Պօղոս Առաքեալի Նամակը Փիլիպեցիներին
ԳԼ .1
Պօղոսը Կ’աղօթէ իր Ընթերցողների Համար

1 Պօղոսը եւ Տիմոթէոսը ծառաները Յիսուս Քրիստոսի, բոլոր սրբերին ի Քրիստոս Յիսուս, որ Փիլիպէի կողմերում են եպիսկոպոսներով եւ սարկաւագներով հանդերձ։
2Շնորհք ձեզ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
3Գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն ամէն անգամ, երբ ձեզ յիշում եմ իմ բոլոր աղաչանքներում. 4ձեզ բոլորիդ համար աղօթում եմ խնդութեամբ՝ 5առաջին օրւանից մինչեւ այժմ Աւետարանին ձեր ունեցած մասնակցութեան համար։
6Վստահ եմ այն բանում, թէ ով որ ձեր մէջ սկսեց բարի գործերը, աւարտին կը հասցնի մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը։
7Ինչպէս որ ճշմարիտ է թւում ինձ այդպէս խորհել ձեր բոլորի մասին, քանի որ ես ձեզ ունեմ իմ սրտում, դուք, որ իմ կապանքների եւ Աւետարանի պաշտպանութեան ու հաստատման մէջ բոլորդ ինձ եղած շնորհքին բաժնեկից եղաք։
8Վկայ է ինձ Աստւած, թէ ինչպէս եմ կարօտել ձեզ բոլորիդ Քրիստոս Յիսուսի գութով։
9Եւ ահա այս աղօթքն եմ անում. թող ձեր սէրը աւելի եւ աւելի առատանայ գիտութեան եւ ամենայն իմաստութեան մէջ, 10որպէսզի դուք լաւն ընտրէք, հաստատուն մնաք եւ առանց գայթակղութեան լինէք Քրիստոսի օրւայ համար՝ 11լցւած արդարութեան պտուղներով, Յիսուս Քրիստոսի միջոցով, ի փառս եւ ի գովութիւն Աստծու։

Ապրել Քրիստոսով

12Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրներ, թէ ինչ որ ինձ պատահեց, աւելի շուտ Աւետարանի առաջընթացին ծառայեց. 13նոյնիսկ իմ կապանքները, որ Քրիստոսի համար են, յայտնի եղան պալատի ամբողջ անձնակազմին եւ միւս բոլոր տեղերում, 14ինչպէս նաեւ Տիրոջը միացած շատ եղբայրներին, որոնք, քաջալերւած իմ կապանքներով, առաւել եւս համարձակ գտնւեցին՝ առանց երկիւղի քարոզելու Աստծու խօսքը։
15Ոմանք նախանձից եւ հակառակութիւնից դրդւած, իսկ ոմանք բարի յօժարակամութեամբ է, որ Քրիստոս են քարոզում. 16ոմանք էլ՝ սիրուց մղւած, քանի գիտեն, որ կանգնած եմ Աւետարանի պաշտպանութեան համար. 17իսկ ոմանք Քրիստոսի մասին պատմում են հակառակութեան համար եւ ոչ թէ մաքուր սրտով, կարծելով, թէ նեղութիւններ են աւելացնում իմ կապանքների վրայ։
18Բայց ինչ փոյթ. ինչ ձեւով էլ լինի, թէ միտումնաւոր եւ թէ ճշմարտութեամբ, Քրիստոսն է քարոզւում. եւ սրա համար ուրախ եմ ես, այլեւ պիտի շարունակեմ ուրախանալ. 19որովհետեւ գիտեմ, որ դա ծառայելու է իմ փրկութեանը՝ ձեր աղաչանքներով եւ Յիսուս Քրիստոսի Հոգու օգնութեամբ, 20ըստ իմ ակնկալութեան եւ յոյսի, որպէսզի ոչնչով ամօթով չմնամ, այլ լինեմ կատարելապէս համարձակ, եւ ինչպէս միշտ, նաեւ այժմ, մեծարւի Քրիստոս իմ մարմնի մէջ թէ՛ իմ ապրելով եւ թէ մեռնելով. 21քանի որ ինձ համար կեանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ։
22Ապա եթէ այս մարմնի կեանքը արդիւնաւոր գործի համար է, ես չգիտեմ, թէ որն ընտրեմ։
23Ճնշւած եմ երկուսից էլ. մարմնից դուրս գալը եւ Քրիստոսի հետ լինելը աւելի լաւ եմ համարում. 24իսկ մնալ այս մարմնի մէջ՝ առաւել կարեւոր է ձեզ համար։
25Եւ համոզւած եմ ու գիտեմ, որ կը մնամ եւ կապրեմ ձեզ բոլորիդ հետ, որ դուք զարգանաք եւ ուրախ լինէք հաւատի մէջ, 26որպէսզի ինձնով ձեր պարծանքը առաւել լինի Քրիստոս Յիսուսով, երբ ես վերստին գամ ձեզ մօտ։
27Միայն թէ Աւետարանին արժանի ձեւով ընթացէք, որպէսզի ձեզ տեսնելու գամ թէ հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն էք մնացել մէկ հոգով եւ որպէս մէկ շունչ պայքարում էք Աւետարանի հաւատի համար. 28եւ ոչնչով մի վախեցէք հակառակորդներից. դա ապացոյց է նրանց կորստեան եւ ձեր փրկութեան։
29Եւ դա Աստծուց է, որ շնորհւեց ձեզ Քրիստոսի համար, որպէսզի ոչ միայն հաւատաք նրան, այլեւ նրա համար չարչարւէք՝ 30մղելով նոյն պատերազմը, որն իմ մէջ տեսաք եւ այն լսում էք ինձնից։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Փիլիպեցիներին
ԳԼ .2
Քրիստոսի խոնարհութիւնն եւ Մեծութիւնը

1 Արդ, եթէ կայ մխիթարութիւն Քրիստոսով, եթէ կայ սիրոյ սփոփանք, եթէ կայ Հոգու հաղորդութիւն, եթէ կայ գթութիւն եւ ողորմութիւն, ուրեմն՝ 2կատարեալ դարձրէք իմ ուրախութիւնը. նոյն բանը խորհեցէք, նոյն սէրն ունեցէք ձեր մէջ, եղէք միաշունչ, միախորհուրդ։
3Մի արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ մէկդ միւսին աւելի լաւ համարեցէք, քան ինքներդ ձեզ։
4Միայն ձեր շահը մի փնտռէք, այլ իւրաքանչիւր ոք՝ ընկերոջ շահն էլ։
5Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, 6որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, 7այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ 8հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահւան՝ խաչի վրայ։
9Դրա համար էլ Աստւած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, 10որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհւի ամէն ծունկ՝ լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ սանդարամետականների. 11եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէր է՝ ի փառս Հայր Աստծու։

Լոյսի Պէս Փայլի Աշխարհի Մէջ

12Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպէս միշտ հնազանդւել էք, երբ եկել եմ ձեզ մօտ, այնպէս էլ հնազանդ եղէք առաւել եւս այժմ, երբ հեռու եմ ձեզանից. ահով եւ դողով դուք ձեր փրկութեան համար աշխատեցէք. 13որովհետեւ Աստւած է, որ յաջողեցնում է ձեր մէջ կամենալը եւ կատարելը իր հաճութեան համար։
14Ամէն ինչ արէք առանց տրտնջալու եւ առարկելու, 15որպէսզի լինէք անբիծ եւ անարատ, Աստծու որդիներ, անմեղներ խիստ մոլորեցնող ազգի մէջ, ուր պիտի փայլէք ինչպէս լուսատուներն աշխարհում՝ 16ձեր մէջ պահելով կեանքի խօսքը, որ պիտի լինի իմ պարծանքը Քրիստոսի օրւայ համար, որպէսզի դատարկ ընթացած եւ դատարկ աշխատած չլինեմ։
17Թէկուզ եւ ձեր հաւատին իբրեւ պատարագ եւ զոհ ընծայուեմ, ուրախ եմ եւ մասնակից ձեր բոլորի ուրախութեան։
18Նոյնպէս եւ դուք ուրախ եւ մասնակից եղէք իմ ուրախութեանը։
19Բայց յոյս ունեմ ի Տէր Յիսուս՝ Տիմոթէոսին շուտափոյթ ուղարկելու ձեզ մօտ, որպէսզի իմ սիրտն էլ հանգիստ լինի, երբ ձեր մասին բան իմանամ. 20որովհետեւ ոչ ոք չունեմ նրա նման սրտակից, որ հարազատի պէս հոգայ ձեր մասին, 21քանի որ բոլորն էլ իրենց շահն են փնտռում եւ ոչ Յիսուս Քրիստոսինը։
22Բայց նրա փորձւած լինելը դուք էլ գիտէք, որովհետեւ ինձ հետ Աւետարանին ծառայեց այնպէս, ինչպէս որդին՝ հօրը։
23Արդ, մտադիր եմ ուղարկել սրան, երբ որ իմ վիճակը պարզ լինի։
24Եւ յոյս ունեմ ի Տէր, որ ինքս էլ կը գամ շուտով։
25Բայց անհրաժեշտ համարեցի ձեզ մօտ ուղարկել Եպափրոդիտոս եղբօրը իմ գործակցին եւ մարտակցին, որ դուք ուղարկել էիք իմ կարիքները հոգալու համար, 26քանի որ ինքն էլ շատ կարօտել է ձեզ եւ ցանկանում է ձեզ բոլորիդ տեսնել. նա մտահոգւած էր, որ դուք լսել էիք, թէ ինքը հիւանդացել է։ 27Եւ արդարեւ հիւանդացաւ մերձիմահ. բայց Աստւած ողորմեց նրան. ոչ միայն նրան, այլեւ ինձ, որպէսզի տրտմութեան վրայ տրտմութիւն չկրեմ։
28Արդ, շտապ ուղարկեցի նրան, որպէսզի, նրան տեսնելով, կրկին ուրախ լինէք, եւ ես չտրտմեմ։
29Ընդունեցէք նրան ի Տէր ամենայն ուրախութեամբ եւ այդպիսիներին պատւական անձեր համարեցէք, 30քանի որ նա Տիրոջ գործի համար մինչեւ մահուան դուռը հասաւ՝ իր կեանքն իսկ վտանգելով, որպէսզի ինձ ծառայելու հարցում ձեր պակասը լրացնի։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Փիլիպեցիներին
ԳԼ .3
Ճշմարիտ Արդարութիւն

1 Ուրեմն, իմ եղբայրներ, ուրախ եղէք ի Տէր. նոյն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, իսկ ձեզ համար մեծ ապահովութիւն է։
2Զգուշացէք շներից, զգուշացէք չար մշակներից, զգուշաց՛ք թլփատութեան կողմնակիցներից. 3քանզի իսկական թլփատութիւնը մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսով, իսկ մարմնով չենք պարծենում, 4թէեւ ինքս էլ մարմնի վրայ նոյն վստահութիւնն ունեմ։ Եթէ մէկը կարծում է, որ ինքն այլ կերպ վստահութիւն ունի մարմնի վրայ, ես առաւել եւս. 5թլփատուել եմ ութերորդ օրը, Իսրայէլի ցեղից եմ, Բենիամինի սերնդից, եբրայեցի եբրայեցի ծնողներից, ըստ օրէնքի փարիսեցի, 6ըստ նախանձախնդրութեան՝ հալածում էի եկեղեցին, ըստ օրէնքի արդարութեան անրատ էի։
7Բայց ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։
8Եւ ամէն բան, արդարեւ, վնաս եմ համարում մեր Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար։
Նրա համար ամէն ինչից զրկւեցի, - եւ այդ բոլորը աղբ եմ համարում, - որպէսզի շահեմ Քրիստոսին 9եւ գտնուեմ նրա մէջ. ոչ թէ նրա համար, որ ունենամ իմ արդարութիւնը, որ օրէնքից է, այլ Քրիստոսի հաւատից եղած արդարութիւնը, որ Աստծուց եկող արդարութիւնն է՝ հաւատով, 10որպէսզի ճանաչեմ նրան եւ նրա յարութեան զօրութիւնը ու մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահւան, 11որպէսզի հասնեմ մեռելներից յարութիւն առնելուն։

Նպատակին Հասնել

12Ոչ թէ արդէն հասել եմ նպատակին կամ արդէն կատարեալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնւած եմ Քրիստոս Յիսուսից։
13Եղբայրներ, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ յետեւում մնացածները մոռացած ձգտում եմ դէպի իմ առջեւում եղածները. 14ուշադիր վազում եմ աստուածային կոչմանս նպատակակէտին՝ Քրիստոս Յիսուսով։
15Ուրեմն, դուք բոլորդ, որ կատարեալ էք, այս բանը խորհեցէ՛ք. եթէ ուրիշ բան խորհէք, Աստւած ձեզ այդ էլ կը յայտնի։
16Միայն թէ ինչի որ հասանք, նոյնը խորհենք եւ նոյն կանոնի համաձայն ընթանանք։
17Եղբայրներ, նմանւեցէք ինձ եւ լաւ նայեցէք այնպիսիներին, որ նոյն ձեւով են ընթանում, ինչպէս մենք, որ օրինակ ենք ձեզ համար. 18որովհետեւ շատերը, - որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ եւ այժմ էլ լալով եմ ասում, - ընթանում են որպէս թշնամիներ Քրիստոսի խաչի. 19նրանց վախճանը կորուստ է. նրանց աստուածը իրենց որովայնն է, եւ փառքը՝ իրենց ամօթը։ Նրանք միայն երկրաւոր բաներն են խորհում։
20Իսկ մեր քաղաքացիութիւնը երկնքում է, որտեղից եւ ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին, 21որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպէսզի այն կերպարանակից լինի իր փառաւոր մարմնին, այն զօրութեամբ, որ կարող է հնազանդեցնել ամէն բան իր իշխանութեանը։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Փիլիպեցիներին
ԳԼ .4
խորհուրդներ

1 Ուրեմն, իմ սիրելի եւ ցանկալի եղբայրներ, որ իմ ուրախութիւնն ու պսակն էք, այսպէս հաստատուն մնացէք ի Տէր, սիրելիներ։
2Խնդրում եմ Եւոդիային եւ խնդրում եմ Սիւնտիքին, որ նոյն խորհուրդն ունենան ի Տէր։
3Այո, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դու էլ օգնիր նրանց, որոնք աւետարանի համար պայքարեցին ինձ հետ Կղեմէսի եւ իմ միւս գործակիցների հետ միասին. նրանց անունները կեանքի գրքի մէջ են։
4Միշտ ուրախ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրախ եղէք։
5Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց։ Տէրը մօտ է։
6Հոգ մի արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։
7Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով։
8Եւ վերջապէս, եղբայրներ, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, - այն խորհեցէք։
9Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մէջ, այն արէք։ Եւ խաղաղութեան Աստւածը թող լինի ձեզ հետ։

Շնորհակալ Նւէրների Համար

10Ես չափազանց ուրախ եղայ Տիրոջով, որ դուք էլ էք մտածել հոգ տանել իմ մասին, ինչպէս արդէն հոգում էիք ինձ համար, բայց առիթ չէիք ունենում։
11Կարիքի մէջ լինելու համար չէ, որ ասում եմ այս բանը, քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից։
12Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատութեան մէջ լինել։ Ամէն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թէ կուշտ լինել, թէ քաղցած մնալ, թէ առատութեան մէջ լինել, թէ զրկանք կրել։
13Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց։
14Բայց դուք լաւ արեցիք, որ օգնեցիք ինձ նեղութեանս մէջ։
15Դուք էլ գիտէք, փիլիպեցիներ, որ Աւետարանի քարոզութեան սկզբում, երբ ես ելայ Մակեդոնիայից, ոչ մի եկեղեցի տալու եւ առնելու հարցում չօգնեց ինձ, բացի ձեզնից, 16որ մէկ-երկու անգամ իմ կարիքների համար օգնութիւն ուղարկեցիք Թեսաղոնիկէ։
17Ոչ թէ նւէրներ եմ փնտռում, այլ փնտռում եմ այն պտուղը, որ աւելանալու է ձեր հաշւին։
18Իսկ ես ամէն ինչ առել եմ եւ առատութեան մէջ եմ. լիացած եմ Եպափրոդիտոսի միջոցով ձեզնից ստացածս նւէրով, որ անուշահոտութիւն է, ընդունելի պատարագ՝ Աստծուն հաճելի։
19Եւ իմ Աստւածը կը լցնի ձեր կարիքները իր հարստութեան չափով, փառքով, Քրիստոս Յիսուսի միջոցով։
20Արդ, Աստծուն եւ մեր Հօրը փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
21Ողջունեցէ՛ք բոլոր սրբերին ի Քրիստոս Յիսուս։
22Ողջունում են ձեզ այն եղբայրները, որ ինձ հետ են։
23Ողջունում են ձեզ բոլոր սրբերը, մանաւանդ նրանք, որ Կայսրի տնից են։
24Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր հոգու հետ լինի։ Ամէն։

=============