Ամենայն Հայոց Բանաստեղծ
Յովհաննէս Թումանեան

    Յովհաննէս Թումանեանը Ամենայն Հայոց Բանաստեղծ էր նախ և առաջ այն պատճառով , որ մեր բանաստեծներից և` ոչ մէկը չէ կարողացել խտացնել իր բանաստեղծութիւնների մէջ հայ ժողովրդի լաւ ու վատ բարքերը, տրամադրութիւններն ու ձգտումները այնպիսի լրութեամբ, ինչպէս այդ արել է Թումանեանը իր բազմալար քնարով :
    Ամենայն Հայոց Բանաստեղծ էր նա իր քերտողական շունչի լայնութեամբ և իր արւեստի պարզութեամբ, նրբութեամբ և կատարելութեամբ:
    Թումանեանի ստեղծագործութիւններն իր ամբողջութեամբ մէջ եզակի տեղ են գրաւում մեր բանաստեղծական գրականութեան անդաստանում :
    Վերջապէս , Ամենայն Հայոց Բանաստեղծ էր Թումանեանը իր աննախընթաց ժողովրդականութեամբ :
Մանկակն աշխարհում նա մոռացնել տւէց Ղազարոս Աղայեանին և ուրիշներին:
    Կիսագրակէտ ժողովրդական զանգւածների մէջ ոչ մի հայ բանաստեղծ այնքան կարդացւած , հասկաւած ու գնահատւած չէ , ինչքան Թումանեանը :
    Գրական ճաշակ ունեցող հասարակութեան մէջ ևս նա մեր ժամանակւայ ամենամեծ հայ բանաստեղծի հռչակն ունի :
    Շնորհիւ իր մեծ տաղանդի , անճառելի բարձր ճաշակի , անկեղծ ու զգայուն բանաստեղծական հոգու և սրտի ,նա անմահացրեց իր անունը ու յիշատակը և թողեց գրական ժառանգութեան անբաւ մի գանձ եկող ու գնացող սերունդների համար :
Յովհաննէս Թումանեանի գրական ստեղծագործութիւնը Հայոց մշակոյթի առաջնագոյն և փառահեղ սիւներից մէկն է հանդիսանում , որի դիմաց հիացմունքով գլուխ է խոնարհում հայ մարդն` իր մանկութիւնից սկսած մինչև խորին ծերութիւն :
    Արարիչն ինքը նրան «պօէտ էր սահմանել» և նրա հոգու ու սրտի մէջ վառել աստւածային անմար ու սրբազան կրակը , որից բխող պայծառ լոյսի ճառագայթները տևաբար պիտի լուսաւորեն Հայոց կեանքն ու աշխարհը :
Թումանեանը իր մասին ասել է .
     --«Իմ կնունքին երկինքը` ժամ , արևը` ջահ սրբազան ,
     Ծիածանը նարոտ եղաւ , ամէնքի սէրն` աւազան ,
     Սարը եղաւ կնքահայրս , ցօղը` միւռօն կենսաւէտ
     Ու կնքողը նա ինքն եղաւ , որ սահմանեց ինձ պօէտ» :
Եւ դա կատարւեց 85 տարի առաջ , Լոռւայ ծաղկափթիթ ու չքնաղ լեռների մէջ:
    Թումանեանի կախարդիչ գրչի տակ կերպարանաւորւել , կեանք ու շունչ են առել Լօռւայ վիթխարի լեռներն ու անդունդախոր ձորերը , գիժ Դևբէդը և իր վերևը` յաւերժական գաղտընիքներ խորհող ժայռերը : Եւ այդ բոլորն ամբողջացած հարազատ ու ճշգրիտ համեմատութիւններով ու պայծառ գոյներով :
    Թումանեանը իր հուժկու տաղանդով յաւեժական կեանք է սահմանել Լոռեցի իգիթ հովիւների , սարի աղջիկների , գութանաւորի ու կաճկալի , տէրտէրի ու գրբացի համար, որոնք իրենց տիպիկ դիմագծերով, իրենց նահապետական կեանքով, տոհմիկ ծէսերով, յոռի ադաթներով, աւանդական բարքերով ու սնոտիապաշտ հասկացողութիւններով կոչւած են ցուցաբերելու Հայաստանի մէկ կարևոր գաւառում ապրող գեղջուկ ժողովրդի կեանքն ու կենցաղը :
    Կեանքի խորը ճանաչողութիւնը բանաստեղծին հնարւորութիւն են տւել իրպաշտական ճշմարտութեամբ գծել նահապետական գիւղի նիստն ու կացը, այն խաւարը, նախապաշարմունքն ու յետամնացութիւնը, որոնց զոհերը եղան մատաղահաս Մարօն, մաքուր ու անբիծ սիրով իրար հետ կապւած Անուշն ու Սարօն :Այս ողբերգական կերպարների կողքին Թումանեանը գըծել է հայրենասէր Թաթուլի հերոսական կերպարը և Սասունցի Դաւթի դիւցազնական պատկերը :
Ամենայն Հայոց Բանաստեղծի հայրենասէր և զգայուն սրտի մէջ անդրադարձել են նաև ամենայն հայոց վիշտնւոգորումները :
     Լինելով ծամանակակիցը մեր ազգային ազատագրական փոթորկոտ շրջանի, նա իր գեղարւեստական գործերի մէջ իմաստաւորել ու ներբողել է հայ ոգորումները, տառապակոծ մեր ժողովրդի հերոսական ընդվզումները` ընդդէմ բռնակալութեան :
    Թումանեանի ներշնչման գլխաւոր աղբիւրը միշտ եղել է հայ ժողովուրդն ու հայ երկիրը իր անցեալ ու ներկայ, ոգևորիչ ու տխրառիթ դէպքերով :
     Նրա քնարը յուզւել է նաև համամարդկային վիշտով, իր հոգու բովանդակ թափով նա բողոքեն է անիրաւութեան, անարդարութեան, հասարական չարիքների դէմ և տոգորւել «հաշտ ու խաղաղ մարդկութեան» երջանիկ երազով :
     Բացի գրական աշխատանքից պայծառանուն բանաստեղծապետը մեծ ծառայութիւն է մատուցել նաև կովկասահայ հասարակական ու քաղաքական կեանքին, միշտ նկատի ունենալով հայ ժողովրդի իրական շահը և դէպի այն տանող ճշմարիտ, ուղիղ ճամբան :
     Դժբախտաբար, կարճ եղաւ մեծ բանաստեղծի կեանքը, նա ապրեց ընդամենը 54 տարի, սակայն այդ կարճատեւ կեանքը նա իմաստաւորեց ըստ ամենայնի :

Յովհաննէս Թումանեանի Կենսագրական Գծերը

Տանք մի քանի կենսագրական գծեր նրա մասին :
    Պատմական Տաշիր գաւառն էր այժմեան Լոռին, իր որրանը :
Այստեղ Դսեղ գիւղում, որ մերկայիս իր անունն է կրում, աշխարհ եկաւ մանուկ Յովհաննէսը 1869 Թ. Փետրւար 7-ին :
     Թումանեանների տոհմը մէկն է եղած այդ գաւառի հին ազնւական տոհմերից : Աւանդութիւններով հարուստ մի տոհմ, հաստատւած Լոռւայ ձորի վերին շրթունքներից մէկի վրայ թառած յիշեալ գիւղը :
    Յովհաննէսի հայրը` Տէր Թադէոս եղած է նոյն գիւղի քահանան :
«Ամենալաւ և ամենամեծ բանը,- ասում բանաստեղծը որ ես ունեցել եմ իմ կեանքում, այդ եղել է իմ հայրը :Նաազնիւ մարդ էր և ազնւական բարիս բովանդակ մտքով : Չափազանց մարդասէր ու առատաձեռն, սակաւախօս և զւարճաբան »:
    Եւ ով տեսել է ու ճանաչել մեր բանաստեղծին, բայց ամենից առաջ` մարդը իր անձի մէջ, պէտք է յարէ անմիջապէս, որ նա ուրեմն կտորն է եղել իր հօր, հարազատ ժառանգը և պատկերը նրա :
     Մայրը, «մի կատարեալ սարի աղջիկ», եղել է հօր հակապատկերը :
    «Երկու ծայրայեղօրէն տարբեր արարածներ հանդիպել են իրարու» ;     Ահա այդ ծնոդների յարկի տակ է բացել փոքրիկ Յովհաննէս իր աչքերը :
     Սկզբնական ուսումը նա ստանում է նախ իրենց գիւղում, Սահակ վարժապետի մօտ` աիպիկ Թոդիկական խալիֆայի, որ գիւղի սենեակներից մէկում հաւաքած երեխաներին կառավարում էր «գաւազանաւ երկաթաւ» :
     Բայց շուտով Յովհաննէսին տեղափոխում են Լոռու կենտրոնավայրը` Ջալալօղլի գիւղաքաղաքը (ներկայիս Ստեփանաւան) , ուր այն ժամանակ արդէն, բանաստեղծի ասելով, «օրինակելի դպրոցկար Տիգրան վարժապետի հսկողութեան տակ» : Տասը տարեկան էր այդ ժամանակ Յովհաննէսը :
    Ջալալօղլուց նրան տեղափոխում են Թիֆլիս ու տալիս Ներսէսեան դպրոց : Սակայն այդ միջնակարգ վարժարանն անգամ Թումանեանին չի յաջողւում աւարտել : Կիսատ է թողնում է իր ուսումը և կեանք մտնում :
     Այնուհետեւ իր ուսումը կատարելագործւում է և մտաւոր պաշարը լրացւում ոչ թէ այս կամ այն կրթական հիմնարկութեան պատերից ներս, այլ կեանքի դպրոցում : Սեփական աշխատասիրութեան ապւինած, իր հարուստ գրադարանով շրջապատւած ; Գիրքը և մասնաւորապէս հայ գիրքը դառնում է իր լաւագոյն բարեկամը, հաւատարիմ ընկերը :
     Կեանք է մտնում Թումանենը ուրեմն շատ վադ, տակաւին պատանի հասակում : Ամուսնանում է նաև շատ շուտ, 19 տարեկան ժամանակ : Ու իր շուրջը կազմում է մի նահապետական օրհնւած ընտանիք, ունենալով 11 զաւակ :     Շատ անգամ, ասում է հանգուցեայլը կատակով, ինքս էլ մոռանում եմ երեխաներիս անունները և վերյիշելու համար` քով քովի եմ կանգնեցնում նրանց :
    Թումանեանը գրեթէ իր ողջ կեանքի ընթացքում եղաւ ոչ միայն կոչումնաւոր բանաստեղծ, այլ և զբաղումով գրող : Միայն սկզբնական շրջանում նա փորձեր արաւ զանազան պաշտօնների մէջ մտնել : Ամենից երկարատեւ պաշտօնավարութիւնը, որ ունեցել է նա եղել է Թիֆլիզի Հայոց Հոգևոր Ատեանում: Այդ ևս տևել է ընդամէնը մէկ երկու –տարի միայն:
    Բարեբախտաբար պայմաները նպաստաւոր կերպով են դասաւորւում նրա կեանքում: Այնպէս որ, հակառակ բազմանդամ ընտանիքի հայր և կենսական հոգրով ծանրաբեռնւած լինելուն, շատ շուտ է ազատւում զանազան ծառայութիւնների և գրասենեակների մէջ իր թանգակին ժամանակը սպանելու, իր կորովը թուլացնելու դաժան հարկադրանքից, մի վիճակ, որ բաժին է ընկած եղել դժբախտաբար, շատ հայ գրողների:
    Եւ Թումանեանը իր ողջ էութեամբ ու բոլոր կարողութիւններով նւիրւում է գրական ստեղծագործութեան, հեռու չըմնալով սակայն հայ կեանքը յուզող խնդիրների մէջ իր մասնակցութիւնը բերելու պարտականութիւնից ևս:
     Յիշենք նրա հանրային գխաւոր գծերը:
    Թումանեանը աւելի կամ պակաս չափով աշխատակցել է մեր մամուլի բազմաթիւ օրգանների:
     Իր գրական գործունէութեան սկզբնական շրջանինվերաբերող ատանաւորները մեծ մասով լոյս են տեսել Արասխանեանի «Մուրճ» ամսագրում, ինչպէս նաև Տիգրան Նազարեանի «Աղբիւր» և «Տարազ»հանդէսներում:
     Իննուսունական թւականներին Վարդազարեանի հետ խմբագրել է« Հորիզոն» գրական հանդէսը: 1905 թւից սկսած գլխաւոր և մշտական աշխատակիցը եղաւ «Հասկեր» մանկական ամսագիր: Աշխատակցեց նաև Թիֆլիսի « Յառաջ», «Ալիք», «Հորիզոն »և յաջորդող թերթերին և այլն:
    Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա անդամ եղաւ Թիֆլիսի «Ազգային Բիւրոյին», յետոյ «Ազգային Խորհուրդ»-ի; Թումանեանի հանրային կեանքի մէկ լուսաւոր գիծն էլ այն է, որ նրա և մի շարք ուրիշ գրագէտների ջանքերով Թիֆլիսում հիմնւեց-1912 Թ.- « Հայ Միութիւնը», լինելով վերջինս նախագահը: Նա նախագահն էր համայնավարների օրով հիմնւած « Հայ Արւեստի Տան»: Նա եղել է անդամ մի շարք ուրիշ ընկերութիւնների ևս:
    Թումանեանը հայրենասէր էր բառիս լաւագոյն իմաստով: Հայ Հայրենիքը, հայ ժողովուրդը, հայ հանճարի հին արտայայտութիւնները, մեր Մշակոյթի ներկան ու ապագան անխզելիօրէն կապւած էին նրա հոգու հետ:
     Թումանեանի մէջ միշտ վառ է եղել հանրային գործ կատարելու տրամադրութիւնը: Հայ ազատագրական շարժումները 99-ական թւականների վերջերից սկսում են ծաւալւել Կովկասում: Թումանեանը նրանց մէջն է: Եկեղեցական կալւածների բռնագրաւման և հայ- թաթարական կռիւների ժամանակ նա խիստ գործօն դերի մէջ է եղել:     Թումանեանը ամէն առթիւ նետւում էր հասարակական կեանքի եռ ու զեռի մէջ, թէև մա քաջ գիտէր, որ այս գործերը վնասում են գրական աշխատանքներին, բայց նա չէր կարող քաշւել հանրային գործից, քանի որ շատ զօրեղ էր իր մէջ հանրային գործի ջիղը:
     Ապրում էր Թումանեանը հևի հև, լեցուն կեանքով ամէն տեղ էր ամենքի հետ և ամենքը իր շուրջը:
     Իբրև անհատ, բոլորի վկայութեամբ, Թումանեանը եղել է շատ անուշ, բարի և դիւրահաղորդ մարդ:
    Իր տունը կենտրոնավայր է եղել գրական-մտաւորական շրջանակների համար: Սիրում էր առողջ ուրախութիւնը, զւարթախոհ կատակները, ընկերական թաքուն մթնոլորտը: Տեր էր հաշտարար ոգու, կողմնակից էր համերաշխութեան և գործակցութեան: Բարեացական վերաբերմունք ունէր դէպի մեր հարեւան ժողովուրդները, որոնց ճակատագրին նա սերտօրէն կապւած էր համարում հայ ժողովրդի բախտը: Եւ մեր հարեւանների հետ մերձեցում և բարեկամութիւն հաստատելու համար Թումանեանը աշխատում էր մեծ անկեղծութեամբ ու եռանդով:
     Մարդասեր էր ամբողջ հոգով, թշվառներին ու խեղճերին կարեկից, միշտ պատրաստակամ օգնելու` ում և ինչով որ կարող էր: Իբրեւ «Հայաստանի Օգնութեան Կոմիտէի» նախագահ, նա 1921 Թ. Մեկնում է Պօլիս պազելու համար երկրի տնտեսական ծանր կացութիւնը և օգնութիւն հասցնելու անհրաժեշտութիւնը: Մեծ աշխատանք տարաւ նա այդ ուղղութեամբ ևս:
     Մարդ – բանաստեղծ Թումանեանի արձը սիրւած էր անխտիր ամենքի կողմից, նաև օտարներից: Իրեն սիրողների և յարգողների թիւը համար չունէր: Նրա ներկայութիւնը համ ու հոտ էր տալիս հաւաքոյթներին, անհատում էին նրա զւարթախոհ և ախորժահամ կատակները, երբ թամադայութիւն էր անում:
     Ամենքն էին սիրում մարդ և բանաստեղծ Թումանեանին, մանաւանդ հայ բանաստեղծները:
     Աւ. Իսահակեանի սքանչապատում յուշերի մէջ Թումանեանի համայելի լուսարձանն է պատկերանում:
    Վահան Տէրեանը հիացում ուներ նրա հանդէպ:
     Եղիշէ Չարենցինն է թեւաւոր խօսքը, թէ`
     «Թումանեանը Արարատ է Հայոց քերթողութեան »
    Մի երգի մէջ Չարենցը այսպէս է խօսում Թումանեանի մասին.
    « Թումանեանի երգերը
     Կարդալիս` միծտ ես
     Միտք եմ անում, թէ արդեօք
     Կարող եմ ես էլ
     Լինել այդքան իմաստուն,
    Կարողանամ պիտի ես
    Արդեօք, ինչպէս նա,
     Շաղ տալ ձեռքով լիառատ
    Երգեր ու գանձեր
     Իմաստութեամբ անարատ.. »:
     Վալերի Բրիւսովը, առաջին հանաշխարհային պատերազմից առաջ, հիացած Թումանեանի պօէզիայով, պնդում էր , թէ այն ժամանակւայ Ռուսաստանի բանաստեղծներից և ոչ մէկը չէր կարող համեմատւել Թումանեանի հետ:
    Թումանեանի պօէմները,- ասում է Բրիւսովը ապացոյց են նրա բազմակողմանի ծանօթութեան հայ ժողովրդի կեանքի հետ ու նաև նրա խոր թափանցումին ժողովրդի ոգու մէջ:
     Թումանեանի պօէմները օրօնակ « Անուշը» օտար ընթերցողներին տալիս են շատ աւելի ընդաձակ ծանօթութիւն ժամանակակից Հայաստանի և նրա կեանքի մասին, քան կարող են տալ ուսումնասիրական ամբողջ հատորներ: Աետիք Իսահակեանը, որին կարելի է անւանել « Արագածը Հայ քերթողութեան», հիացիկ տողեր ունի գրած Թումանեանի պօէզիայի մասին. Վերյիշենք նրա ասածը.
    Օհաննէսի լեզուն, ոճը, պայծառութիւնը իր չքնաղ հայրենիքի անհուն, դարաւոր ֆոլկլորից է: Այստեղից է յորդահոս գալիս նրա ստեղծագործութեան աննախընթաց ժողովրդականութիւնը: Իր հրաշագեղ հայրենիքն իր աշխատող ժողովրդով բանաստեղծօրէն վերակառուցւեց նրա անմահ գործերի մէջ:
    Եւ միայն այս ճանապարհով է ժողովրդական արւեստի ճանապարհով, որ անձուկ հայրենիքների ու փոքր ժողովուրդների բուսահողից ծնւած բանաստեղծները դառնում են համամարդկային մեծութիւններ, ինչպիսին են Միստրալը և Թումանեանը:

Յովհաննէս Թումանեան

        Անց են կենում սէր ու խնդում ,
        Գեղեցկութիւն, գանձ ու գայ ,
         Մահը մերն է , մենք մահինը ,
         Մարդու գործն է միշտ անմահ :
Յովհաննէս Թումանեանը , որպէս բանաստեղծ , չունի իրեն հաւասար մէկը 19–րդ ու 20-րդ դարերի հայ գրականութեան մէջ : Նա անզուգական է ու եզակի , ինչպէս Մասիսը իր հոյակապ գեղեցկութեան մէջ անզուգական է ու եզակի հայոց լեռնաշխարհում :
    Եւ շատ ճիշտ էր նկատել առանց դոյզն ինչ չափազանցութեան , Եղիշէ Չարենցը` մի երկրորդ հսկայ հայ պօէզիայի մէջ , երբ ասել էր .
   Կայ Մեծարենց , կայ Տէրեան եւ բազում ուրիշ պօէտներ կան ,
   Բայց Թումանեանն է անհաս Արարատ մեր նոր քերթողութեան :
Անշուշտ իր հանճարի այս մեծութեան ներքին անկեղծ զգացումն էր , որ Յովհաննէս Թումանեանը թէև դժւարութեամբ , բայց ի վերջոյ ընդունել էր Ամենայն հայոց բանաստեղծի տիտղոսը ;
Այս կոչումը ունի իր կարճ պատմութիւնը , որը թողել է մեզ Արշակ Ջամալեանը :
    Իր գեղեցիկ յոդւածի մէջ , նւիրւած Յովհաննէս Թումանեանին , նրա մահւան 10–ամեակի առթիւ «Վէմ» հանդէսում , Արշակ Ջամալեանը գրել էր .
«Տիտղոսները երբեմն զարմանալի պատմութիւններ ունեն :
Զայրոյթի մի վայրկեանին , կիսահեգնական ձևով , Յովհաննէս Թումանեանը իր վրայ առաւ Ամենայն հայոց բանաստեղծի տիտղոսը և այլևս չկարողացաւ դուրս գալ նրա տակից :
«Պատմութիւնը հետեւեալն է .
«1915 –ին Էջմիածնում մի վէճ է ծագում Գէորգ կաթողիկոսի և Յովհաննէս Թումանեանի միջև` տեղական գաղթականներին վեհարանի կիսաւարտ շէնքում տեղաւորելու խնդրի շուրջ ; Կաթողիկոսը , որ լսել անգամ չէր ուզում այդ մասին , իր խօսքն արժեցնելու համար բացականչում է .
-«Վերջապէս , ես ամենայն հայոց կաթողիկոս եմ»:
-« Վերջապէս , ես ամենայն հայոց բանաստեղծ եմ»:
Բորբոքւած վրայ է բերում Յովհաննէս Թումանեանը ,որին կատաղեցրել էր կաթողիկոսի վերբերմունքը դէպի վանքի բակում և Վաղարշապատի փողոցներում թափթփւած գաղթականները ;
Այս վէրը շուտով լայն հասարակութեան սեփականութիւն դարձաւ , և
« Ամենայն հայոց բանաստեղծ»տիտղոսը մի տեսակ ժողովրդականացաւ»:

   Յովհաննէս Թումանեանը իր բանաստեղծական հանճարով գտնւում է նոյյն գծի վրայ , ինչ գծի վրայ են համաշխարհային գրականութեան հսկաները` Հոմերոսը , Ֆերդովսին , Դանտէն , Պուշկինը :
Յովհաննէս Թումանեանը` Հայոց Պուշկինն է . թէ իր բանաստեղծական քնարի բնոյթով և թէ իր տաղանդով :
Ինչպէս Պուշկինը իր «Յուշարձան» բանաստեղծութեան մէջ ասում է իր մասին`-
        Ես կերտեցի անձեռագործ մի յուշաձան ինձ համար ,
        Նրա փառքը չի մթագնի ոչ բամբասանք , ոչ ստւեր…
        Նա ցըցել է յաղթ գլուխը դէպի երկինք սև կամար ,
        Ալէքսանդրիան աշտարակից նոյն իսկ վեր…

        Ես չեմ մեռնի… նւիրական քնարի մէջ իմ հոգին ,
        Թող մարմինը լինի աճիւն , փրթելուց պիտի մնայ զերծ…
        Իմ հռչակը կապրի երկրում , լուսնի տակ տակաւին ,
        Քանի կապրի գէթ մի հատիկ բանաստեղծ…

        Ու կը մնամ երկար ատեն ժողովրդի սիրելին ,
        Որ յուզեցի իմ քնարով զգացմունքներ ես բարի ,
        Որ իմ ապրած դաժան դարում ազատութիւն երգեցի ,
        Ընկածներին կարեկցութեան կոչ արի…

    Այսպէս և Յովհաննէս Թումանեանը երբեք չի մեռնի , քանի հայ ժողովուրդը կապրի երկրի վրայ , արևի լոյսով :
Յովհաննէս Թումանեանը եթէ նոյնիսկ ոչինչ գրած լինէր , այլ միայն` «Անուշը», «Սասունցի Դաւիթը» , «Մի Կաթիլ Մեղրը» , «Շունն ու Կատուն» ,-մէկ-մէկ գլուխ գործոցներ , մէկը միւսից սքանչելի և գեղարւեստական կատարելիութեան հասցրած , - նա կրկին միջազգային գրականութեան անմահների շարքում կը գրաւէր առաջնակարգ ու պատւաւոր տեղ : Հայ բազմաչարչար ժողովրդի արգանդից ծնած այս հանճարը` պատիւ է բերում ոչ միայն իրեն , այլև նրա սիրելի ժողովրդին :
    Ռուս մեծատաղանդ բանաստեղծ Վալերի Բրիւսովը ահա թէ ինչպէս է բնորոշում Յովհաննէս Թումանեանի բանաստեղծական քնարը իր «Հայկական պօէզիա» գրքի յառաջաբանում .
    « Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնների մէջ արդէն երևան է գալիս հայ ժողովրդի գեղարւեստական հանճարը :
    Նրա պօէզիան նախապատրաստած էր հայ գրականութեան ամբողջ պատմական անցեալով :
    Յովհաննէս Թումանեանի պօէզիայի ամենա յատկանշական գիծը` ժողովրդականութիւնն է , այս բառի իսկական իմաստով :
Հայ ժողովըրդի հոգեբանութիւնը , նրա բնաւորութիւնը , մշակւած հազարամեակների ընթացքում , նրա իմաստութիւնը , նրա քնքուշ ու հմայիչ քնարերգութիւնը , նրա պատմական ճակատագիր ողբերգութիւնը և նրա ստեղծագործ հանճարի վեհութիւնը ,- այս ամենը արտացոլւած են բանաստեղծի ստեղծագործութիւնների մէջ :
     Ժողովրդների եղբայրութեան գիտակցութիւնը , նրա խաղաղասիրութիւնը և նրա օրգանական սէրը աշխատանքի , - Թումանեանի ստեղծագործութիւնների առանցքն են կազմում :
     Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութեան « երկրորդ առանձնայատկութիւնը` նրա օրգանական կապն է իր ժողովրդի ազգային և ընկերային պատմութեան հետ»: Բանաստեղծը ողբում է ,Հայի վիշտը` անեզր ծովը :Վիպական ձևով , նուրբ գծերով նա նկարագրում է իր ժողովրդի պատմական ուղին , նրա վայրէջքն ու վերածնութիւնը : Նրա պօէզիայի մէջ տրւած է հայ հողագոևծի նկարագիրը , որը զրկւած է երջանկութեան իրաւունքից , պատկերացրւած է ժողովրդական զանգւածների ծայր աստիճանի աղքատութիւնը :Եւ բանաստեղծը իր հայեացքը ուղղում է դէպի իր ժողովրդի անցեալը , երբ իրականութիւնը ծնունդ էր տալիս լեգենդների ստեղծագործութեան , իսկ լեգենդները մի- մի սիմվոլներ էին իրական կեանքի :
    Յովհաննէս Թումանեանի պօէզիայի երրորդ առանձնայատկութիւնը` մարդ անհատի ապրելու իրաւունքի պաշտպանութիւնն է : Ինքը բանաստեղծ միշտ որոնել է կեանքի ճշմարտութիւնը , նոյնը անում են նրա հերոսները` ծերունիները , երիտասարդները , աղջիկները , տղաները : Եւ նրանք չեն գտնում այդ ճշմարտութիւնը տիրող սօցիալական անհաւասարութեան պայմաններում և ոչ էլ իր զրկւած, ճնշւած ժողովրդի կեանքի մէջ , ոչ անցեալում և ոչ էլ ներկայում :
    Յովհաննէս Թումանեանի պօէզիայի չորրորդ առանձնայատկութիւնը`գեղարւեստական առարկայութիւնն է ;
    Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնների հիմնական գըծերն են` անկեղծութիւնն է , պարզութիւնը , ոճի ու պատկերների ճշմարտութիւնն ու հարազատութիւնը ; Դաստիարակւած Քուչակի , Սայաթ Նովայի , Ֆերդովսի , Հաֆէզի , Օմար Խայեամի , Գէօթէի , Պուշկինի , Լերմոնտովի աւանդութիւններով`Թումանեանը իր բանաստեղծութիւնների մէջ հասնում է լիովին պայծառութեան ու անբռնադատութեան գագաթնակէտին ; Նրա այս վարպետութեան գաղտնիքը նրանումն է , որ Թումանեանը իր բանաստեղծական հանճարով թափանցում է ժողովրդական ստեղծագործութեան ոգու մէջ և լայնօրէն օգտագործում ժողովրդական պօէզիայի պատկերները , կերպարները :

Հրաժեշտ
Այստեղ ահա կըբաժանվենք .
Մնաս բարյավ, սիրելի .
Այսպէս ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի :

Այսեղ ահա քեզ թողնում եմ
Եւ չգիտեմ , ուր կերթաս .
Կասկածներից ոս դողում եմ…
Թող պահպանե քեզ Աստված :

Ա’խ , առանց քեզ տխուր կյանքիս ,
Օրը տարի կդառնաս ,
Բայց ուր լինես , դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա :

Մնաս բարյավ , բայց միշտ հիշիր ,
Որ քեզ շատ եմ կարոտել .
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել :
Յովհաննէս Թումանեան
Լօռու Ձորում
Էն Լօռու ձորն է , ուր հանդիպակաց
Ժայռերը` խորունկ նոթերը կիտած`
Դէմ ու դէմ կանգնած , յամառ ու անթարթ
Հայեացքով իրար նայում են հանդարտ :

Նըրանց ոտքերում` գազազած գալի`
Գալարվում է գիժ Դեւ-բեդը մոլի ,
Խելագար թըռչում քարերի գըլխով ,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով ,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին ,
Փընտրում է ծաղկած ափերը հին – հին
     Ու գոռում գիժ – գիժ .
     -Վա~շ – վի~շշ վա~շ – վի~շշ…

Մութ անձաւներից , հազար ձեւերով ,
Քաջքերն անհագիստ` հըտպիտ ձայներով
Դեւի հառաչքին արձագանգ տալի ,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
     Ու կըրկնում գիժ – գիժ .
     -Վա~շ – վի~շշ վա~շ – վի~շշ…

Գիշերը լուսնի երկչոտ շողերը
Հէնց որ մըտնում են էն խաւար ձորը`
Ալիքների հետ խաղում դողալով ,
Անյայտ ու մռայլ մի կեանքի գալով`
Ոգի է առնում ամեն բան էնտեղ ,
Շընչում է , ապրում եւ մութն եւ ահեղ :

Եւ տախտի վըրայ աղօթում մի վանք ,
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ ,
Մութ աշտարակից , ինչպէս զարհուրանք ,
Բուի կըռինչն է տարածւում մերթ – մերթ ,
Իսկ քարի գըլխից , լուռ մարդու նման ,
Նայում է ձորին մի հին խաչարձան :
1891
Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում...
Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում.
Ինչո՞ւ ես խաղաղ հոգիս փոթորկում
Ուրախ օրերի սիրելի երգով
Եվ սիրտս վառում անցյալի կրակով...
Քո ձայների հետ վաղուց հեռացած
Մի ուրիշ պատկեր մտքումս երևաց.
Ահա, կենդանի կանգնեց առաջիս,
Եվ, ահա, դարձյալ կարոտ ականջիս
Հնչում է նորա ձայնը սրտալի,
Որպես երբեմն, երբ սիրված էի։
Եվ մտքումս ահա լուսավորվեցան
Հին ցնորքներս, անցքեր զանազան,
Գծերը հոգուս ծանոթ դեմքերի,
Տեսարանները հայրենի երկրի,
Այն օրհնյալ երկրի, ուր մի ժամանակ
Վայելում էի լիուլի հրճվանք...
Բայց զրկված եմ ես այժմ բոլորից.
Դու հիշեցնում ես կորուստս նորից՝
Երջանկությունս մռայլ վիճակում
Եվ այդպես անգութ սիրտս կտրատում... Ո՛հ, ներում եմ քեզ, չեմ հանդիմանում.
Չըգիտես, հոգիս, թե ի՛նչ ես անում.
Սակայն մի՛ երգիր այդ երգը ինձ մոտ,
Թո՛ղ, երգիր ուրիշ մի երգ անծանոթ։
1892
Տրտունջ
Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով։

Թաղել եմ նըրանց։ Տխուր է ճամփան։
Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
Օտար ու մենակ անցվորի նըման,
Որ չունի ընկեր, ոչ տեղ ու դադար։

Օտար են շուրջըդ ու չեն հասկանում
Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն,
Անտարբեր գալիք երջանիկ օրին,
Չըգիտեն նըրա կարոտը անքուն...

Չընչի՜ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ
Անսիրտ, փոքրոգի, գըծուծ ու կոպիտ.
Մեռնում են, մարում նըրանց հայացքից
Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ։

Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես,
Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր,
Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես,
էլ ի՞նչպես ապրես անսեր, անընկեր...

Եվ օրերս այսպես տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեգմանների շարքերի միջով։
1902
Գարնան Հիշողություն
Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին,
Երբ գնացինք դիմավորել
Նոր գարունքին ու նոր կյանքին։

Այն լավ օրից տարիք անցած,
Ես այն ճամփով անցնում էի,
Եվ ականջիս դիպավ հանկարծ
Մեր աղմուկը ուրախալի...

Պարզ ու որոշ ես լըսեցի
Այն կենդանի ձայներն, ընկեր.
Շըրըխկոցը բաժակների,
Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր...

Ու սրտաթունդ վեր նայեցի.
Բայց կարոտած աչքիս առաջ
Դաշտում դալար ու ամայի
Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ։

Լուռ ու դատարկ մարգի վրա
Մենակ կանգնած մընում էր նա,
Նա էլ, կարծես, բան էր հիշում
Եվ տխրալի ձայնով շըրշում...

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին...
Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել,
Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին։
1898
Մոռացված Սեր
Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։

Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։

Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...

Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։

Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...
1892
Մեր Ուխտը
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
1903
Իմ Սերը
Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։
Ես պահել եմ սրտիս խորքում

Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։
Բայց և պահել անկարող եմ,

Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։
1892

* * *
Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կը խորտակվի քո հոգին...
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։

Ես երգեցի սարի վըրա,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՜, ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր։
1892
Յովհաննէս Թումանեան
Երկու Հայրեր
(Դրւագ Հայոց Հայրիկի կեանքից)
1896-ի կոտորածի ձմեռն էր:
Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մէջն էր և Ա. Գիւղի ծերունի Տէր Սարգիսը:
Հայրիկի աջը կուզեմ համբուրել, խնդրեց նա Վեհարանում ու ներս թողին:
Բարով, Տէր Հայր, աջը մեկնեց Հայրիկը:
Քահանան համբուրեց ու հետ եկաւ, կանգնած դահլիճի մէջտեղը յոգնած, խորտակւած:
Որ տեղից կուգաս:
Սասունի կողմերէն: Ես Ա. Գիւղի Տէր Սարգիսն եմ…
Ա~ի Տէր Սարգիսը…
Այո, Հայրիկ…
Է~…
Ես քսան հոգուց գերդաստան ունէի, Հայրիկ, տղաներս կոտորեցին ,հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպէս…
Է~, հիմի…
Ես ոչինի չեմ ուզում, հայրիկ, ես… այնպէս եկել եմ… եկել Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…
Ու Հայրիկի առջև կանգնած էր Տէր Սարգիսը, որ ամէն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում:
Երկուսն էլ լուռ էին:
Քանի որդի կորցրիր, Տէր Սարգիս, գլուխը վեր քաշեց կաթողիկոսը:
Ամէնքը միասին քսան, Հայրիկ:
Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար, պատասխանեց Հայրիկը, այդ էլ քսան’ եղաւ քսան հազար ու քսան:
Ումն է շատ, Տէր Սարգիս…
Քահանան ցցւեց ու լուռ կանգնած էր:
Ում վիշտն է մեծ, Տէր Սարգիս:
Հայրիկինը…
Դէ եկ, Տէր Սարգիս, մօտ եկ, աջդ դիր գլխիս, աղօթիր, օհրնիր, որ այս վշտին դիմանամ:
Ասաւ ու գլուխը խոնհարեց:
Քահանան շտապեց, աջը դրաւ Հայրապետի գլխին, սկսաւ աղօթք մրմնջալ ու աչքերը լցւեցին արտասուքով…
Նա օհրնում էր Հայոց Կաթողիկոսին… Նրա առջև խոնարհած էր Հայոց Հայրիկը…

Յովհ. Թումանեան
Աղքատի Պատիվը
Ղ... գյուղաքաղաքում առանձնացած ապրում էր Սիմոն անունով մի բարի մարդ։ Նա չէր խառնվում գյուղական գործերին, երևի գիտեր, որ իրան խոսքը չի ընդունվիլ, նրա համար էլ պոչն իրան էր քաշել։
Սիմոնը մի կարմիր կով ուներ, մին էլ` մի սիրուն կին. կինն էլ շատ սակավ էր պատահում, որ հարևանություն աներ դրացիների հետ. քաշվում էր հարուստ հարևաններից, գիտեր, որ յուր գնալ-գալը դուրեկան չէր նրանց համար։ Եվ իսկապես, հարևանների դռներն ընկնելու կարիք էլ չունեին:
Սիմոնը չութի կամ գութանի ժամանակ ընկեր էր դառնում անասուն ունեցողի հետ, տանջվելն իրանից, անասունը, լծկանը հարևանից, և յուր հողերն էլ նրանցի հետ վարում։ Երբեմն էլ պատ էր դնում, տախտակ էր քաշում, ձուկն էր բռնում մոտակա գետից ծախում, և կարողանում էր թե չէ, ամեն բանի էլ ձեռքը գցում էր։
Դրա համար էլ ոչ լավ ձուկը բռնող էր, ոչ կարգին պատ դնող և ոչ մի բանում հայտնի չէր. միայն մի բան լավ գիտեր, որ լավ սրախոսում էր և ծիծաղալի առակներ էր պատմում։ Այդ էլ վերագրում էին նրա խելքի պակասությանը, անունն էլ շաշ Սիմոն էին դրել։
Մի անգամ մի գյուղում մնի համար պատ դրի, պատմում էր նա յուր կյանքից, գործս վերջացրի, ասեցի՝ դե փողս տվեք, գնում եմ։ Եկան պատին մտիկ արին, ասեցին՝ Ուստա, էս գշեր քու շինած պատի տակին քնի, առավոտը քու վարձն էլ տանք՝ մի բան էլ ավելի, վեր կաց գնա, համաձայնվեցի ոչ. վախեցի գշերը պատը վրես քանդվի... պատն էլ թողի, վարձս էլ, վեր կացա եկա մեր տունը։
Բայց խո ամեն մարդ այսպիսի պայման չէր կապում ուստա Սիմոնի հետ: Շատ մարդ էլ հենց նրա զվարճախոսությունների ու առակների համար դեռ վարձիցը մի բան էլ ավել էր տալիս: Եվ իրանց աղքատության մեջ ուրախ ապրում էին մարդ ու կին: Այս մի փոքրիկ ուրախություն էր, որ ավելի շուտ բխում էր Սիմոնի սրտից, քան թե ունեցածից. բայց մարդիկ սրան էլ էին նախանձում:
Ախպե՛ր, մենք էսքան չարչարվում ենք, մեզ համար ապրանք ունենք, դուքան ունենք, առուտուր ունենք... է˜լ չենք կարողանում ծերը ծերին հասցնենք, սա էս ո՞նց ա ապրում . ոչ ջեբումը կապեկ ունի, ոչ դռանը չորսոտնանի, ոչ գլխումը խելք...
Այսպես նախանձում ու զարմանում էին համագյուղացիք, հարևանները Սիմոնի ապրուստի վրա և միշտ էլ շաշ էին անվանում: Շաշ Սիմոնի թայն էլ չկաս, նախատում էին կանայք իրանց ամուսիններին, տարենը երկու-երեք թազա լեհին (դերիա) ա հագցնում իրան էն անբան կնգանը... թողում չի բոբիկ ոտը գետին տեսնի...
Դե նրա կնիկն էլ սիրուն ա, քու թայը խո չի, կես լուրջ, կես հանաք նկատում էր մարդն յուր բարկացած կնոջն ու հեռանում: Հիրավի, Սիմոնի կնոջ գեղեցկությունը մի երկնային պարգև էր, որ բաժին էր ընկել աղքատին: Նա մի բուրալի, շքեղ շուշան էր, որ դուրս է գալիս հաճախ մի հասարակ մացառի, մի փոքրիկ թփի տակ, և զվարթ ծաղկում է, ժըպտում, առանց մտքովն անցկացնելու, թե քուրդը բուսել է վճիտ ջրերի ափին, կամ զանգակածաղիկը փայփայված է բուրաստանում. նրան միայն մի փոքր լույս, մի փոքր արևի շող է հարկավոր...
Ես մոռացել եմ այն պարկեշտ, ամոթխած սիրունի անունը, բայց գյուղացիք նրա ավել անունն էլ դրել էին Եղապատառ:
Գյուղի ջահելները աչք էին տնկել այս կնոջ վերա: Քանի անգամ գանգատվել էր նա մարդուն, թե՝ աղբրումը ջուր լցնելիս Ղազոյանց Գալուստը աչքերին խոր մտիկ տվեց ու ասաց. «ուխա՜յ... Վարթումանց Փիլոսը իրանց դռնովն անց կենալիս աչքով արավ... Միրզանց Առաքելը ճանապարհին ղաստի դիպավ իրան...
Պտղատու ծառին շատ քար կգցեն... ամեն կնգա էլ կպատահի, սիրտդ կոտրիլ մի, ես էլ եմ շատերին աչքով արել, հանաք անելով կնոջը պատասխանում էր ուստեն:
Բայց, այսուամենա յնիվ, թեկուզ հենց մենակ չմնալու, չվախենալու համար, որովհետև պատդիր, խզարչի, ձկնորս և այլն, Սիմոնը հաճախ գյուղից հեռանում, ուրիշ տեղ էր մնում իրանց հարևան դարբին Ակոփի փոքրիկ աղջիկը գիշերները Սիմոնի կնկա մոտ էր քնում:
Գիշերները երկա՜ր հեքիաթ էր ասում Սիմոնի կինը յուր փոքրիկ ընկերուհու, ութ-տաս տարեկան Մարուշի համար (այսպես էր հարևանի աղջկա անունը) Զմռուխտ ղուշի հեքիաթն էր ասում կամ պատմում էր, թե ինչպես մայրը յուր յոթը խորթ աղջիկներին ձգեց հորը և ջաղացաքարը դրեց բերանին, իսկ նրանք օրը մի չամիչ գտան, ապրեցին ու փորելով, փորելով հասան մի ստորերկրյա զարմանալի աշխարհ... և կամ թե Լիս ու մութ աշխարքների մասին էր պատմում, մինչև երկուսն էլ քնում էին:

Ահա ուստա Սիմոնի սպիտակ տնակը` մենակ, առանձնացած, երկու լուսամուտի փեղկերն էլ փակած, երևում է պարտեզի մի քանի ծառերի ետևից: Գիշերը խաղաղ է, ինչպես՝ քունը և կախարդիչ, քան երազ: Կարծես թե այս գիշերն էլ արևելյան մի հի՜ն-հի՜ն հեքիաթ լինի...
Երկու հոգի այս պահուն ծառերի տակովն անցան... մոտեցան Սիմոնի դռանը:
Թե ինչ էին անում նրանք, դժվար էր ասել, միայն շուտով ետ բացվեց դուռը շրըխկալով, և երբ բացվեց, ներսից պարզ լսվեց մի սուր ճիչ, որ իսկույն լռեց, և մի կանացի ձայն միաժամանակ աղաղակեց՝ ո՞վ եք, ի՞նչ եք ուզում... ո՞վ եք, ո՞վ, ո՞վ...: Դուռը շուտ փակվեց, ձայնը խլացավ, բովորովին կտրվեց:
Այդ գիշեր ուստա Սիմոնը գնացել էր մոտիկ գյուղը, կարծեմ փուռը շինելու, և, երևի, խորը քնած, մի վատ երազ էր տեսնում յուր տան գլխին:

Գյուղական դատարանում ուստա Սիմոնի գանգատը լսելուց հետո ոմանք հանդիմանելով, ոմանք թքելով, մի քանիսը բարկանալով խորհուրդ տվին, որ ձեռք քաշի կեղտոտ բանից:
Թե որ կեղտոտ բանն ուզում չեք, դե դատաստան արեք, թե չէ՝ ես իմ ձեռովը կանեմ... գոռում էր ուստա Սիմոնը և կարմրած աչքերը քիչ էր մնում դուրս թափվեին բներից: Նրա կողքին հեկեկում էր փոքրիկ Մարուշը:
Հա՛, անգաճը կկտրես, էլի, ձայն տվին չորս կողմից և ծիծաղելով նայեցին մեղադրյալին:
Սա գյուղի հայտնի լոթիներից մեկը՝ Սանդրոն էր: Մահուդ չուխայով, երկայնաճիտ, բարձրակրունկ կոշիկները հագին, ֆուրաշկան մի ականջի վրա թեքած, կարմիր բաղդադին վզովը ձգած, մի կողմ կանգնած, նա ժպտում էր ուստա Սիմոնի և նրա բարկության վրա: Հերոսին շրջապատել էին յուր ընկերներից մի քանիսը, որոնք եկել էին դատին ներկա լինելու:
Կսպանե՛մ, ետո պատասխանը դուք կտաք, բարձրաձայն սպառնում էր Սիմոնը, տեսնելով, որ դատարանն անուշադիր է յուր բողոքին:
Սպանող ես՝ քու կնիկը պահի, շաշ գետինը մտած, ձայն տվեց մեկը, և սրան հետևեց ընդհանուր ծիծաղ:
Սպանիլ մի՛, ուստա Սիմոն ջան, մեղք ա, մուրազի վրա ջահել ա, հեգնեց մի ուրիշը՝ նոր հռհռոց բարձրացնելով:
Այնտեղ տանուտերը մերթ ծիծաղելով ու հանաքներով, մերթ սպառնալով ու բարկանալով ստիպում էր Սիմոնին, որ ձեռք քաշի կեղտոտ բանից, բայց այդ չէր հաջողվում:
Ես ասում եմ, ՝որ արին պետք է անեմ... հիմի էս ա, որ ասում եմ... իբրև հաստատ որոշում շուտ-շուտ կրկնում էր Սիմոնը, սակայն բոլորն էլ գիտեին, որ նա արյուն անող մարդ չի: Սանդրոյի ընկերներից մեկը պատի տակը քաշեց տանուտերին, ականջումը մի բան փսփսաց, տանուտերն էլ Սիմոնին մի կողմ քաշեց՝ ականջումը փսփսաց. Չեմ ուզում, նրա ձեռքից ազատվելով գոռաց ուստեն, չեմ ուզում:
Դե՛ որ չես ուզում, վկաներդ բեր, գործը շարունակում եմ, դեմքը թթվացնելով ասաց տանուտերը և պաշտոնական դիրք ընդունեց:
Սիմոնը չվախեցավ:
Ա՛յ վկա, համարձակ ցույց տվեց Մարուշին:
Դա երեխա ա, երեխի վկայությունը զակոնը չի ընդունում:
Իմ կնիկը ճանաչել ա, իսկույն վրա բերեց ուստեն:
Քու կնիկը շատ կարելի ա սուտ ա ասում, զակոնը առանց ֆակտի, գանգատավորի խոսքին չի հավատում, կրկին խիստ ու կոպիտ մերժեց տանուտերը:
Սիմոնը հուսահատութենից ու կատաղութենից քիչ էր մնում վրա թռչեր, խեղդեր յուր երեսին սառն հանդարտությամբ նայող տանուտերին, բայց, իրան զսպելով, հարցրեց. Բաս էս ո՞նց պըտի ըլիլ...
Էնհենց պըտի ըլիլ, որ դրուստն իմանալու համար ես պետք է քննություն անեմ, պետք է քու կնգանը տանեմ դոխտուրի մոտ, որ դոխտուրը քննի...
Սիմոնը մնաց դիք կանգնած, արյունը գլուխը տվեց, ականջները տժժացին, նա չէր իմանում, թե որտեղ է կանգնած, չար մտքերն արդեն խռնվում էին նրա գլխում...
Ա՛դա, գնացեք սրա կնգանը բերեք, հրամայեց տանուտերը և մի աղմուկ ընկավ: Ոմանք տանուտերին էին խընդրում. ոմանք գնացողներին էին բռնում, ոմանք էլ Սիմոնի հետ էին կռվում յուր շաշության համար, որ բանն այստեղ հասցրեց, և աշխատում էին համոզել, որ գոնե այժմ ետ կանգնի խայտառակությունից: Փոքրիկ Մարուշը կպել էր Սիմոնի փեշերին և յուր վախեցած աչքերով մե՛կ խոսողների երեսին էր նայում, մե՛կ Սիմոնի:
Այս ժամանակ դատարանի լուսը մթնեց, և յուր ահագին գայլենի քուրքը ներս բերեց գյուղի հարուստներից մեկը` Պետրոս աղեն:
Ի՞նչ խաբար ա, ի՞նչ եք ղալմաղալ անում, ծանր-ծանր հարցրեց աղեն:
Եվ բոլոր պատմությունը, թեպետ հայտնի էր իրան, ուշադիր լսեց, իբրև թե նոր էր իմանում:
Գլուխը պտտելով, խոր հառաչեց գյուղի հայրը և խորհրդավոր ձայնով դարձավ շուրջը. գետինը մտե՛ք... ձեններուդ կտրեցե˜ք, անաբուռներ, աննամուսնե˜ր...
Այս խոսքերն այնպիսի ազդու կերպով արտասանեց, որ բոլորն էլ գլուխները կախ արին, և եթե մի օտար մարդ լիներ, կկարծեր, թե ամաչեցին:
Սրան մտիկ արեք, սրա՛ն, գլուխը վեր քաշելով, ձեռքը դեպի Սիմոնը մեկնեց աղեն, օղլուշաղի անունը բերել ա գցել գեղամեջ...
Բա սուս կենա՛մ... նամուսս գետինն եք կոխել... բա սուս կենա՞մ... գոռալով ընդհատեց ուստա Սիմոնը:
Բաս ի՞նչ կանես, որ սուս չես կենալ...
Ի՞նչ կանե՜մ..., արին կանեմ, արի՜ն...
Կացե՛ք, աչքերը չռեց աղեն, և նորից աղմուկն ընկավ: Այս ժամանակ տանուտերն ու Պետրոս աղեն իրար մի քանի խոսք ասացին:
Սո՛ւս կացեք, ձայն տվեց աղեն, ի՞նչ եք գորտան ժամատուն շինել... Սանդրո՛, էստեղ արի:
Սանդրոն մոտեցավ:
Մի հինգ մանեթ հանիր էստեղ:
Ախար զուր ա, է՛, աղա:
Ես քեզ ասում եմ, հանի՛ր:
Ախար զուր ընչի՛ հանեմ:
Ես քեզ ասում եմ զո՛ւր հանիր, բարկացած հրամայեց աղեն:
Սանդրոն, քթի տակը ժպտալով, մի հնգանոց հանեց, տվեց աղին և ուզում էր հեռանալ:
Կա՛ց, ո՞ւր ես գնում... դու էլ էստեղ արի, Սիմոն:
Գալ չեմ, էդ խելքից հեռու բան ա... ես իմ նամուսը փողով չեմ առել, որ փողով էլ ծախեմ:
էստեղ մո՛տիկ արի:
Ասեցի, որ գալ չեմ:
Դե գնացեք, ասեցի... ես էստեղ խաղ չեմ անում... Շուտ գնացեք, սրա կնգանը բերեք, կրկին մեջ ընկավ տանուտերը:
Կացե՛ք, դեռ չգնաք... Սիմո՛ն, քեզ ասում եմ էստեղ արի:
Առաջ գնա, է՛լի, խառնիխուռն աղաղակում էին այս ու այն կողմից:
Գնա բարըշի, հինգ մանեթն առ, է՛լի...
Տո, շաշ, գնա, մուֆթա փող ա, առ, ջեբդ դիր. մի տարի որ տանջվես, պատ դնես, էդքան աշխատիլ չես...
Կասես թե մենձ բան ա էլել... առաջ գնա...
Աղաղակելով, շշկլացնելով ու հրելով առաջ բերին Սիմոնին, մոտեցրին Սանդրոյին. աղեն նրանց ձեռք ձեռքի տվեց, հնգանոցը կոխեց Սիմոնի բուռն ու գոռաց պռոշտի՛:
Պռոշտի՜, պռոշտի՜, աղաղակեցին գյուղացիք:
Սիմոնն անզգայաբար գլուխն առաջ ծռեց...
Անո˜ւշ, անո˜ւշ, ձայն տվին գյուղացիք:
Հաշտությունը կայացավ... Երբ որ սկսեցին արդեն ուրիշ
բաներից խոսալ, Սիմոնն աննկատելի կերպով, փոքրիկ Մարուշի ձեռքը բռնած, էնպես թաքուն դուրս եկավ դատարանից, որ ոչ ոք կնկատի...

1894 Յովհ. Թումանեան
Խելոքն Ու Հիմարը
Երկու ախպեր են լինում, մինը խելոք, մյուսը հիմար։
Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
Լա՛վ, ասում է խելոքը. էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի, ինձ, որը դուրս մնա՝ քեզ։
Ժամանակն էլ լինում է ձմեռ։
Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում ետ բերում։
Ձմեովա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։
Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։
Էս թիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։
Ա՛ մոզի, արի, հե՜յ,— կանչելով գնում է։
Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հեյ... ավերակի արձագանքը կրկնում է.
Հե՜յ... հիմարը կանգնում է։
Ինձ հետ ես խոսում, հա՞...
Ավերակը ձայն է տալիս.
Հա՜...
Մոզին ուզում ե՞ս։
Ե՜ս...
Քա՞նի մանեթ կտաս։
Տա՜ս..
. Հիմի կտա՞ս, թե չէ։
Չէ՜...
Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜։
Արի՜...
Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։
Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։
Գնում է տեսնում՝ ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև։
Հը՜, ասում է, մորթել ես կերել, հա՜։
Հա՜...
Չաղ է՞ր, թե չէ։
Չէ՜։
Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։
Էդ իմ բանը չի, ասում է, առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜...
Սկի՜ ...
Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս, ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում։
Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը՝ լցվում։
Այ էդպես... բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ, իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք...
Մի ոսկի է վերցնում, գալի տուն։
Հը՜, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։
Ծախեցի։
Ո՞ւմ վրա։
Ավերակի։
Հետո, փող տվա՞վ։
Իհարկե տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։
Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս։
Էդ ո՞րտեղ է, աչքերը չորս է անում խելոք ախպերը։
է´հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։
Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։
Բեր, ասում է, ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։
Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։
Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։
Պարոն դատավոր, ասում է, ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի...
Հերիք է, հերիք, ընդհատում է դատավորը. էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի... վրեն ծիծաղում է ու դուրս անում։
Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ էն վրեն ծիծաղում։
Ու ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

թարգմանութիւն Յովհ. Թումանեան
Կացին Ախպեր
Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։
Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։
Կացինն ի՞նչ բան է, հարցրին գյուղացիք։
Մարդը իր կացինը գոտկից հանեց փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար.
Տո՛, եկե ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ։ Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան։
Կացինը առան, որ հերթով կոտրեին իրենց փայտը։
Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։
Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։ Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։
Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.
Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։ Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:
Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։
Գյուղացիք սարսափած վագեցին տիրոջ ետևից թե՝ Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու։

թարգմանութիւն Յովհ. Թումանեան