4նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպէսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրով։
5Նախասահմանեց մեզ որդեգրութեան Յիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի հաճութեան։
6Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով։
7Նրանով է, որ ունենք փրկութիւն, նրա արեան միջոցով մեղքերի թողութիւն, ըստ իր շնորհքի մեծութեան չափի, 8որ եւ առատացաւ մեր մէջ ամենայն իմաստութեամբ եւ գիտութեամբ։ 9Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. նա դրանք նախապէս սահմանած էր Նրանով, 10որպէսզի, ժամանակների լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ամէն ինչ Քրիստոսով բովանդակւի։
11Նրանով է, որ ժառանգեցինք մեզ վիճակւած բաժինը, ըստ առաջադրութեան Աստծու, որ ամէն ինչ յաջողեցնում է իր կամքի խորհուրդների համաձայն. 12մենք՝ նախապէս Քրիստոսին յուսացողներս, նախասահմանւած եղանք գովելու նրա փառքը։
13Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտութեան խօսքը՝ ձեր փրկութեան Աւետարանը, որին հաւատալով կնքւեցիք խոստացւած Սուրբ Հոգով, 14որ մեր ժառանգութեան առհաւատչեան է մինչեւ այն օրը, երբ կատարելապէս կը տիրանանք փրկութեանը՝ ի գովութիւն նրա փառքի։

Պօղոսի Աղօթքը

15Ուրեմն ես էլ, երբ լսեցի ձեր հաւատի մասին, որ ունէք ի Տէր Յիսուս, եւ սիրոյ մասին, որ ունէք բոլոր սրբերի հանդէպ, 16չեմ դադարում գոհութիւն յայտնել ձեզ համար՝ յիշելով ձեզ իմ աղօթքներում, 17որպէսզի մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստւածը Հայրը փառքի, ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան հոգի իրեն ճանաչելու համար։
18Նա լուսաւոր պիտի դարձնի ձեր սրտի աչքերը, որպէսզի մենք հասկանանք, թէ ի՛նչ է նրա կոչման յոյսը, ի՛նչ է նրա ժառանգութեան փառքի մեծութիւնը սրբերի մէջ 19եւ ի՛նչ է նրա զօրութեան գերազանց մեծութիւնը։
20Նա իր ամենակարող զօրութիւնը ցոյց տւեց Քրիստոսով, երբ նրան յարութիւն տւեց մեռելներից եւ նստեցրեց իր աջ կողմում, երկնքի մէջ՝ 21ամէն իշխանութեան, պետութեան, զօրութեան ու տէրութեան վրայ, այլեւ ամէն անւան վրայ, որ տրւում է ոչ միայն այս աշխարհում, այլ նաեւ ապագայ կեանքի։
22Նա ամէն ինչ հնազանդեցրեց Յիսուսի ոտքերի տակ եւ նրան հաստատեց, իբրեւ գլուխ եկեղեցու, բոլոր բաների վրայ, 23եկեղեցի, որ նրա մարմինն է, լրացնումը նրա, ով ամէն ինչ լցնում է ամէն բանի մէջ։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եփեսացիներ
ԳԼ . 2
Վերակենդանութիւն Յիսուս Քրիստոսով

1 Եւ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու յանցանքների մէջ, 2որոնցում մի ժամանակ ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորութեան՝ հնազանդւելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մէջ։
3Նրանց թւում եւ մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի կրքերով եւ կատարում մարմնի ու մտքի ցանկութիւնները. եւ իսկապէս Աստծու բարկութեան արժանի մարդիկ էինք ուրիշների նման։
4Բայց Աստւած, որ առատ է ողորմութեամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, 5մինչ մեռած էինք մեր մեղքերի մէջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով (որովհետեւ շնորհքով փրկւեցինք)։
6Նրա հետ յարութիւն տւեց մեզ եւ նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Յիսուսով, 7որպէսզի գալիք բոլոր դարերում ցոյց տայ իր շնորհի անչափելի մեծութիւնը մեր նկատմամբ՝ քաղցրութեամբ ի Քրիստոս Յիսուս.
8որովհետեւ Աստծու շնորհքով փրկւածներ էք հաւատի միջոցով. եւ այս ձեզնից չէ, այլ պարգեւն է Աստծու, 9ոչ էլ ձեր գործերից է, որպէսզի ոչ ոք չպարծենայ.
10որովհետեւ նրա արարածներն ենք՝ Քրիստոս Յիսուսով ստեղծւածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստւած առաջուց պատրաստեց մեզ, որպէսզի դրանք կատարենք։

Մէկ Քրիստոս

11Ուրեմն դուք յիշեցէք, որ մի ժամանակ հեթանոսներ էիք մարմնով, այսինքն՝ անթլփատ էիք (այդպէս էիք կոչւում մարմնի վրայ ձեռքով կատարւած թլփատութիւն չունենալու պատճառով), 12քանի որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք եւ հեռացած Իսրայէլի քաղաքացիութիւնից, օտարացած խոստման ուխտերից եւ ոչ մի յոյս չունէիք ու առանց Աստծու էիք աշխարհում։
13Իսկ այժմ, Յիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձաւորներ եղաք Քրիստոսի արեամբ, 14որովհետեւ նա է մեր խաղաղութիւնը, նա, որ երկուսը մէկ դարձրեց. քանդեց իր մարմնի մէջ միջնորմը՝ թշնամութիւնը, 15եւ հրամաններով տրւած պատւիրանների օրէնքը ջնջեց, որպէսզի իրենով երկուսին դարձնի մի նոր մարդ եւ խաղաղութիւն հաստատի 16ու իր խաչով հաշտեցնի երկուսին մէկ մարմնի մէջ Աստծու հետ. որովհետեւ թշնամութիւնն սպանեց իր խաչով։
17Եւ եկաւ խաղաղութիւն աւետարանեց ձեզ՝ հեռու եղողներիդ, եւ խաղաղութիւն՝ մօտ եղողներիդ. 18որովհետեւ նրանով է, որ երկուսս էլ արտօնութիւն ունենք մերձենալու Հօրը մէ՛կ Հոգով։
19Ապա ուրեմն, օտար եւ պանդուխտ չէք, այլ՝ համաքաղաքացի սրբերին եւ ընտանի՝ Աստծուն, 20կառուցւած առաքեալների եւ մարգարէների հիմքի վրայ, որի անկիւնաքարը Քրիստոս Յիսուսն է։ 21Նրա վրայ ներդաշնակութեամբ հաստատւած ամբողջ կառոյցը Տիրոջով վերաճում է մի սուրբ տաճարի, 22որի մէջ դուք էլ նրա հետ կառուցւում էք որպէս բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եփեսացիներ
ԳԼ . 3
Պօղոսի Գործը հեթանոսների համար

1 Ահա թէ ինչու ես՝ Պօղոսը, ձեզ՝ հեթանոսներիդ համար Յիսուս Քրիստոսի բանտարկեալն եմ։
2Թերեւս դուք լսած լինէք Աստծու շնորհքի տնտեսութեան մասին, որ տրւեց ինձ ձեզ համար. 3որովհետեւ յայտնութեամբ ցոյց տրւեց ինձ խորհուրդը, ինչպէս աւելի վերեւ գրեցի ձեզ համառօտակի, 4որպէսզի կարող լինէք ընթերցել եւ տեսնել իմ իմացութիւնը Քրիստոսի խորհրդի մէջ, 5խորհուրդ, որ այլ սերունդների մարդկանց որդիներին ցոյց չտրւեց, ինչպէս այժմ այն յայտնւեց իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին Սուրբ Հոգու միջոցով, 6որպէսզի հեթանոսները Քրիստոս Յիսուսի միջոցով ժառանգակից, նոյն մարմնի անդամ եւ նրա խոստմանը հաղորդակից լինեն Աւետարանով։
7Եւ այդ Աւետարանին ես սպասաւոր եղայ ըստ Աստծու շնորհի այն պարգեւների, որ տրւեցին ինձ նրա զօրութեան ներգործութեամբ 8(ես, որ յետինն եմ բոլոր սրբերի, ինձ տրւեց այս շնորհքը)՝ աւետարանելու հեթանոսներին Քրիստոսի անքնին մեծութիւնը 9եւ բոլորին լուսաւորելու, որպէսզի գիտենան, թէ ի՛նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ ծածկւած էր ի յաւիտենից Աստծու մօտ, որ ստեղծեց ամէն ինչ, 10որպէսզի եկեղեցու միջոցով յայտնի լինի այժմ երկնային իշխանութիւններին եւ պետութիւններին Աստծու բազմապատիկ իմաստութիւնը, 11նրա յաւիտենական նախասահմանութեան համաձայն, որ նա իրագործեց Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով։
12Մենք էլ համարձակութիւն եւ արտօնութիւն ունենք մերձենալու Աստծուն այն վստահութեամբ, որ ունենք Յիսուս Քրիստոսին հաւատալով։
13Ուրեմն աղաչում եմ, որ չընկճւէք ձեզ համար մեր կրած նեղութիւնների պատճառով, նեղութիւններ, որ մեր փառքն են։

Քրիստոսի Սէրը

14Ահա թէ ինչու ծնկի եմ գալիս մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջ, 15որից իր անունն է ստանում ամէն ազգատոհմ երկնքում եւ երկրի վրայ, 16որպէսզի դուք, ըստ իր փառքի մեծութեան, իր Հոգու միջոցով զօրութեամբ ամրանաք ներքնապէս.
17այնպէս որ, ձեր հաւատի միջոցով, Քրիստոս բնակւի ձեր սրտերում, եւ դուք սիրոյ մէջ արմատաւորւած ու հաստատւած լինէք. 18եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թէ ի՛նչ է լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը, 19այսինքն՝ ճանաչէք Քրիստոսի սէրը, որ գերազանց է, քան ամէն գիտութիւն, որպէսզի լցւէք Աստծու լրիւ ամբողջութեամբ։
20Ուրեմն, նրան, որ կարող է աւելին անել, առաւել առատութեամբ, քան այն ամէնը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում, ըստ այն զօրութեան, որ գործում է մեր մէջ, 21նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Յիսուսով, բոլոր ժամանակներում, յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եփեսացիներ
ԳԼ . 4
Խորհուրդ Քրիստոսով Միաբանութիւն

1 Ուրեմն, աղաչում եմ ձեզ, ես՝ Տիրոջ համար բանտարկւածս, որ գնանաք այնպէս, ինչպէս վայել է այն կոչմանը, որին կոչւեցիք. 2կատարեալ խոնարհութեամբ, հեզութեամբ եւ համբերութեամբ հանդուրժեցէ՛ք միմեանց սիրով, 3ջանացէ՛ք պահել հոգու միութիւնը խաղաղութեան կապով. 4մէ՛կ մարմին եւ մէ՛կ հոգի, ինչպէս որ մէ՛կ է ձեր յոյսը, որին Աստւած կոչեց մեզ։
5Մէ՛կ Տէր կայ, մէ՛կ հաւատ, մէ՛կ մկրտութիւն, 6մէ՛կ Աստւած, Հա՛յր բոլորի, որ է բոլորի վրայ, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ։
7Բայց մեզնից իւրաքանչիւրին տրւած է շնորհք ըստ Քրիստոսի պարգեւած չափի. 8դրա համար էլ ասում է. 9«Ելաւ» -ն ի՞նչ է, եթէ ոչ այն, որ իջաւ նախ երկրի ստորին կողմը։ 10Նա, որ իջաւ, նոյն ինքն է, որ բարձրացաւ երկինքներից աւելի վեր, որպէսզի լցնի ամբողջ տիեզերքը։
11Նա շնորհք տւեց ոմանց լինելու առաքեալներ, ոմանց՝ մարգարէներ, ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ՝ 12հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ, ի շինութիւն Քրիստոսի մարմնի, 13մինչեւ որ մենք բոլորս հասնենք հաւատի կատարեալ միութեանն ու Աստծու Որդու ճանաչմանը, կատարեալ մարդու աստիճանին՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը։
14Այնպէս որ, այսուհետեւ չլինենք երեխաներ, որոնք տարուբերւում ու քշւում են վարդապետութեան բոլոր փոթորիկներից, մարդկանց խաբեբայութեամբ, որոնք խորամանկութեամբ, խաբելով մոլորեցնում են. 15այլ ճշմարտութեամբ ապրելով սիրոյ մէջ, ամէն բան աճեցնենք նրա՛ մէջ, որ գլուխն է՝ Քրիստոս։
16Նրանից է կախւած ամբողջ մարմինը, իրար ամրօրէն միացած զանազան յօդերով, այնպէս որ, երբ մարմնի իւրաքանչիւր մասը գործում է ինչպէս որ պէտք է, ամբողջ մարմինը աճում է եւ կառուցւում սիրոյ մէջ։

Քրիստոսով Նոր Կեանք

17Երբ որ, այս բանն եմ ասում եւ վկայում Տիրոջով. դուք այլեւս չընթանաք այնպէս, ինչպէս որ այլ հեթանոսներն են գնում իրենց մտքի ունայնութեամբ. 18նրանց մտքերը մթագնւած են, եւ իրենք օտարացած են Աստծու կեանքից՝ իրենց մէջ եղած տգիտութեան պատճառով, որն իրենց սրտի կուրութեան հետեւանքն է։
19Նրանք իրենց յոյսը կտրեցին եւ ագահութեամբ անձնատուր եղան անառակութեան եւ ամէն տեսակ պիղծ գործերի։
20Բայց դուք այսպէս չսովորեցիք Քրիստոսին. 21թէպէտեւ լսել էք նրա մասին եւ սովորել նրանից, թէ Յիսուսի մէջ է ճշմարտութիւնը. 22հեռացրէք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ կեղտոտւած է խաբեպատիր ցանկութիւններով. 23նորոգւեցէ՛ք ձեր մտքով եւ հոգով 24ու հագէք նոր մարդը, որ ստեղծւած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ։
25Ուրեմն դէն գցեցէք ստախօսութիւնը. իւրաքանչիւրը թող իր ընկերոջն ասի ճշմարտութիւնը, որովհետեւ միմեանց անդամներ ենք։ 26Թէ բարկանաք էլ, մեղք մի գործէք. արեգակը ձեր բարկութեան վրայ թող մայր չմտնի. 27եւ Սատանային տեղի մի տւէք։
28Ով գողանում էր, այլեւս թող չգողանայ, այլ մանաւանդ թող աշխատի իր ձեռքերով բարիք արտադրել, որպէսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մէջ է։
29Ոչ մի տգեղ խօսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խօսքը, որ շինիչ է եւ օգտակար, որպէսզի շնորհով լցւի նա, ով այն լսում է։
30Եւ մի՛ տրտմեցրէք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքւեցիք փրկութեան օրւայ համար։
31Ամէն դառնութիւն, բարկութիւն, զայրոյթ, աղաղակ եւ հայհոյութիւն թող վերանայ ձեզնից՝ իրենց չարութեամբ հանդերձ։
32Միմեանց հետ եղէ՛ք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստւած ներեց մեզ Քրիստոսով։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եփեսացիներ
ԳԼ . 5
Լոյսի Մէջ Ապրել

1 Նմանւեցէ՛ք Աստծուն, որպէս սիրելի զաւակներ, 2եւ ընթացէք սիրով, ինչպէս որ Քրիստոս սիրեց մեզ եւ իր անձը մատնեց մեզ համար որպէս անուշահոտ պատարագ եւ զոհ Աստծուն։ 3Հեռու ձեզնից պոռնկութիւն եւ ամէն տեսակ պղծութիւն կամ ագահութիւն. դրանց անունն իսկ թող չյիշւի ձեր մէջ, ինչպէս որ վայել է սրբերին. 4եւ հեռո՛ւ ձեզնից կեղտոտխօսութիւն կամ յիմար խօսք կամ խեղկատակութիւն, որ վայել չեն. այլ, մանաւանդ, գոհութիւն թող մատուցւի Աստծուն։
5Այս բանն իմացէ՛ք, թէ ամէն պոռնիկ կամ պիղծ կամ ագահ մարդ, որ կռապաշտ է, Աստծու եւ Քրիստոսի թագաւորութեան մէջ ժառանգութիւն չունի։
6Անիմաստ խօսքերով թող ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ դրա համար է, որ գալիս է Աստծու բարկութիւնը անհնազանդ մարդկանց վրայ։
7Ուրեմն՝ նրանց մասնակից մի՛ եղէք, 8որովհետեւ, թէպէտեւ մի ժամանակ խաւար էիք, հիմա լոյս էք ի Տէր. ընթացէք ինչպէս լուսոյ որդիներ. 9քանի որ լուսոյ պտուղներն են բարութիւնը, արդարութիւնը եւ ճշմարտութիւնը։
10Ստուգեցէք, թէ որն է հաճելի Տիրոջը. 11եւ խաւարի անպտուղ գործերին մասնակից մի եղէք, այլ մանաւանդ մերկացրէք դրանք, 12որովհետեւ, ինչ որ նրանք գործում են ծածուկ, այդ մասին խօսելն իսկ ամօթ է. 13այլ ամէն ինչ բացայայտւելով՝ լոյսով յայտնի է լինում, քանի որ ամէն ինչ, որ յայտնի է, լոյս է։
14Դրա համար էլ ասում է. 15Տեսէք, թէ ինչպիսի զգուշութեամբ պէտք է գնանաք. ոչ թէ ինչպէս անմիտներ, այլ՝ ինչպէս իմաստուններ. 16ժամանակն օգտագործեցէք, քանի որ օրերը չար են. 17դրա համար անմիտ մի եղէք, այլ իմացէք, թէ ի՛նչ է Տիրոջ կամքը։
18Եւ մի հարբէք գինով. դրա մէջ անառակութիւն կայ. այլ մանաւանդ լցւեցէք Հոգով, 19որպէսզի խօսէք միմեանց հետ սաղմոսներով, օրհներգութիւններով եւ հոգեւոր երգերով, որպէսզի երգէք եւ ձեր սրտերում սաղմոս ասէք Տիրոջը։
20Գոհութիւն յայտնեցէք ամէն ժամ ամէն ինչի համար Հօրը եւ Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով։

Կանայք Եւ մարդիկ

21Հնազանդւեցէք միմեանց Քրիստոսի երկիւղով։
22Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կը հնազանդւեն Տիրոջը, 23որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. եւ ինքն է Փրկիչը այդ մարմնի։
24Եւ ինչպէս եկեղեցին հնազանդւում է Քրիստոսին, նոյնպէս եւ կանայք թող հնազանդւեն իրենց մարդկանց ամէն ինչում։
25Մարդի՛կ, սիրեցէք ձեր կանանց, ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, 26որ սրբացնի աւազանի մաքրութեամբ՝ խօսքով, 27որպէսզի նա իր առաջ փառաւոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի կեղտ կամ աղտեղութիւն կամ նման բաներից ոչինչ չունենայ, այլ լինի սուրբ եւ մաքուր։
28Նոյն ձեւով մարդիկ պարտաւոր են սիրել իրենց կանանց իբրեւ իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում. 29որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում եւ խնամում է այն, ինչպէս որ Քրիստոս՝ եկեղեցին. 30քանի որ անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից եւ նրա ոսկորներից։
31«Դրա համար մարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը պիտի լինեն մէկ մարմին»։
32Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի եւ եկեղեցու վերաբերեալ։
33Դուք էլ նոյնպէս ամէն մէկդ նո՛յնը արէք, որպէսզի իւրաքանչիւր ոք իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը, եւ կինը երկնչի իր մարդուց։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եփեսացիներ
ԳԼ . 6
Որդիներ Եւ Ծնողներ

1 Որդիներ, հնազանդ եղէք ձեր ծնողներին ի Տէր, որովհետեւ դա է ճիշտը։
2Պատուիր քո հօրն ու մօրը, - որ առաջին պատւիրանն է՝ տրւած խոստումով, 3որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար կեանք ունենաս երկրի վրայ։
4Հայրեր, մի զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով։

Ծառաներ Եւ Մարմնաւոր տէրեր

5Ծառաներ, հնազանդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին ահով եւ դողով եւ անկեղծ սրտով, ինչպէս հնազանդ էք Քրիստոսին. 6ո՛չ թէ հսկողութեան տակ ծառայելով, որպէս մարդահաճոյ անձեր, այլ՝ որպէս Քրիստոսի ծառաներ՝ կատարելու համար Աստծու կամքը։
7 Յօժարութեամբ ծառայեցէք, ինչպէս պիտի ծառայէիք Տիրոջը եւ ոչ թէ՝ մարդկանց։ 8Իմացէք, որ իւրաքանչիւր ոք թէ ծառայ եւ թէ ազատ, ինչ բարի բան որ անի, նոյնն էլ կը ստանայ Տիրոջից։
9Եւ դուք, տէրեր, նոյնն արէք նրանց հանդէպ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացէ՛ք, որ եւ նրանք, եւ դուք Տէր ունէք երկնքում, եւ նրա առաջ աչառութիւն չկայ։

Հոգեւոր Զինւորութիւն

10Եւ վերջապէս, զօրացէք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ. 11եւ Աստծու սպառազինութիւնը հագէք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. 12որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։
13Ուրեմն առէք Աստծու սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. 14եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատուն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝ 15ձեր ոտքերը ամրացրէք խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ։
16Եւ այս բոլորի վրայ, առէք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։
17Եւ առէք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուրը, որ է Աստծու խօսքը։
18Ամենայն աղօթքներով եւ աղաչանքներով ամէն ժամ աղօթեցէք Հոգով. եւ այդ բանի մէջ հսկեցէք անխոնջ յարատեւութեամբ եւ աղաչանքներով բոլոր սրբերի համար, 19նաեւ ինձ համար, որպէսզի ինձ խօսք տրւի իմ բերանը բանալու համարձակութեամբ՝ ցոյց տալու համար Աւետարանի խորհուրդը, 20որի պատգամաւորն եմ ես այս կապանքներով, որպէսզի իմ այս վիճակում համարձակւեմ խօսել, ինչպէս որ պարտաւոր եմ խօսել։
21Բայց որպէսզի դուք էլ գիտենաք իմ մասին, թէ ինչ եմ անում, Տիւքիկոս սիրելի եղբայրը եւ Տիրոջ հաւատարիմ պաշտօնեան ձեզ ամէն ինչ կը տեղեկացնի այդ մասին. 22նրան ուղարկեցի ձեզ մօտ, որպէսզի դուք տեղեակ լինէք մեր մասին, եւ նա մխիթարի ձեր սրտերը։
23Խաղաղութիւն եղբայրներին եւ սէր հաւատով հանդերձ՝ Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
24Շնորհք բոլոր նրանց, որոնք սիրում են մեր Տէր Յիսուս Քրիստոսին անեղծութեամբ։

=============