Պօղոս Առաքեալի Նամակը Տիտոսին
ԳԼ. 1

Տիտոսի Գործը Կրետէի Մէջ

1 Պօղոսը՝ ծառայ Աստծու եւ առաքեալ Յիսուս Քրիստոսի, որ կոչւած է բերելու Աստծու ընտրեալներին հաւատի եւ ճշմարտութեան գիտութեանը, որ աստւածապաշտութեամբ է 2եւ յաւիտենական կեանքի յոյսով,
որը խոստացաւ անսուտն Աստուած յաւիտենական ժամանակներից առաջ,
3բայց յայտնեց իր խօսքը իր ժամանակին՝ քարոզութեամբ, որին ես հաւատարիմ եղայ ըստ մեր Փրկիչ Աստծու հրամանի.
4Տիտոսին՝ հասարակաց հաւատի մէջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Քրիստոս Յիսուսից։
5Դրա համար իսկ քեզ թողեցի Կրետէում, որպէսզի, ինչ պակաս բան որ կայ, ուղղես եւ իւրաքանչիւր քաղաքում երէցներ նշանակես, ինչպէս որ ես պատւիրեցի քեզ։
6 Նշանակես մի այնպիսի մարդու, որ լինի մաքուր, մէ՛կ կնոջ մարդ, ունենայ հաւատացեալ որդիներ, որոնք անառակութեան մէջ ամբաստանւած կամ անհնազանդ չլինեն,
7քանի որ պէտք է, որ եպիսկոպոսն մաքուր լինի, որպէս Աստծու տնտես. ոչ լիրբ, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռւարար, ոչ շահասէր,
8այլ՝ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, դիմադրող,
9ամուր կապւած վարդապետութեան հաւատի խօսքին, որպէսզի կարողանայ համոզացնել ողջամիտ վարդապետութեամբ եւ սաստել հակառակորդներին.
10Որովհետեւ անհնազանդներ շատ կան, դատարկախօսներ, մոլորեցնողներ, մանաւանդ եթէ հրէութիւնից դարձածներից են.
11նրանց բերանը պէտք է փակել. նրանք կործանում են բոլոր ընտանիքները եւ շահամոլութեան համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ պէտք չէ ուսուցանել։
12Նրանցից մէկը, իրենց իսկ մարգարէն, ասաց. «Կրետացիները մշտապէս ստախօսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»։
13Եւ ստոյգ է այս վկայութիւնը. ուստի նրանց խստագոյնս կշտամբի՛ր, որպէսզի առողջ լինեն հաւատի մէջ
14եւ չնայեն հրէական առասպելներին եւ ճշմարտութիւնից շեղւած մարդկանց հրահանգներին։
15Ամէն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհաւատների համար ոչ մի բան մաքուր չէ։ Եւ նրանց միտքն ու խղճմտանքը պղծւած են։
16Խոստովանում են, որ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան. պիղծ են, անհնազանդ եւ ամէն բարի գործի համար՝ անպէտք։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Տիտոսին
ԳԼ. 2

Ողջամիտ Վարդապետութիւն

1 Բայց դու սովորեցրո՛ւ այն, ինչ որ վայել է ողջամիտ վարդապետութեանը. 2որ ծերերը լինեն զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատքի, սիրոյ, համբերութեան, դիմացկութեան մէջ։
3Պառաւ կանայք նոյնպէս լինեն զգաստ եւ սրբերին վայել վարմունք ունենան. ոչ չարախօս, ոչ գինեմոլ, այլ՝ բարեխրատ,
4որ խրատեն անչափահաս կանանց՝ սիրելու իրենց մարդկանց, լինելու որդեսէր,
5խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց մարդկանց, որպէսզի Աստծու խօսքը եւ վարդապետութիւնը չանարգւի։
6Երիտասարդներին նոյնպէս յորդորի՛ր լինել խոհեմ,
7քո անձը բոլորին օրինակ դարձրո՛ւ բարի գործերի համար, ուսուցման մէջ պահի՛ր անեղծութիւն, սրբութիւն, պարկեշտութիւն,
8 ողջամիտ խօսք՝ մեղադրանքի տեղի չտւող, որպէսզի, ով որ հակառակւի, ամօթով մնայ եւ մեր մասին ասելու որեւէ չար բան չունենայ։
9 Յորդորի՛ր ծառաներին, որ հնազանդ լինեն իրենց տէրերին եւ ամէն ինչում լինեն հաճելի նրանց. ոչ հակառակւող,
10ոչ խաբող, այլ ցոյց տան կատարեալ հաւատարմութիւն՝ բարութեամբ, որպէսզի մեր Փրկչի՝ Աստծու վարդապետութիւնը ամէն ինչում զարդարեն։
11Որովհետեւ Աստւած իր շնորհքը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց,
12շնորհք, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածապաշտութեամբ
13եւ սպասելով այն երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծու եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի,
14որ իր անձը տւեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրէնութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի։ 15Այս բաները խօսի՛ր, յորդորի՛ր եւ յանդիմանի՛ր ամենայն խստութեամբ, որպէսզի չլինի մէկը, որ քեզ արհամարհի։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Տիտոսին
ԳԼ. 3

Քրիստոնէական Վարք

1 Յիշեցրո՛ւ նրանց, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդւեն եւ հպատակւեն, բոլոր բարի գործերի համար պատրաստ լինեն.
2ոչ ոքի չ’չարախօսեն, չլինեն կռւարար, այլ՝ հեզահամբոյր, բոլոր մարդկանց հանդէպ քաղցրութեամբ վերաբերւեն.
3որովհետեւ մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորւած, ծառայում էինք ցանկութիւնների եւ պէսպէս անառակութիւնների. չարութեամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմեանց։
4Իսկ երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնւեց, - 5ոչ այն արդարութեան գործերի համար, որ մենք արեցինք, այլ իր ողորմութեան համաձայն, - փրկեց մեզ վերստին ծննդեան աւազանի միջոցով եւ նորոգութեամբ Սուրբ Հոգու,
6որ Աստւած թափեց մեր վրայ առատութեամբ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի միջոցով,
7որպէսզի, նրա շնորհով արդարացւած, ժառանգներ լինենք յաւիտենական կեանքի յոյսով։
8Ճիշտ է այս խօսքը, եւ ուզում եմ, որ դու հաստա՛տ մնաս սրանում, որպէսզի Աստծուն հաւատացողները ջանք թափեն բարի գործեր կատարելու, քանի որ ա՛յդ է բարի եւ օգտակար՝ մարդկանց համար։
9Բայց հեռո՛ւ վանիր յիմար վէճերը, տոհմաբանութիւնները, հակաճառութիւններն ու օրէնքի շուրջ եղող կռիւները, որովհետեւ դրանք անօգուտ են եւ ունայն։
10Հեռացի՛ր աղանդաւոր մարդուց՝ մէկ կամ երկու անգամ նրան խրատելուց յետոյ.
11իմացի՛ր, որ շեղւած է այդպիսին եւ մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն։
12Երբ քեզ մօտ ուղարկեմ Արտեմասին կամ Տիւքիկոսին, շտապի՛ր գալ ինձ մօտ Նիկոպոլիս, քանի որ մտադիր եմ այնտեղ ձմեռել։
13 Օրէնսգէտ Զենոնին եւ Ապողոսին շուտով ճանապարհի՛ր, այնպէս որ նրանք ոչ մի բանի պակասը չզգան։
14Եւ մերոնք էլ թող սովորեն հետապնդող լինել բարի գործերի, կարեւոր պէտքերի մէջ, որպէսզի անպտուղ չլինեն։ 15Ողջունում են քեզ բոլոր նրանք, որ ինձ հետ են։ Ողջունի՛ր հաւատքի մէջ մեզ սիրողներին։ Շնո՜րհք՝ ձեզ բոլորիդ։

=============