Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 1
Պօղոսը Շնորհակալութիւն Կը Յայտնէ Աստծուց

1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, եւ Տիմոթէոս եղբայրը, Կորնթոսում գտնւող Աստծու եկեղեցուն, Աքայիայի բոլոր կողմերում եղող բոլոր սրբերով հանդերձ.
2շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
3 Օրհնեալ է Աստւած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստւած ամենայն մխիթարութեան,
4որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ, որով մենք ենք մխիթարւում Աստծուց.
5որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կը լինի.
6քանզի, եթէ նեղութիւն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ եթէ մխիթարւում ենք, այդ՝ ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում։
7Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը.
8որովհետեւ, եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք գիտենաք Ասիայում մեզ պատահած այն նեղութեան մասին, որը մեր կարողութիւնից աւելի ծանր տարանք, մինչեւ իսկ կեանքից մեր յոյսը կտրելու աստիճան.
9եւ մենք մեր անձի վրայ իսկ կրեցինք մահւան վճիռը, որպէսզի մենք չապաւինենք մեզ, այլ՝ Աստծուն, որ յարութիւն է տալիս մեռելներին, 10որ այդպիսի մահւանից փրկեց մեզ եւ կը փրկի.
11 որովհետեւ յոյս ունենք, թէ դեռ պիտի փրկի՝ մեզ համար ձեր արած աղօթքների օգնութեամբ, որպէսզի շատեր այդ աղօթքների միջոցով առատօրէն մեզ տրւած շնորհները տեսնելով՝ գոհութիւն տան Աստծուն մեզ համար։

Պօղոսի Ծրագիրի Փոփոխութիւնը

12 Որովհետեւ մեր պարծանքն այս է. մեր խղճմտանքի վկայութիւնը. այն՝ որ սրբութեամբ ու Աստծու ճշմարտութեամբ եւ ոչ մարմնաւոր իմաստութեամբ, այլ Աստծու շնորհով ենք ընթացել աշխարհում, իսկ առաւել եւս՝ ձեր հանդէպ.
13որովհետեւ ձեզ այլ բան չենք գրում, քան այն, ինչ կարդում եւ հասկանում էք. եւ յոյս ունեմ, թէ մինչեւ վերջը կը հասկանաք,
14ինչպէս որ փոքրիշատէ հասկացաք նաեւ մեզ, որ ձեր պարծանքն ենք, ինչպէս եւ դուք՝ մերը՝ մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրը։
15Եւ այս վստահութեամբ էի կամենում նախ գալ ձեզ մօտ, որպէսզի դուք կրկին շնորհ ընդունէք,
16եւ ձեզնից գնալ Մակեդոնիա ու վերադառնալով Մակեդոնիայից՝ գալ ձեզ մօտ եւ ձեր կողմից ճանապարհ դրուել դէպի Հրէաստան։
17Իսկ եթէ այս բանը մտածեցի, միթէ փոփոխամտութեա՞մբ վարւեցի. եւ կամ՝ ինչ որ մտածում եմ, մարդկայի՞ն շարժառիթներով եմ մտածում, այնպէս որ իմ կողմից թող այոն լինի այո, եւ ոչը՝ ոչ։
18Վկայ է Աստւած, որ ձեզ հասած մեր խօսքը այո եւ ոչ չէ միաժամանակ.
19 Որովհետեւ Աստծու Որդին՝ Յիսուս Քրիստոս, որ քարոզւեց ձեր մէջ մեր միջոցով՝ իմ, Սիղուանոսի եւ Տիմոթէոսի, չեղաւ թէ՛ այո եւ թէ՛ ոչ, այլ Նա «այո՛ն» եղաւ Աստծու.
20որովհետեւ Աստծու այնչա՜փ խոստումները այո՛ն եղան Նրա մէջ. դրա համար էլ Նրանով է, որ ասում ենք ԱՄԷՆ՝ Աստծու փառքի համար։ 21Եւ նա, որ հաստատեց մեզ ի Քրիստոս ձեզ հետ միասին եւ օծեց մեզ, Աստւած է,
22որ մեզ կնքեց էլ եւ Հոգու առհաւատչեան դրեց մեր սրտերի մէջ։
23Եւ ես Աստծուն եմ վկայ կանչում իմ անձի համար, որ ձեզ խնայելու համար է, որ այլեւս չեկայ Կորնթոս. եւ ձեր հաւատի վրայ չենք իշխում, այլ գործակից ենք ձեր այդ շնորհներին, քանի որ հաւատով հաստատուն էք։

=============

Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 2
Ներում Նախատողներին

1Բայց այս բանը որոշեցի, որ ուրիշ անգամ տրտմութեամբ ձեզ մօտ չգամ.
2որովհետեւ, եթէ ե՛ս տրտմեցնեմ ձեզ, էլ ո՞վ է, որ կ՚ուրախացնի ինձ, եթէ ոչ նրանք, որոնց տրտմութիւն պատճառեցի ես։
3Եւ այն, ինչ գրեցի, գրեցի նրա համար, որ, երբ գամ, տրտմութիւն չկրեմ այնտեղից, որտեղ պէտք է, որ ես ուրախանայի. վստահ եմ ձեր բոլորի վրայ, որ իմ ուրախութիւնը ձեր բոլորինն է.
4որովհետեւ բազում վշտերի եւ սրտի նեղութեան պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով, ոչ որպէսզի տրտմէք, այլ իմանաք իմ սէրը, որն ունեմ առաւել չափով ձեր հանդէպ։
5Իսկ եթէ մէկը տրտմեցրեց, ոչ թէ միայն ինձ տրտմեցրեց, այլ, որպէսզի չչափազանցեմ, որոշ չափով նաեւ՝ ձեզ բոլորիդ։
6Այնպիսի մէկի համար բաւական է այն պատիժը, որը տրւեց շատերից.
7այնպէս որ, դրան հակառակ, դուք պէտք է ներէք նրան եւ մխիթարէք, որպէսզի չափազանց տրտմութիւնից չխորտակւի նա։
8Ուրեմ, աղաչում եմ ձեզ նրա հանդէպ վերստին սէ՛ր ցոյց տալ։ 9Հէնց դրա համար էլ գրեցի, որպէսզի ձեզ փորձեմ, թէ ամէն ինչում հնազա՞նդ էք,
10որովհետեւ, եթէ մէկին ներէք, ես էլ կը ներեմ, քանի որ, եթէ ներեմ, ինչ որ ներեմ, ձեզ համար է՝ ի դէմս Քրիստոսի,
11որպէսզի չլինի, թէ Սատանան առաւելութիւն ունենայ մեր վրայ, քանի որ անտեղեակ չենք նրա մտադրութիւններին։
12Երբ ես հասայ Տրովադա Քրիստոսի Աւետարանի քարոզութեան համար, գտայ, որ ինձ համար դուռը բաց էր ի Տէր,
13բայց իմ հոգում հանգիստ չունեցայ. եւ որովհետեւ ես այնտեղ չգտայ իմ եղբօրը՝ Տիտոսին, ուստի, հրաժեշտ տալով նրանց, գնացի Մակեդոնիա։

Յիսուս Քրիստոսով Յաղթութիւնը

14Արդ, գոհութիւն Աստծու, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ,
15քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ ե՛ւ փրկւածների մէջ, ե՛ւ կորստեան մատնւածների մէջ.
16ոմանց՝ մահւան հոտ, որ տանում է դէպի մահ եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք։ Եւ ո՞վ է կարող այս բանն անել.
17 որովհետեւ նման չենք ուրիշների, որ Աստծու խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծու կողմից ուղարկւածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծու առաջ։

=============

Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 3
Նոր Ուխտի Պաշտօնեաները

1Այսպէս, վերստին սկսենք մենք մեզ յանձնարարել. թէպէտեւ մեզ, ինչպէս ոմանց, պէտք չեն յանձնարարական թղթեր՝ ներկայացնելու ձեզ եւ կամ՝ պահանջելու ձեզնից.
2այլ մեր թղթերը դուք էք՝ գրւած մեր սրտերում, ճանաչւած եւ կարդացւած բոլոր մարդկանցից։
3 Յայտնի էք որպէս Քրիստոսի թղթեր՝ մեզնից հոգացուած եւ գրուած ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թէ քարեղէն տախտակների վրայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վրայ։
4Այսպիսի մի վստահութիւն ունենք առ Աստւած՝ Քրիստոսի միջոցով.
5մենք անձամբ մեզնից որեւէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողութիւնը,
6որը եւ կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտօնեաներ լինելու՝ ոչ թէ գրով, այլ հոգով, քանի որ օրէնքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում։
7Արդ, եթէ քարեղէն տախտակների վրայ գրով դրոշմւած մահւան ծառայող օրէնքը տրւեց այնպիսի փառքով, որ իսրայէլացիները չկարողացան նայել Մովսէսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ վաղանցուկ էր,
8որչա՜փ եւս առաւել հոգու ծառայութիւնը փառքով կը լինի.
9արդարեւ, եթէ օրէնքը, որ դատապարտելու պաշտօնն ունէր, փառաւոր էր, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի հոգին, որ արդարացնելու պաշտօն ունի.
10քանի որ այն, որ փառաւոր էր, անփառունակ դարձաւ նրա՛ առաջ, որի փառքը գերազանց էր.
11որովհետեւ, եթէ, ինչ որ շուտ անցնեղ էր, տրւեց փառքով, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի այն, որ գալու էր։
12Եւ արդ, քանի որ այսպիսի յոյս ունենք, մեծ համարձակութիւն ենք ունենում մեր վարմունքի մէջ.
13եւ ոչ Մովսէսի նման, որ քող էր գցում իր երեսին, որպէսզի իսրայէլացիները չտեսնեն այն փառքը, որ շուտ անցնեղ էր։
14Բայց նրանց միտքը կուրացաւ. քանի որ մինչեւ այսօր նոյն քողը ձգւած մնում է Հին Կտակարանի ընթերցւածների վրայ եւ չի վերանում, որովհետեւ Քրիստոսի միջոցով է վերացւելու։
15Եւ մինչեւ այսօր, երբ Մովսէս են կարդում, նոյն վարագոյրը մնում է նրանց սրտերի վրայ։
16Իսկ երբ դառնան Տիրոջը, ապա վարագոյրը կը վերացւի,
17որովհետեւ Տէրն ինքը Հոգին է. ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է։
18Եւ մենք բոլորս բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը ինչպէս հայելու մէջ, նոյն պատկերով ենք նորոգւում փառքից փառք, որպէս թէ Տիրոջ Հոգով։

=============

Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 4
Հոգեւոր Գանձ Հողեղէն Անօթների Մէջ

1 Քանի որ ունենք այս պաշտօնը Աստծու ողորմութեամբ, չենք տկարանում.
2այլ հրաժարւեցինք ամօթալի խորհուրդներից, որպէսզի խորամանկութեամբ չընթանանք եւ Աստծու խօսքը չնենգափոխենք, այլ ճշմարտութիւնը յայտնելով՝ մենք մեզ յանձնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծու առաջ։
3Եւ եթէ մեր Աւետարանը ծածկւած իսկ է, ծածկւած է կորստեան մատնւածների համար,
4որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստւածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի Աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծու։
5Ոչ թէ մենք մեզ ենք քարոզում, այլ Յիսուս Քրիստոսին Տիրոջը, իսկ մեզ որպէս ծառաներ ձեզ Քրիստոսի համար. 6որովհետեւ Աստւած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից։
7Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից։
8Ամէն կողմից ճնշւած, բայց ոչ ընկճւած, կարօտեալ, բայց ոչ յուսահատ, 9հալածւած, բայց ոչ լքւած, չարչարւած, բայց ոչ մեռած։
10Ամէն ժամ մեր մարմինների մէջ կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնւի մեր մարմինների մէջ.
11քանի, դեռ կենդանի ենք, միշտ մահւան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնւի մեր մահկանացու մարմինների մէջ։
12Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ։
13Ուրեմն, հաւատքի նոյն հոգին ունենք, ինչպէս գրւած էլ է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»։ Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք։
14Այս գիտենք, թէ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կը տայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կը կանգնեցնի իր առաջ.
15քանզի ամէն ինչ ձեզ համար է, որպէսզի շատերի գոհութեամբ առատացած շնորհը աւելանայ ի փառս Աստծու։

Հաւատքով Ապրել

16Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թէեւ մեր այս արտաքին մարդը քայքայւում է, բայց մեր ներքին մարդը նորոգւում է օրըստօրէ.
17որովհետեւ մեր թեթեւ նեղութեան առժամանակեայ յաճախանքը մեր մէջ առաջ է բերում յաւիտենական փառք, որ գերազանցում է ամէն ինչ.
18քանի որ չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին, որովհետեւ տեսանելիները ժամանակաւոր են, իսկ անտեսանելիները՝ յաւիտենական։

=============

Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 5
Հաւատացեալների Մխիթարութիւնը Աւետարանով

1 Քանի գիտենք, որ, եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերւի, Աստծուց շինւած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում։
2Եւ այս մարմնի մէջ ողբում ենք, որովհետեւ փափագում ենք երկնքի բնակութիւնը հագնել։
3Միայն թէ, երբ այն հագնենք, մերկ չլինենք. 4քանի որ, մինչ այս հողեղէն տան մէջ ենք տրտում ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ երկնայինը հագնել սրա վրայ, որպէսզի, ինչ որ մահկանացու է, կուլ երթալ կեանքից։
5Եւ Աստւած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տւեց մեզ Հոգու գրաւը։
6Արդ, ամէն ժամ քաջութիւն ունենք եւ գիտենք, որ ինչքան երկար մնանք այս մարմնի մէջ, օտարանում ենք Տիրոջից 7(որովհետեւ հաւատով ենք ընթանում եւ ոչ թէ երեւոյթների վրայ հիմնւած)։
8Եւ վստահութիւն ունենք ու առաւել եւս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից եւ մտնել Աստծու մօտ։
9Ուրեմն հոգ ենք տանում, որ, մնանք թէ դուրս գանք, հաճելի լինենք միայն նրան.
10քանի որ մենք բոլորս Քրիստոսի ատեանի առաջ պիտի ներկայանանք, որպէսզի իւրաքանչիւրն ստանայ, ինչ որ արել է աւելի առաջ իր մարմնով թէ բարի եւ թէ չար։
11Բայց, գիտենալով Տիրոջ երկիւղի չափը՝ ջանում ենք համոզել մարդկանց. սակայն յայտնի ենք Աստծու առաջ. եւ ես յոյս ունեմ, որ ձեր խղճմտանքի առաջ էլ յայտնի կը լինենք։
12Ոչ թէ մենք մեզ կրկին ենք յանձնարարում ձեզ, այլ առիթ ենք տալիս ձեզ մեզնով պարծենալու համար, որպէսզի պատասխան ունենաք նրանց դէմ, որոնք աչքին երեւացածով են պարծենում եւ ոչ թէ սրտում եղածով.
13որովհետեւ, եթէ մենք խելագարւել ենք էլ, Աստծու համար է այն. եւ եթէ զգաստ ենք, ձեզ համար է այն.
14որովհետեւ Քրիստոսի սէրն ստիպում է մեզ քննելու այս բանը, որ, եթէ մէկը բոլորի փոխարէն մեռաւ, ապա ուրեմն բոլորը մեռած էին.
15եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ նրա համար, ով մեռաւ եւ յարութիւն առաւ իրենց համար։
16Այսուհետեւ մենք ոչ ոքի չենք ճանաչում ըստ մարմնի. որովհետեւ, թէեւ ըստ մարմնի ճանաչում էինք Քրիստոսին, բայց այժմ այլեւս նոյն ձեւով չենք ճանաչում։
17Իսկ եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է. որովհետեւ հինն անցաւ, եւ հիմա ամէն ինչ նոր եղաւ։
18Եւ ամէն ինչ Աստծուց է, որ հաշտեցրեց մեզ իր հետ, Քրիստոսի միջոցով, եւ մեզ տուեց հաշտութեան պաշտօնը։
19Քանզի Աստւած էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ եւ հաշւի չառաւ նրանց մեղքերը ու տւեց մեզ հաշտութեան խօսքը։
20Արդ, պատգամաւորներ ենք Քրիստոսի, որպէս թէ ինքն Աստւած մեզնով կոչ ուղղէր ձեզ. աղաչում ենք յանուն Քրիստոսի, որ հաշտւէք Աստծու հետ.
21որովհետեւ նրան, ով մեղքը չէր ճանաչել, Աստւած մեզ համար մեղաւոր արեց, որպէսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք։

=============

Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 6
Քրիստոսի Հաւատարիմ Պաշտօնէութիւնը

1 Ուրեմն, Աստծուն գործակից լինելով աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհքն ի զուր ընդունած չլինէք. 2որովհետեւ ասում է.
3Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը
։ 4Եւ ոչ մի առիթով պատճառ մի եղէք, որ մեր պաշտօնը չարատաւորւի.
5այլ, բոլոր դէպքերում, դուք ձեզ ներկայացրէք իբրեւ Աստծու պաշտօնեաներ՝ ցոյց տալով մեծ համբերութիւն նեղութիւնների մէջ, վշտերի մէջ, չարչարանքների մէջ,
6հարւածների տակ, բանտերում, խռովութիւնների մէջ, տքնութիւնների մէջ, հսկումների մէջ, ծոմապահութեան մէջ,
7սրբութեամբ, գիտութեամբ, համբերութեամբ, քաղցրութեամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով,
8ճշմարտութեան խօսքով, Աստծու զօրութեամբ, արդարութեան զէնքով՝ յարձակւելու եւ պաշտպանւելու համար,
9փառքով եւ անարգութեամբ, գովութեամբ եւ պարսաւանքով, իբրեւ թէ մոլորեցնողներ, բայց ճշմարտութիւնից չշեղւածներ,
10իբրեւ թէ անծանօթներ, բայց բոլորից ճանաչւածներ, իբրեւ թէ մահամերձներ, բայց եւ ահա կենդանի ենք, իբրեւ թէ պատժւածներ, բայց ոչ մահապարտներ,
11իբրեւ թէ տրտմածներ, բայց եւ շարունակ ուրախ ենք, իբրեւ թէ տնանկներ, բայց եւ շատերին ենք հարստացնում, իբրեւ թէ ոչինչ չունենք, բայց՝ ունենք ամէն ինչ։
12Կորնթացիներ, մեր բերանները բաց են պատգամելու համար ձեզ, եւ մեր սրտերը՝ լայն։
13Մենք չէ, որ նեղում ենք ձեզ, այլ դուք ձեր սրտերում էք նեղւում։
14Արդ, դուք էլ նոյն հատուցումն անելով, - որդիների տեղ եմ դնում ձեզ, - լայնօրէն բաց արէք ձեր սրտերը։
15Անհաւատներին լծակից մի եղէք, որովհետեւ ինչ կապ ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ կամ ինչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ.
16եւ կամ ինչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ինչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ.
17կամ ինչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած.
18ասում է Ամենակալ Տէրը։

=============

Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 7
Յորդորել Դէպրի Մաքուր Կեանք

1 Սիրելիներ, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով։
2Հանդուրժեցէք մեզ, որովհետեւ ոչ ոքի չվնասեցինք, ոչ ոքի չապականեցինք եւ ոչ ոքի չզրկեցինք։
3 Ձեզ դատապարտելու համար չեմ ասում, քանի որ առաջ էլ ասացի, թէ մեր սրտերում էք՝ լինի ձեզ հետ մեռնելու թէ ապրելու համար։
4Մեծ վստահութիւն ունեմ ձեր հանդէպ. մեծապէս հպարտ եմ ձեզնով. լի եմ մխիթարութեամբ. մեր բոլոր նեղութիւնների մէջ լցւած եմ ուրախութեամբ.
5որովհետեւ, երբ մենք Մակեդոնիա հասանք, ոչ մի բանով հանգիստ չունեցանք, այլ ամէն կողմից նեղութիւն կրեցինք, քանի որ դրսից պայքարներ էին, իսկ ներսից՝ արհաւիրքներ։
6 Բայց Աստւած, որ մխիթարում է խոնարհներին, մխիթարեց մեզ Տիտոսի գալով.
7ոչ միայն նրա գալով, այլեւ այն մխիթարութեամբ, որով մխիթարուել էր նա ձեզ մօտ՝ պատմելով մեզ ձեր տենչանքը, ձեր լացուկոծը, ձեր նախանձախնդրութիւնը իմ հանդէպ, այնպէս որ ես էլ աւելի ուրախ եղայ։
8Եւ եթէ ձեզ տխրեցրի էլ այդ թղթով, չեմ զղջում դրա համար, թէպէտեւ զղջացել էի. որովհետեւ տեսնում եմ, որ այդ թուղթը առժամանակ տխրեցրել է ձեզ։
9Ուրեմն, ուրախ եմ. ոչ որովհետեւ տրտմեցիք, այլ որովհետեւ ապաշխարութեան համար տրտմեցիք, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այնպէս որ մեզնից ոչ մի բանով վնաս չկրեցիք.
10որովհետեւ տրտմութիւնը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարութիւն է առաջ բերում փրկութեան համար, որը զղջում չի պատճառում. իսկ աշխարհի տրտմութիւնը մահ է առաջ բերում։
11Արդ, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այդ բանը ինչ փութկոտութիւն արթնացրեց մեր մէջ, կամ ինչ արդարացում կամ սաստ կամ երկիւղ կամ տենչանք կամ նախանձախնդրութիւն կամ վրէժխընդրութիւն. արդարեւ ամէն ինչում դուք ձեզ ցոյց տւիք, թէ մաքուր էք այդ հարցում։
12Ապա ուրեմն, եթէ ես ձեզ գրեցի էլ, չգրեցի զրկանք պատճառողի եւ ոչ էլ զրկանք կրողի համար, այլ որպէսզի յայտնի լինի Աստծու առաջ մեր նկատմամբ ձեր ունեցած հոգածութիւնը։
13Ահա թէ ինչու մխիթարւած ենք։ Մեր մխիթարութեան վրայ առաւել եւս ուրախացանք Տիտոսի ուրախութեան համար, քանի որ նրա հոգին ձեզնից՝ բոլորիցդ հանգիստ էր գտել։
14Եւ եթէ ձեզանով մի փոքր պարծեցայ նրա առաջ, չամաչեցի. այլ, ինչպէս ամէն ինչ ճշմարտութեամբ խօսեցինք ձեզ հետ, նոյնպէս եւ Տիտոսի առաջ մեր պարծանքը ճշմարիտ եղաւ։
15Եւ նրա գորովանքը առաւել մեծ է ձեր հանդէպ, երբ յիշեցնում էր մեզ բոլորի հնազանդութիւնը, թէ ինչպէս երկիւղով եւ դողով էք ընդունել նրան։ 16Եւ արդ, ուրախ եմ, որ ամէն ինչում վստահութիւն ունեմ ձեր վրայ։

=============

Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 8
Քրիստոնէական Նւիրում

1 Եղբայրներ, ձեզ ցոյց եմ տալիս Աստծու այն շնորհը, որ տրւած է Մակեդոնիայի եկեղեցիներին.
2որովհետեւ, հակառակ իրենց կրած նեղութեանն ու մեծ փորձութեանը, նրանց ուրախութիւնն անսահման եղաւ, եւ իրենց ծանր աղքատութեան մէջ նրանք մեծ առատաձեռնութիւն ցուցաբերեցին.
3քանի որ իրենց կարողութեան համեմատ եւ նոյնիսկ իրենց կարողութիւնից էլ աւելի յօժար կամքով իրենց տւածի մասին եմ վկայում. 4բազում աղաչանքներով աղաչում էին, որ մեզ տան այն ընծաները եւ պաշտօնի մասնակցութիւնը, որ սրբերի համար է։
5Եւ ոչ միայն այնչափ, որչափ ակնկալում էինք, այլ իրենք իրենց եւս նւիրեցին՝ նախ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստծու կամքով։
6Աղաչեցինք Տիտոսին, որ, ինչպէս սկսել էր աւելի առաջ, նոյն ձեւով եւ աւարտին հասցնի ձեր մէջ այդ շնորհքը եւս։
7Եւ ինչպէս ամէն ինչում հարուստ էք հաւատով, խօսքով, գիտութեամբ, ամենայն փութաջանութեամբ եւ այն սիրով, որ կայ ձեր մէջ մեր հանդէպ, նայեցէք, որ այդ շնորհի մէջ էլ հարուստ լինէք։ 8Հրաման տալով չէ, որ ասում եմ, այլ ուրիշների փութաջանութիւնը տեսնելով՝ ձեր սիրոյ անկեղծութիւնն եմ փորձում,
9քանի որ գիտէք շնորհքները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, նա, որ հարուստ էր, որպէսզի դուք նրա աղքատութեամբ հարստանաք։
10Եւ այս բանի վրայ մի խրատ եմ տալիս, քանի որ դա ձեր օգտի համար է. դուք, որ առաջինը սկսեցիք ոչ միայն անել այդ գործը, այլեւ այն կամենալ դեռեւս անցեալ տարւանից։
11Բայց արդ, աւարտին հասցրէք այն, որովհետեւ ինչպիսի յօժար կամքով որ սկսեցիք, կատարեցէք այն ձեր ունեցուածքի չափով.
12քանի, եթէ առաջուց յօժարութիւնը կայ, տրւածը ընդունելի է ըստ տւողի ունեցածի եւ ոչ թէ ըստ չունեցածի.
13ոչ թէ ուրիշներին հանգստութիւն եմ կամենում, իսկ ձեզ՝ նեղութիւն, այլ թող լինի հաւասարութեամբ.
14ներկայ դէպքում ձեր առատութիւնը թող լցնի նրանց պակասութիւնը, որ նրանց առատութիւնն էլ լցնի ձեր պակասութիւնը, որպէսզի հաւասարութիւն լինի.
15ինչպէս գրուած էլ է, թէ՝
16Բայց, գոհութիւն Աստծուն, որ ձեզ համար մեր ունեցած փութաջանութիւնը դրեց նաեւ Տիտոսի սրտում,
17որ իմ աղաչանքներն ընդունեց եւ առաւել քան յօժարութեամբ շտապեց գալ ձեզ մօտ։
18Եւ նրա հետ ուղարկեցինք այս եղբօրը, որի համբաւը Աւետարանի քարոզութեան մէջ բոլոր եկեղեցիներին ծանօթ է։
19Եւ ոչ միայն այսչափ. այլեւ, նշանակուելով եկեղեցիների կողմից, ճանապարհորդութեան ընկեր դարձաւ մեզ՝ մասնակցելու այն նպաստներին, որ մատուցւում են մեր կողմից Տիրոջ փառքի համար եւ մեր յօժար կամքով։
20Բայց այս բանում զգուշանում էլ էինք, որ չլինի, թէ մէկը արատաւորի այն ծառայութիւնը, որ մատուցւում է մեր կողմից. 21քանի որ բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլեւ մարդկանց առաջ։
22Եւ ուղարկեցինք նրանց հետ մեր եղբօրը, որին փորձեցինք շատ բաների մէջ՝ շատ անգամ փութաջան գտնելով նրան. եւ այժմ նա էլ աւելի փութաջան է ձեր հանդէպ իր ունեցած մեծ վստահութեամբ։
23Իսկ եթէ խօսք լինի Տիտոսի մասին, նա իմ հաւասարն է եւ իմ գործակիցը ձեր մէջ։ Գալով մեր եղբայրներին, նրանք եկեղեցիների կողմից ուղարկւածներ են եւ Քրիստոսի փառքը։
24Եւ արդ, բոլոր եկեղեցիների առաջ նրանց նկատմամբ ցոյց տւէք ձեր սիրոյ եւ ձեր հանդէպ մեր պարծանքի ապացոյցը։

=============

Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 9
Օգնութիւն Քրիստոնեայ Ընկերներին

1Սրբերին ի նպաստ եղած օգնութեան մասին աւելորդ է, որ ձեզ գրեմ,
2որովհետեւ գիտեմ ձեր յօժարակամութիւնը, որով ձեր մասին պարծեցել եմ մակեդոնացիների մօտ, թէ՝ «Աքայեցիները անցեալ տարուանից պատրաստ են այդ օգնութեանը»։ Եւ ձեր նախանձախնդրութիւնը շատերին խթանեց։
3Եղբայրներին էլ ուղարկեցինք, որպէսզի այս հարցում ձեր հանդէպ մեր ունեցած պարծանքը ի զուր չլինի, այլ, ինչպէս ասում էլ էի, որ առաւել պատրաստ գտնւէք։
4Չլինի թէ, երբ մակեդոնացիները մեզ հետ գան եւ ձեզ անպատրաստ գտնեն, մե՛նք ամօթով մնանք այդ պարծանքի համար, չասելու համար դուք։
5Արդ, կարեւոր համարեցի խնդրել եղբայրներին, որ աւելի առաջ գան ձեզ մօտ եւ առաջուց պատրաստեն նախապէս ձեր խոստացած նուէրը, որպէսզի պատրաստ լինի այն իբրեւ սրտաբուխ նւէր եւ ոչ թէ ժլատութեամբ եղած ընծայ.
6քանի, ով որ մի բան սերմանում է խնայելով, խնայողութեամբ էլ կը հնձի. եւ ով առատաձեռնօրէն է սերմանում, առատութեամբ էլ կը հնձի։
7Իւրաքանչիւրը թող տայ, ինչպէս յօժար է սրտով եւ ոչ թէ հարկադրաբար եւ տրտմութեամբ. որովհետեւ Աստւած սիրում է զուարթառատ տուրքը։
8Եւ Աստւած կարող է ամէն շնորհք շատացնել ձեր մէջ, որպէսզի ամէն ինչում ամենայն ժամ ամենայն բաւականութիւն ստանալով առատանաք բոլոր բարի գործերում, 9ինչպէս գրւած էլ է.
10Եւ Աստւած, որ սերմ է պարգեւում սերմնացաններին եւ ուտելու հաց, պիտի պարգեւի եւ պիտի բազմացնի նաեւ ձեր սերմնացուն եւ պիտի աճեցնի ձեր արդարութեան պտուղները։
11Ամէն ինչում դուք պիտի հարստանաք ամենայն առատութեամբ, որ մեր միջոցով շնորհակալութեան զգացում է առաջ բերելու Աստծու հանդէպ.
12որովհետեւ այս պաշտօնիս ծառայութիւնը ոչ միայն սրբերի կարիքները լրացնելու համար է, այլեւ շատերի միջոցով Աստծու հանդէպ շնորհակալութիւնը աւելացնելու համար։
13Այս ծառայութեան փորձով շատերը պիտի փառաւորեն Աստծուն՝ Քրիստոսի Աւետարանը խոստովանելու հնազանդութեան եւ այն առատաձեռնութեան համար, որով հաղորդակից էք անում նրանց եւ ամենքին։
14Եւ նրանց աղօթքները ձեզ համար են. քանզի անձկագին սիրում են ձեզ Աստծու այն առատ շնորհների համար, որ կան ձեր մէջ։
15Եւ գոհութիւն Աստծուն՝ նրա անպատում շնորհների համար։

=============

Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 10
Հոգեւոր Իշխանութիւն

1 Եւ աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութեամբ եւ քաղցրութեամբ, ես ինքս՝ Պօղոսը, որ իբրեւ թէ խոնարհ մէկն եմ, երբ ձեր մէջ եմ, բայց երբ հեռու եմ ձեզանից, համարձակ եմ ձեր հանդէպ։
2Աղաչում եմ, որ մօտ գտնւելիս էլ չլինի, թէ համարձակ լինեմ այդ նոյն վստահութեամբ կամ յանդուգն գտնւեմ ոմանց նկատմամբ, որ մեր մասին կարծում են, թէ մարդկային շարժառիթներից ենք մղւում.
3որովհետեւ, թէեւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատումներից մղւած չէ, որ պայքարում ենք 4(քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ այլ՝ Աստծու կողմից տրւած զօրաւոր զէնք է քանդելու համար ամրութիւնները).
5քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին 6եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինելու ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի։
7Իւրաքանչիւրին դիտեցէք ըստ արտաքին տեսքի. եթէ մէկն իր մէջ վստահ է, թէ ինքը Քրիստոսինն է, այս բանն էլ թող խորհի իր մտքում, թէ, ինչպէս ինքը Քրիստոսինն է, նոյնպէս եւ՝ մենք.
8որովհետեւ, եթէ նոյնիսկ աւելի պարծենամ մեր այն իշխանութեան համար, որը տւեց մեզ Տէրը ձեր շինութեան եւ ոչ թէ ձեզ կործանելու համար, ոչնչով չեմ ամաչելու,
9որպէսզի ձեր մէջ թղթերով ահ գցող մէկը չթւամ։
10Ասում են՝ այս թղթերը ծանր են ու խիստ, իսկ նրա մարմնի տեսքը տկար է, եւ խօսքը՝ արհամարհելի։
11Այդ ասողը թող իմանայ, թէ, ինչպիսին որ ենք հեռւից այդ թղթերի խօսքերով, նոյնպիսին կը լինենք նաեւ մօտիկից՝ գործերով.
12արդարեւ, չենք համարձակւում մենք մեզ համեմատել եւ հաւասարեցնել ոմանց, որոնք գովաբանում են իրենք իրենց, բայց չեն հասկանում, որ իրենցով են չափում իրենք իրենց եւ իրենցով են համեմատում իրենց։
13Իսկ մենք պարծենում ենք ոչ թէ չափից դուրս, այլ՝ ըստ չափի այն կանոնի, որը Աստւած մեզ բաժանեց, որպէսզի հասնենք մինչեւ ձեզ։
14Եւ մենք առաջ չենք գցում մեզ, որպէս թէ ձեզ մօտ հասած չլինէինք, քանզի Քրիստոսի Աւետարանով մենք առաջինը հասանք ձեզ մօտ։
15Եւ սահմանւած չափից դուրս չենք պարծենում ուրիշի աշխատանքով, այլ յոյս ունենք, որ ձեր հաւատի աճումով, ըստ մեր գործի չափի, առաւել կը մեծանանք ձեզնով՝
16ձեզնից այն կողմ էլ աւետարանելու համար՝ առանց պարծենալու ուրիշի կատարած գործերով.
17բայց ով պարծենում է, թող Տիրոջով պարծենայ.
18քանի որ ոչ թէ նա է ընտրեալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տէրն է գովում։

=============

Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 11
Սուտ Առաքեալների Ունայնամտութիւնը

1 Լաւ կը լինէր, եթէ մի փոքր հանդուրժէիք իմ անմտութիւնը. եւ անշուշտ կը հանդուրժէք.
2ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծու նախանձախնդրութեամբ. որովհետեւ ձեզ նշանեցի մի մարդու՝ որպէս մի անբիծ կոյս Քրիստոսին ներկայացնելու համար։
3Բայց երկիւղ եմ կրում, թէ մի գուցէ, ինչպէս օձն իր խորամանկութեամբ խաբեց Եւային, ձեր միտքը ապականւի ու շեղւի Քրիստոսի հանդէպ ձեր ունեցած պարզամտութիւնից.
4որովհետեւ, եթէ որեւէ մէկը գայ ու քարոզի մի ուրիշ Քրիստոս, որին մենք չքարոզեցինք, կամ առնէք ուրիշ հոգի, որը չառաք մեզնից, կամ ուրիշ աւետարան, որը չընդունեցիք մեզնից, շատ լաւ պիտի հանբերէիք նրան։
5Բայց ես այնպէս եմ կարծում, թէ ոչ մի բանով պակաս չեմ գերընտիր առաքեալներից։
6Թէեւ անվարժ եմ խօսքի մէջ, բայց ոչ՝ գիտութեամբ. սակայն ամէն ինչում մեր գիտութիւնը ամբողջովին ցոյց տւինք ձեզ։
7Եւ մի մեղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, այն էլ նրա համար, որ դուք բարձրանաք, քանի որ Աստծու Աւետարանը ձրի աւետարանեցի ձեզ։
8Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի՝ թոշակ առնելով, որպէսզի ձեզ ծառայեմ։ 9Եւ երբ եկայ ձեզ մօտ, թէեւ կարիքի մէջ էի, ձեզնից ոչ ոքի բեռ չեղայ. քանի որ իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եւ ամէն կերպ, առանց ձեզ բեռ լինելու, ինքս ինձ պահեցի եւ պիտի պահեմ,
10որովհետեւ իմ մէջ կայ Քրիստոսի ճշմարտութիւնը։ Այս պարծանքը չի վերանայ ինձնից Աքայիայի կողմերում էլ։
11Ինչու։ Նրա համար, որ չեմ սիրում ձեզ։ Աստուած գիտէ այդ։
12Ինչ որ անում եմ ես, ինչ որ անելու եմ, նրա համար է, որ վերացնեմ պատճառաբանութիւնները նրանց, որ պատճառ են փնտռում, որպէսզի պարծենան, թէ իրենք էլ իբր մեզ նման աշխատում են.
13որովհետեւ այդպիսիները՝ սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, կերպարանաւորւում են Քրիստոսի առաքեալների կերպարանքով. 14եւ դա զարմանալի բան չէ. քանի որ ինքը՝ Սատանան էլ է կերպարանաւորւում որպէս լուսոյ հրեշտակ։
15Եւ տարօրինակ չէ, որ նրա պաշտօնեաներն էլ կերպարանաւորւեն որպէս արդարութեան պաշտօնեաներ, որոնց վախճանը կը լինի ըստ իրենց գործերի։
16Դարձեալ ասում եմ. ոչ ոք ինձ յիմար թող չհամարի, - կամ գոնէ իբրեւ յիմար ընդունեցէք ինձ, - որպէսզի ես էլ մի փոքր պարծենամ։
17Եւ ինչ որ խօսում եմ, ոչ թէ ըստ Տիրոջ ուզածի եմ խօսում, այլ՝ որպէս մի յիմար, որ պարծենալու վիճակի մէջ է գտնւում։
18Եւ որովհետեւ շատերն են պարծենում մարդկային նկատումներից առաջնորդւած, ես էլ եմ պարծենալու։
19Դուք՝ իմաստուններդ, անմիտներին սիրով էք հանդուրժում,
20քանի որ հանդուրժում էք, եթէ մէկը խաբում է ձեզ, եթէ մէկը ծառայի տեղ է դնում ձեզ, եթէ մէկն ուտում է ձեր ունեցւածքը, եթէ մէկը վերցնում է, ինչ որ ձերն է, եթէ մէկը յոխորտում է, եթէ մէկը հարւածում է ձեր երեսին։
21Ամաչելով եմ ասում, որպէս թէ մենք տկարացած լինէինք երբեւէ. ով ինչ բանի մէջ համարձակւի պարծենալ (յիմարութեամբ եմ ասում), ես էլ եմ համարձակւելու։
22Եբրայեցինե՞ր են՝ ես էլ. իսրայէլացինե՞ր են՝ ես էլ. 23Աբրահամի՞ սերունդ են՝ ես էլ. Քրիստոսի՞ պաշտօնեաներ են (առաւել յանդգնութեամբ կ՚ասէի, թէ)՝ ես առաւել եւս։ Եթէ վաստակով առաւել. եթէ գանակոծութեամբ առաւել եւս. եթէ բանտարկութեամբ՝ աւելի քան նրանք. եթէ մահւան վտանգով բազում անգամ։
24Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մէկով պակաս ծեծ կերայ. 25երեք անգամ ձաղկւեցի. մէկ անգամ քարկոծւեցի. երեք անգամ նաւաբեկութեան ենթարկւեցի. մէկ ցերեկ եւ մէկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի։
26Ճանապարհորդութիւնների ընթացքում բազում անգամ վտանգներ՝գետերից. վտանգներ աւազակներից. վտանգներ՝ ազգակիցներից. վտանգներ՝ հեթանոսներից. վտանգներ՝ քաղաքում. վտանգներ՝ անապատում. վտանգներ՝ ծովում. վտանգներ՝ սուտ եղբայրներից։
27Բազում անգամ եղայ աշխատանքների եւ յոգնութիւնների մէջ՝ յաճախ անքուն մնալով, քաղցի եւ ծարաւի մէջ, առանց մի պատառ հացի, այլեւ՝ ցրտի մէջ ու մերկութեան։
28Մէկ կողմ թողած այլ նեղութիւններ եւ դեռ այն, որ շարունակ ամբոխն իմ վրայ էր կուտակւում. կային եւ բոլոր եկեղեցիների հոգսերը։
29Կա՞յ տկար մէկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ. կա՞յ գայթակղւած մէկը, որի համար իմ սիրտը այրւած չլինի։
30Եթէ պարծենալ է պէտք, իմ տկարութեանը վերաբերող բաներով պիտի պարծենամ։
31Աստուած եւ մեր Տէր Յիսուսի հայրը, որ օրհնեալ է յաւիտեանս, գիտէ, որ չեմ ստում։
32Դամասկոսում Արետաս արքայի կառավարիչը հսկողութեան տակ էր պահում Դամասկոս քաղաքը՝ ինձ բռնելու համար.
33բայց պատուհանից զամբիւղով ինձ կախեցին պարսպից ներքեւ, եւ ես փախայ նրա ձեռքից։

=============

Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 12
Պօղոսի Տեսիլքները ու Յայտնութիւնները

1 Ուրեմն, ես պէտք է պարծենամ, թէեւ ոչ մի օգուտ չունի պարծենալը։ Սակայն պիտի պատմեմ ձեզ Տիրոջ տեսիլքների եւ յայտնութիւնների մասին։
2Գիտեմ մի մարդու ի Քրիստոս, որ տասնչորս տարի առաջ (թէ մարմնով էր՝ չգիտեմ, եւ թէ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստուած գիտէ) յափշտակւեց մինչեւ երրորդ երկինք։
3Եւ գիտեմ այդպիսի մարդու (թէ մարմնով էր կամ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստուա՛ծ գիտէ), 4որ յափշտակւեց մինչեւ դրախտ եւ լսեց անպատում խօսքեր, որ մարդս արտօնւած չէ խօսել։
5Այդպիսի մէկով պիտի պարծենամ. բայց ես ինձնով չպիտի պարծենամ, այլ միայն՝ իմ տկարութիւններով.
6որովհետեւ, եթէ ուզենամ էլ պարծենալ, յիմարի մէկը չեմ լինի. քանի որ ճշմարիտն եմ ասում. բայց հրաժարւում եմ ասելուց. գուցէ մէկը աւելի համարում ունենայ իմ մասին, քան ինչ որ տեսնում է իմ մէջ կամ լսում է ինձնից։
7Եւ որպէսզի այդ յայտնութիւնների առատութեամբ չհպարտանամ, ինձ տրւեց մարմնի խայթ, Սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի ինձ, որպէսզի չգոռոզամտանամ։
8Եւ դրա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի։
9Բայց ասաց ինձ. «Իմ շնորհքը քեզ բաւ է, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում»։ Եւ արդ, լաւ էլ է, որ ես պարծենամ իմ տկարութիւններով, որպէսզի իմ մէջ բնակւի Քրիստոսի զօրութիւնը։
10Դրա համար գոհունակութեամբ համակերպւում եմ տկարութիւններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին եւ նեղութիւններին՝ Քրիստոսի համար. որովհետեւ, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր։

Հոգատարութիւն Կորնթացիների Հանդէպ

11Յիմար եղայ պարծենալով, քանի դուք որ ստիպեցիք. որովհետեւ պէտք էր, որ ես ձեզնից վկայութիւն ստանայի, թէ ոչնչով պակաս չգտնւեցի, քան գերընտիր առաքեալները, թէպէտեւ ես ոչինչ եմ։
12Սակայն ձեզանում առաքեալի նշաններ գործւեցին ամենայն համբերութեամբ՝ նշաններով, սքանչելիքներով եւ զօրութիւններով։
13Եւ արդ, ինչո՞վ պակաս մնացիք այլ եկեղեցիներից, եթէ ոչ նրանով, որ ես ձեզ բեռ չեղայ։ Ներեցէք ինձ այդ յանցանքը։
14Ահա այս երրորդ անգամ պատրաստւում եմ գալ ձեզ մօտ եւ ձեզ բեռ չեմ լինի. որովհետեւ ձեր ունեցածը չէ որ փնտռում եմ, այլ՝ ձեզ. քանի որ որդիները պարտաւոր չեն հայրերի համար գանձ դիզել, այլ՝ հայրերը որդիների համար։
15Բայց ես ինքնայօժար կերպով կը ծախսեմ եւ կը ծախսուեմ ձեզ համար, թեկուզ եւ, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրուեմ։
16Ասենք թէ՝ ես բեռ չեղայ ձեզ. որովհետեւ խորագէտ էի, խորամանկութեամբ բռնեցի ձեզ։
17Միթէ ձեզնից օգուտ քաղեցի նրանցով, որոնց առաքեցի ձեզ մօտ։
18Խնդրեցի Տիտոսին եւ նրա հետ այն եղբօրն էլ ուղարկեցի։ Միթէ Տիտոսը ձեր ունեցածին աչք տնկեց։ Նոյն ոգով չընթացանք, նոյն շաւիղներով չքայլեցինք։
19Դարձեալ՝ կարծում էք, թէ ձեր առջեւ մենք մեզ ենք պաշտպանում։ Աստծու առաջ Քրիստոսով ենք խօսում, որ ամէն ինչ ձեր շինութեան համար է, սիրելիներ։
20Սակայն վախենում եմ, որ, երբ գամ, գուցէ ձեզ չգտնեմ այնպէս, ինչպէս ես կամենում եմ, եւ ես էլ ձեզ համար լինեմ այնպէս, ինչպէս դուք չէիք կամենայ։ Գուցէ դարձեալ լինեն վէճեր, նախանձ, բարկութիւններ, գրգռութիւններ, չարախօսութիւններ, բամբասանքներ, գոռոզութիւններ, ամբարտաւանութիւններ, խռովութիւններ։
21Երբ գամ, գուցէ դարձեալ իմ Աստւածն ինձ տկար դարձնի ձեր առաջ, եւ սուգ անեմ նախապէս մեղանչած շատերի համար, որոնք չեն ապաշխարել իրենց գործած պղծութեան, պոռնկութեան եւ վաւաշոտութեան համար։

=============

Պօղոս Առաքեալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին
ԳԼ . 13
Ինքնաճանաչութիւն եւ Կատարելութիւն

1Այս երրորդ անգամն է, որ գալու եմ ձեզ մօտ, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատւի ամէն բան։
2Առաջ ասել եմ եւ դարձեալ կանխաւ ասում եմ, որպէս թէ երկրորդ անգամ ներկայ լինեմ ձեր մէջ, թէեւ այժմ հեռւից գրում եմ նախապէս յանցանք գործածներին եւ բոլոր միւսներին. եթէ դարձեալ գամ, չեմ խնայելու ձեզ, 3որ ապացոյց էք փնտռում, թէ ինձնով Քրիստոս է որ ձեզ հետ խօսում է, Քրիստոս, որ հզօր է ձեր մէջ եւ ոչ թէ տկար։
4Թէեւ նա խաչւեց մեր տկարութեան պատճառով, բայց կենդանի է Աստծու զօրութեամբ։ Եւ մենք էլ թէեւ տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կը լինենք նրա հետ Աստծու զօրութեամբ։
5Քննեցէք դուք ձեզ տեսնելու, թէ նոյն հաւատքի մէջ էք. փորձեցէք դուք ձեզ. չգիտէք, թէ Քրիստոս Յիսուս ձեր մէջ է, այլապէս կը լինէիք անպիտան։
6Բայց յոյս ունեմ, թէ կ՚իմանաք, որ մենք անպիտան չենք։
7Եւ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ոչ որպէսզի մենք ընտիր երեւանք, այլ որպէսզի դուք բարին գործէք, հոգ չէ, թէ մենք անպիտան թւանք.
8քանի որ չենք կարող հակառակել ճշմարտութեանը, այլ պաշտպան ենք ճշմարտութեան։
9Ուրախ ենք, երբ մենք տկար ենք, եւ դուք զօրաւոր էք։ Նոյն բանի համար էլ աղօթում ենք, որ դուք հաստատուն լինէք։
10Ուրեմն հեռւից գրում եմ այս բանը, որ, երբ գամ, խստութեամբ չվարւեմ Տիրոջ ինձ տւած իշխանութեամբ, որ շինելու համար է եւ ոչ՝ քանդելու։
11Եւ վերջապէս, եղբայրներ, ողջ եղէք, հաստատուն մնացէք, մխիթարւեցէք, միաբան եղէք, խաղաղութիւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ։
12Ողջոյն տւէք միմեանց սուրբ համբոյրով. բոլոր սրբերը ողջունում են ձեզ։
13Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, Աստծու սէրը եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեզ հետ լինեն։ Ամէն։

=============