Պօղոս Առաքեալի ԱռաջինՆամակը Տիմոթէոսին
ԳԼ. 1

Զգուշացէք Սխալ Վարդապետութիւններից

1 Պօղոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ըստ հրամանի մեր Փրկիչ Աստծու եւ Յիսուս Քրիստոսի, որ մեր յոյսն է.
2 Տիմոթէոսին՝ հաւատի մէջ սիրելի որդուն շնորհք, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից։
3Ինչպէս խնդրեցի քեզ, երբ գնում էի Մակեդոնիա, մնա՛ Եփեսոսում, որպէսզի պատւէր տաս, որ ոմանք օտար ուսմունք չուսուցանեն 4եւ չկապւեն առասպելներին ու անվերջանալի տոհմաբանութիւններին, որոնք մանաւանդ պատճառ կը լինեն վէճերի, բայց չեն ծառայում Աստծու ծրագրերին, որոնք հաւատքի վրայ են հիմնւած.
5քանի որ պատւիրանի գլխաւորը սէրն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից եւ անկեղծ հաւատից, 6որոնցից շեղումով ոմանք մոլորւեցին խօսքերի ունայնութեան մէջ։
7Ուզում են օրէնքի վարդապետներ լինել. իրենք իսկ չեն իմանում՝ ինչ են խօսում, ոչ էլ հասկանում այն բաները, որոնց վրայ պնդում են։
8Գիտենք, որ օրէնքը լաւ է, եթէ մէկն այն գործադրի օրինաւոր կերպով։
9Բայց այս բանը թող իմանայ, որ արդարների համար չէ օրէնքը, այլ՝ անօրէնների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղաւորների, անմաքուրների եւ պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, 10պոռնիկների, արուամոլների, մարդագողերի, ստախօսների, սուտ երդւողների, այլեւ ամէն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետութեան, 11վարդապետութիւն, որ համապատասխանում է երանելի Աստծու փառաւոր Աւետարանին, որին եւ հաւատարիմ եղայ ես։

Շնորհակալութիւն Ասըուծոյ Ողորմութեան Համար

12Շնորհակալութիւն նրան, որ զօրացրեց ինձ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով, որը վստահելի համարեց ինձ այս սպասաւորութեանը կարգելու, 13ինձ, որ նախապէս հայհոյիչ էի, հալածիչ եւ անարգող. բայց ես ողորմութիւն գտայ, որովհետեւ այդ բանն անում էի անգիտութեան եւ անհնազանդութեան մէջ գտնւելով.
14եւ մեր Տիրոջ շնորհքը շատացաւ ինձ համար այն հաւատով եւ սիրով, որ է ի Քրիստոս Յիսուս։ 15Վստահելի եւ ամենայն ընդունելութեան արժանի է այս խօսքը, թէ՝ Քրիստոս Յիսուս աշխարհ եկաւ՝ փրկելու մեղաւորներին, որոնց գլուխը ես եմ։
16Եւ ողորմութիւն գտայ նրա համար, որ Յիսուս Քրիստոս նախ իմ մէջ ցոյց տւեց իր ամբողջ համբերութիւնը, որպէս օրինակ նրանց, որ պիտի հաւատան իրեն յաւիտենական կեանքի համար.
17նաեւ յաւիտենութեան Թագաւորին, որ անեղծ եւ աներեւոյթ է, միակ Աստծուն փառք եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
18Որդեակ իմ Տիմոթէոս, աւանդում եմ քեզ այս պատուիրանը, քո մասին նախապէս եղած մարգարէութիւնների համաձայն, որպէսզի նրանցով դու մղես բարի պատերազմը, 19պահես հաւատը բարի խղճմտանքով, որը ոմանք հեռու գցելով իրենցից՝ նաւաբեկութեան ենթարկւեցին հաւատի մէջ.
20դրանց թւում են Հիմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի Սատանային, որպէսզի խրատւեն չհայհոյել։

=============

Պօղոս Առաքեալի ԱռաջինՆամակը Տիմոթէոսին
ԳԼ. 2

Եկեղեցական Պաշտամուրք

1 Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, 2մանաւանդ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, կատարեալ աստուածապաշտութեամբ եւ սրբութեամբ. 3ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ։
4Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկւեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը.
5քանի որ մէկ Աստուած կայ եւ մէկ միջնորդ՝ Աստծու եւ մարդկանց միջեւ. Յիսուս Քրիստոս՝ մարդը, 6որ տւեց ինքն իրեն որպէս փրկանք բոլորի համար՝ ի վկայութիւն իր ժամանակների.
7դրա համար ես կարգւեցի որպէս քարոզիչ եւ առաքեալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում), եղայ վարդապետ հեթանոսների՝ հաւատով եւ ճշմարտութեամբ։
8Ուզում եմ, որ տղամարդիկ աղօթեն ամէն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դէպի վեր, առանց բարկութեան եւ երկմտութեան։
9Նոյնպէս եւ կանայք, համեստ զարդարանքով, ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ թող զարդարւեն. ոչ թէ մարգարտով ընդելուզւած ոսկեայ հիւսքերով կամ պճնազարդ զգեստներով, 10այլ՝ բարի գործերով, ինչպէս վայել է աստւածապաշտութիւնը յանձն առած կանանց։
11Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։
12Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. 13որովհետեւ նախ Ադամը ստեղծւեց եւ ապա՝ Եւան։
14Եւ Ադա՛մը չխաբւեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց։
15Բայց նա պիտի ապրի որդեծնութեան համար, եթէ համեստութեամբ մնայ հաւատքի, սիրոյ եւ սրբութեան մէջ։

=============

Պօղոս Առաքեալի ԱռաջինՆամակը Տիմոթէոսին
ԳԼ. 3

Եկեղեցու Առաջնորդներ

1 Հաւաստքի է այս խօսքը, թէ՝ ով եպիսկոպոսութեան է ձգտում, ձգտում է բարի գործի։
2Եպիսկոպոսը պէտք է անարատ լինի, մէ՛կ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, համեստ, հիւրասէր, ուսուցանելու ընդունակ, 3ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռւազան, ոչ փողասէր, այլ՝ այնպիսին, 4որ իր իսկ տանը լաւ վերակացու լինի, ունենայ որդիներ, որոնք հնազանդութեան մէջ լինեն կատարեալ պարկեշտութեամբ 5(իսկ եթէ մէկն իր տունը կառավարել չիմանայ, հապա ինչպէ՞ս Աստծու եկեղեցուն խնամակալ կը լինի), 6ոչ նորադարձ, որպէսզի, գոռոզանալով, Սատանային վիճակւած դատապարտութեան մէջ չընկնի.
7այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաե՛ւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ Սատանայի որոգայթների մէջ։

Եկեղեցու Սարկաւագներին

8Նմանապէս եւ սարկաւագները թող լինեն պարկեշտ, ոչ երկդիմի խօսող, ոչ գինեսէր, ոչ շահամոլ, 9այլ թող պահեն հաւատի խորհուրդը մաքուր խղճով։
10Նախ իրենք թող փորձի ենթարկւեն եւ եթէ անմեղադրելի գտնւեն, ապա պաշտօն կատարեն։ 11Նոյնպէս եւ նրանց կանայք թող լինեն պարկեշտ, ոչ չարախօս, հեզ, հաւատարիմ ամէն ինչում։
12Սարկաւագները թող մէ՛կ կնոջ մարդ լինեն, իրենց որդիներին եւ իրենց տները լաւ կառավարեն, 13որովհետեւ այն սարկաւագները, որ լաւ են ծառայում, իրենց համար շահում են բարի աստիճան եւ մեծ համարձակութիւն կ՚ունենան ի Քրիստոս Յիսուս իրենց ունեցած հաւատի մէջ։
14Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ յոյս ունեմ, որ շուտով կը գամ։
15Իսկ եթէ ուշանամ, դու կ՚իմանաս, թէ ինչպէս պէտք է վարուես Աստծու տան մէջ, որ կենդանի Աստծու եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։
16Եւ յայտնապէս մեծ է աստուածապաշտութեան խորհուրդը, որ յայտնւեց մարմնով, արդարացաւ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզւեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում եւ երկինք վերացաւ փառքով։

=============

Պօղոս Առաքեալի ԱռաջինՆամակը Տիմոթէոսին
ԳԼ. 4

Սուտ Վարդապետներ

1 Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատքից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝ 2տարւած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանւած է, 3որոնք արգելում են ամուսնանալ եւ հեռու են պահում այն կերակուրներից, որ Աստւած ստեղծեց, որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութեան վերահասու եղողները գոհութեամբ վայելեն.
4որովհետեւ Աստծու բոլոր ստեղծածները լաւ են, եւ արհամարելի բան չկայ, մանաւանդ երբ դրանք գոհութեամբ են ընդունւում. 5քանի որ Աստծու խօսքով եւ աղօթքով ամէն բան մաքրւում է։
6Այս խրատը տալով եղբայրներին՝ Քրիստոս Յիսուսի մի բարի պաշտօնեայ կը լինես՝ սնւած հաւատի խօսքերով եւ այն բարի վարդապետութեամբ, որին հետապնդող իսկ եղար.
7բայց պիղծ խօսքերից եւ պառաւական առասպելներից հրաժարւիր. եւ դու քեզ զարգացրու աստուածապաշտութեամբ, 8որովհետեւ մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչ աստուածապաշտութիւնը օգտակար է ամէն ինչի. եւ նա ունի կեանքի աւետիսը, ա՛յս կեանքի եւ հանդերձեալի։
9Ճիշտ է այս խօսքը եւ արժանի է ամենայն ընդունելութեան, 10որովհետեւ այս բանի համար իսկ տքնում ենք եւ նախատինքներ կրում. քանի որ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծու վրայ, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանաւանդ՝ հաւատացեալների։
11Պատւիրիր այդ եւ սովորեցրու. 12թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ։
13Մինչեւ իմ գալը, հետամտի՛ր Աստծու խօսքը ընթերցել, յորդորել եւ ուսուցանել հաւատացեալներին։
14 Մի անտեսի այն շնորհքը, որ քո մէջ է, որ տրւեց քեզ մարգարէութեամբ, երէցների ձեռնադրումով։
15Այդ բանի վրայ մտածի՛ր եւ յարատեւի՛ր դրանում, որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին։
16Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում։ Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ։

=============

Պօղոս Առաքեալի ԱռաջինՆամակը Տիմոթէոսին
ԳԼ. 5

Պատասխանատու Լինել Հանդէպ Հաւատացեալներն

1 Ծերին խստութեամբ մի՛ յանդիմանիր, այլ յորդորի՛ր որպէս քո հայրը. երիտասարդներին յորդորիր որպէս եղբայրներ, 2պառաւներին՝ որպէս մայրեր, մատաղաշ կանանց՝ որպէս քոյրեր, կատարեալ մաքրութեամբ։
3Յարգիր այն այրիներին, որ իսկապէս այրիներ են։
4Իսկ եթէ մի այրի որդիներ եւ թոռներ ունի, նախ նրանք թող սովորեն իրենց տան հանդէպ բարի վերաբերմունք ցոյց տալ եւ իրենց ծնողների արածի փոխարէն նրանց հատուցել, որովհետեւ այն է բարին եւ ընդունելին Աստծու առաջ։
5Իսկ ով իսկապէս այրի է եւ մենակ է ապրում ու իր յոյսը դրել է Աստծու վրայ, թող յարատեւող լինի աղօթքի եւ աղաչանքների մէջ զօր ու գիշեր։
6Իսկ փափակասէր այրին կենդանւոյն մեռած է։
7Այս բանը պատւիրիր, որ անարատ լինեն։
8Իսկ եթէ մէկը իրաններին եւ մանաւանդ ընտանիքին խնամք չի տանում, հաւատքն ուրացել է եւ աւելի չար է, քան անհաւատքը։
9Այրիների թւում կը համարւի այն այրին, որ վաթսուն տարեկանից պակաս չէ, մէ՛կ մարդու կին է եղել 10ու բարի գործերով է վկայւել, որ երեխաներ է մեծացրել, որ հիւրեր է ընդունել, որ սրբերի ոտքերն է լուացել, որ նեղութեան մէջ գտնուողներին է հասել, որ ամէն բարի գործի հետամուտ է եղել։
11Բայց երիտասարդ այրի կանանց հաշւի մի՛ առ, որովհետեւ հեշտասիրութեան անձնատուր լինելով՝ Քրիստոսի դէմ են ելնում եւ ամուսնանալ են ուզում. 12իսկ դատաստան են ընդունում նրա համար, որ առաջին հաւատքն արհամարհեցին։
13Միաժամանակ եւ անգործութեան են վարժւում՝ շրջելով տնից տուն. եւ ոչ միայն դատարկապորտներ են, այլեւ շատախօս եւ աւելորդ հետաքրքրասէր. եւ խօսում են բաներ, որ պէտք չէ խօսել։
14Ուզում եմ, որ այդ երիտասարդ կանայք ամուսնանան, որդիներ ծնեն, տնարար լինեն եւ հակառակորդին առիթ չտան արհամարանքի, 15քանի որ արդէն իսկ նրանցից ոմանք շեղւել են՝ Սատանայի յետեւից գնալով։
16Եթէ հաւատացեալ մէկը այրիներ ունի, թող նրանց օգնի, որ եկեղեցին բեռի տակ չընկնի եւ նա կարողանայ օգնել իսկապէ՛ս այրիներին։
17Այն երէցները, որոնք լաւ վերակացու են, կրկնակի պատւի արժանի թող լինեն. մանաւանդ նրանք, որ պահպանում են խօսքով եւ ուսուցանելով. 18քանզի Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» եւ՝ «Մշակն արժանի է իր վարձին»։
19Երէցի մասին ամբաստանութիւն մի՛ ընդունիր, բացի այն դէպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի։
20Իսկ մեղանչողներին մեղադրիր բոլորի առաջ, որպէսզի միւսներն էլ վախենան։
21Պարտաւորեցնում եմ քեզ Աստծու եւ Յիսուս Քրիստոսի ու ընտրեալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի՝ աչառութեամբ ոչինչ չանելով։
22 Ձեռքերդ շտապով որեւէ մէկի վրայ մի՛ դիր եւ ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր։
23Այսուհետեւ միմիայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի էլ խառնիր՝ քո ստամոքսի եւ յաճախակի տկարութիւնների պատճառով։
24Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են նախքան որեւէ դատաստանի ենթարկւելը. մարդիկ էլ կան, որոնց մեղքերը յետոյ են յայտնի դառնում։
25Նոյն ձեւով եւ յայտնի են բարի գործերը. եւ այն գործերը, որ յայտնի չեն, թաքնւած մնալ չեն կարող։

=============

Պօղոս Առաքեալի ԱռաջինՆամակը Տիմոթէոսին
ԳԼ. 6

Աստծու Անունն եւ Վարդապետութիւնը Չ”անարգւի

1 Բոլոր նրանք, ովքեր ծառայութեան լծի տակ են, նրանցից իւրաքանչիւրը թող իր տէրերին պատւի արժանի համարի, որպէսզի Աստծու անունն ու վարդապետութիւնը չանարգւի։
2Իսկ նրանք, որ հաւատացեալ տէրեր ունեն, թող չարհամարհեն, որ նրանք եղբայրներ են, այլ աւելի լաւ ծառայեն, քանի որ հաւատացեալներ են եւ սիրելի եղբայրներ, որոնք յանձն են առել բարերարութիւնը։ Այս բանն ուսուցանի՛ր եւ յորդորիր։
3Իսկ եթէ մէկն այլ բան ուսուցանի եւ չ’ընդունիմեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին եւ այն վարդապետութեանը, որ աստուածապաշտութեան համապատասխան է, 5այդպիսին գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտէ, այլ բռնուած է հակառակութեան խօսքեր եւ խնդիրներ առաջացնելու հիւանդութեամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիւ, հայհոյութիւններ, չար կասկածներ, խարդախութիւններ 6մտքով ապականւած եւ ճշմարտութիւնից հեռացած մարդկանց միջեւ, որոնք շահի աղբիւր են համարում աստուածապաշտութիւնը։ Բայց դու այդպիսիներից հեռո՛ւ պահիր քեզ։
7Իրօք, աստուածապաշտութիւնը շահի մեծ աղբիւր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. 8որովհետեւ ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել։ 9Այլ ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ բաւականանք։
10Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձութեան, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկութիւնների մէջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դէպի կործանում եւ դէպի կորուստ, 11որովհետեւ բոլոր չարիքների արմատը փողասիրութիւնն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորւեցին հաւատից եւ իրենք իրենց գցեցին բազում ցաւերի մէջ։
12Իսկ դու, ո՛վ մարդ Աստծու, փախիր այդ բաներից եւ գնա՛ արդարութեան, աստուածապաշտութեան, հաւատի, սիրոյ, համբերութեան եւ հեզութեան յետեւից։
13Հաւատի բարի մա՛րտը մղիր եւ պինդ կառչիր յաւիտենական կեանքից, որին կանչուեցիր եւ բարի դաւանութիւնը դաւանեցիր բազում վկաների առաջ։
14Պատւիրում եմ քեզ Աստծու ներկայութեամբ, որը կեանք է տալիս ամէն ինչի, եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որը Պոնտացի Պիղատոսի առաջ վկայեց բարի դաւանութիւնը, 15որ դու պահես պատւիրանը անբիծ, անարատ, մինչեւ յայտնութիւնը Յիսուս Քրիստոսի, 16որին իր ժամանակում յայտնի պիտի անի Երանելին եւ միակ Հզօրը, թագաւորների Թագաւորը եւ տէրերի Տէրը, 17նա, որ միայն ի՛նքն ունի անմահութիւնը եւ բնակւում է անմատչելի լոյսի մէջ, որ մարդկանցից ոչ ոք չի տեսել եւ ոչ էլ կարող է տեսնել. նրան պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս։ Ամէն։
18Այս աշխարհի հարուստներին պատւիրիր, որ չհպարտանան եւ չապաւինեն սնոտի հարստութեանը, այլ՝Աստծուն, որ մեզ առատապէս ամէն ինչ տալիս է վայելելու համար. 19պատւիրիր բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն, բարեսէր, իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել՝ 20իրենց համար բարի հիմք դնելով հանդերձեալում, որպէսզի ձեռք բերեն ճշմարիտ կեանքը։
21Ո՛վ Տիմոթէոս, պահիր աւանդը՝ հեռու մնալով պիղծ եւ նորահնար խօսքերից, հակառակութիւնից եւ խաբեպատիր գիտութիւնից, 22որը ոմանք յանձն առնելով՝ շեղւեցին հաւատից։ Շնորհք քեզ հետ։

=============

Վերադարձ