Ներսէս Տ. Մեսրոպեան (Բալայեան)

Ներսէս Տ. Մեսրոպեան ( Յարութիւնի Բալայեան ) ծնւել է 1928 թւին Երեւանում: Փոխադրւելով Իրան, նախնական եւ միջնակարգ ուսումն ստացել է Ղազւինում: Առաջին գրւածը լոյս է տեսել 1936 թւին: Աշխատակցել է իրանահայ եւ սփիւռքահայ մօտ վեց տասնեակ թերթերի եւ հանդեսների: Մի քանի տարի ուսուցչական պաշտօն է վարել հայկական դպրոցներում: Իր բանաստեղծութիւնների մի մասը թարգմանւել ու տպագրւել են պարսիկ մամուլում: Ունի երգիծական գրւածքներ, որոնք լոյս են տեսել զանազան թերթերում, Խարտոց Հարթոցեն եւ Մատլի Բաջի ստորագրութիւններով: Յայտնի է դարձել իր «Թեհրանեան նամականի»ի շարքը, որը լոյս է տեսնում Լոս Անճելըսի «Քաջ Նազար» երգիծաթերթում: Գրել է նաեւ Վահագն-Վանիկ եւ վանենց ծածկանուններով: 1965 թւից անդամ է Իրանահայ Գրողների Միութեան: Ցարդ հրատարակել է Հայրենական , «Երեւանեան Գիշերներ»եւ «Աշնանային» բանաստեղծութիւնների գրքերը: Տպագրութեան համար պատրաստ են իր երգիծական երեք ժողովածուները, որից «Խառանափնթոր» ժողովածուն,1988 թւին արժանացել է Հայկաշէնի Ս. Ներսէս Շնորհալի գրական հաստատութեան մրցանակին: «Ձմռան Շէմին» գիրքը նրա քերթուածների 4-րդ աշխատութիւնն է: 1998 –ին Թեհրանում հրատարակւել է իր աւագ եղբօր Դոկտ. Մեսրոպ Բալայեանի հետ միասնաբար պարսկերէնի թարգմանւած Մկրտիչ Արմէնի «Պատւիրեցին Յանձնել Ձեզ…» պատմւածքների ժողովածուն:

Կարօտ
Բարի եկաք կռունկներ
Հեռու աշխարհից,
Անցաք լեռներ , ավկիանոսներ,
Անցաք ծովերից,
Շէն էր արդեօք մեր տունը.
Օջախ հայրական.
Կանգուն էր դեռ մեր բունը.
Յոյսերիս կայան…
Որքա~ն, որքա~ն, ախ~ որքա~ն
Կարօտել եմ ես,
Որքա~ն եմ ես սպասել
Ինձ մի լուր բերեք…
Բարի եկաք կռունկներ,
Շատ հեռուներից,
Ինչ լուր բերիք ինձ համար
Հայրենի բնից…
Մայրեր
Մայրեր, Մայրեր,
Ինչքան պիտի տանջւէք դուք դեռ:
Երէկ սնել էք զաւակներ,
Այսօր արդէն ունէք թոռներ,
Որ կարոտ են խնամքին ձեր:
Մայրեր, Մայրեր,
Յոգնած, խոնջած ու կորացած
Ոնց պիտ կրէք դուք այսուհետ,
Ախորժելի, սակայն դժւար
Ու ծանր բեռ… :
Երբ Ծերանում Ենք
Երբ ծերանում ենք դառնում ենք մանուկ,
Յամառ, զգայուն ու մի քիչ էլ «խենթ»,
«» Յուզւելու պահին թափում ենք արցունք,
Դառնում ենք փխրուն, ոնց ծաղիկ մի թերթ,
Միշտ պահանջում ենք ամեն ինչ առատ,
Ամեն բան տեղին’,մեր ուզած ձեւով,
Մոռանում ենք որ մենք ապրել ենք շատ,
Կեանքը դարձել է ամեն ինչ հերթով:
Միշտ ձանձրացնում ենք մեր շրջապատին,
Տեղի-անտեղի մեր պահանջներով,
Երբ փշրւում է կենաց ապակին,
Էլ չի զբաղւում ոչ ոք մեզանով,
Երբ ծերանում ենք ,
Կիսւում, կռանում
Դառնում ենք կէս մարդ…:
Վերադարձ …
Բե’ր ճամբրուկս բեր,
Ուզում եմ թողնել, հեռանալ շուտով
Ու հասնել այնտեղ
Որտեղ կան բազումծանօթ-անծանօթ
Մարդիկ, սրտամօտ:
Գնամ մանկօրէն թափառեմ մթին, ծուռ
Փողոցներում,
Ու թակեմ մէկ-մէկ դռները մարդկանց,
Բարեւեմ նրանց,
Համբուրեմ մեր տան
Պատերն կիսաւեր,
Բացեմ մեր փակւած դուռն ու պատուհան,
Արցունքով լւամ փոշին օրերի:
Գնամ ու հասնեմ այնտեղ որտեղից հեռացել եմ ես,
Սրտումս հազար վէրքեր ցաւագին,
Երգեր անաւարտ,
Որտեղ տարիներ երկնել եմ տաղեր,
Երազել եմ սէր,
Ու տնկել ծառեր, ցանել ծաղիկներ,
Ծնողներ թաղել…
Գնամ երկիւղած,
Ծաղիկներ փռեմ սուրբ շիրիմներին,
Արցունքներ ցօղեմ մամռոտ քարերին:
Բե’ր,ճամբռուկս բեր,
Քանի ապրում եմ
Ու շնչում եմ դեռ,
Բե’ր
Ճամբրուկս բեր…
Վերջացաւ …
Երգս գնաց ,
Վէրքս մնաց ,
Էլ իմ կեանքից ինչ մնաց ,
Լաւը գնաց ,
Ցաւը մնաց ,
Ցաւից բացի ինչ մնաց :
Երգս գնաց ,
Վէրքս մնաց ,
Ջահել կեանքս շուտ անցաւ ,
Լաւը գնաց ,
Ցաւը մնաց ,
Էլ ինչ որ էր , անց կացաւ
:
Տարեդարձի Օր
Փակւած սենեակում
մենակ ու տխուր
Իմ ապրած կեանքի
Ութսունամեակի
Օրն եմ ես նշում,
Խորհում ափսոսում
Որքա’ն շուտ անցան իմ տարիները...
Ու այսօր, աւա’ղ,
Մենակ, միայնակ,
Ես վերյիշում եմ անցած, գնացած
Ժամանակները,
Եւ օրերն իմ, ապրած ու չ’ապրած...
Իսկ ձայներիզը մի երգ է սփռում,
Մի երգ սրտամօտ,
Վաղուց ինձ ծանօթ,Այդ ես լսել եմ,
Հօրս օրհնութիւն եւ աղօթք բուրող
Շրթերից դողդոջ,
«Սիրտս նման է,
Էն փլած տներ,
Տօ’ լա’ճ տնաւեր...»
Փակւած սենեակում,
Իմ տարեդարձին եմ ես նշում այսօր... :
Հաւա’տա’
Հաւա‘տա’ հայր իմ,,
Ես կը գամ,
«Արեւագալի» շողերի հետ,,
Որ լսեմ ձայնդ երկնային,,
Շարականն Շնորհալու,,
«Առաւօտ լուսոյ, արեգակն արդար...»,
Հաւա’տա’ կը գամ,,
Երբ խորին լռութեան մէջ,
Նորից զնգան լռած զանգակատան,
Զանգերը ուրախ ու զիլ,
Եւ աւետեն կրկին Յարութիւնը Տիրոջ...,
Ես կը գամ երբ դու,
Սուրբ սկիհն երկնքի պարզած,
Հրեշտակների հետ կ’երգես,,
«Առէք, կերէք, այս է մարմին իմ....»,
Ես կը գամ այնպէս,
Ինչպէս դու ես գալիս,
Իմ տեսիլք-երազներում... :
Թէ ինչպէս էր նա...
(Հօրս յիշատակին)
Հայի պէս վեհանձն,
Հայի պէս յամառ ,
Իր ամբողջ կեանքում
Միշտ մնաց հպարտ
Եւ հոգով անպարտ:
Նա չխոնարհւեց
Ոչ ոքի դիմաց.
Գլուխ չծռեց
Ոչ մի բռնութեան
Եւ ուժի առաջ:
Իսկ երբ որոշեց
Ծառայել յաւէտ Ամենակալին.
Հայոց տաճարում
Հեզ ու հնազանդ
Խոնարհւեց տիրոջ
Զօրութեան առաջ.
Խնկարկեց միայն
Նախախնամութեան....
ՕՐՀՆԻ. Ր...
Ամէնօրեայ
Երգերիս մէջ,
Հայր, ես անվերջ
Յիշում եմ քեզ,
Յիշում այնպէս,
Ինչպէս կը յիշեն բոլոր ազնիւ,
Բարի մարդկանց:
Ամէնօրեայ
Աղօթքներում
Դու էլ յիշիր
Եւ օրհնիր ինձ
Բազմամեղիս
Փափաք Ութսունամեակից Յետոյ...
Ծնուեցի ես Երեւանում:
Մանկութիւնս անհոգ, ուրախ,
Անցան օրերս եթերումը,
Հօրս փնտրած քաղաքումը...

Սնուեցի ու սովորեցի,
Հայոց լեզուն դարձրի մասունք,
Գրքեր առած իմ գրկումը’
Հօրս ընտրած քաղաքումը...

Եկեղեցում մեր սրբասուրբ
Աղօթեցի յիսուն տարի,
Հաւատ ու յոյս իմ սրտումը’
Հօրս օրհնած քաղաքումը...

Սիրեցի ես ու սիրուեցի
Երազային անբիծ սիրով,
Սէրն ամրացաւ իմ հոգումը’
Հօրս սիրած քաղաքումը...

Տարիների սահանքի հետ
Ես բախտաւոր մի հայր դարձայ,
Բալիկներիս իմ գրկումը’
Հօրս պաշտած քաղաքումը...

Հազար երնէկ տեսնեմ նորից
Իմ աննման օրօրանը,
Մանկանամ մեր փողոցումը’
Հօրս ապրած քաղաքումը...

Մի հրաշքով թեւեր առնեմ,
Գնամ, հասնեմ այնտեղ, մեռնեմ,
Այնտեղ լինի իմ մարումը’
Հօրս Ղազուին քաղաքումը...
Փա`ռք Ամենակալին
Փա`ռք Ամենակալին,
Անցնող գիշերն էլ լուսացրինք
Եւ զգացինք
Արեւի ծնունդն ու ջերմութիւնը
Եւ վերջալոյսից առաջ
Տեսանք այգաբացը
Ու դեռ քանի-գիշերներ
Լուսացնենք պիտի.
Ով գիտի
Քանի անգամ արեւը
Պիտի ծագի ու լուսաւորի
Հոգիները մթին,
Յետոյ անհետանայ
Անհուն խաւարի մէջ
Ու դառնայ
Պատմութիւն,
Յուշ թէ
Առասպել...
Նախատինք
Ինքս ինձ...
Դու որ մինչ երէկ
Տասը հոգով ես սեղանի նստել,
Պատառ չես կիսել
Առանց ընկերի,
Ասա ‘, ինչպէս ես,
Ինչպէս ես ուզում
Թաղւել մենութեան
Ու մշուշի մէջ...
Դու որ ողջ կեանքում
Խորշել ես չարից,
Ինչպէս ես ուզում
Ապրել չարերի ոստանում’ դժոխք...
Դու որ ապրել ես
Իրաւ մարդու պէս,
Մարդկանց հոգսերի,ցաւերի համար
Մազ ճերմակացրել ու մէջք կորացրել,
Անարդար խօդքին, անիրաւ վճռին
Ոնց պիտ դիմանաս
Ու չ’խենթանաս... :
Յուդաներին...
Հէ`յ, դուք երէկւայ
«Հաւատարիմ»
Այսօր ծախւած մարդուկներ,
Դուք որ մինչ երէկ
Ծափահարում տուրք էիք տալիս,
Իսկ այսօր յանուն ստամոքսի
Աճուրդի էք հանել պատիւ, գրիչ ու խիղճ
Ու թւում է ձեզ, թէ’
Խաբել էթ
Ժողովրդին ամենագէտ...
Բայց յաջողեց արդեօք յուդան...
Ծածկել էք ձեր դէմքն այլանդակ,
Փորձում էք թագնւել
Սեւ դիմակի տակ:
Բայց իմացէք
Դաւանանքը փոխնորդ չէ որ’
Փոխէք ամէն օր... :
Մնաք Բարով
Գնա’, երգ իմ, եթերն անծիր,
Զեփիւռի պէս աշխարհն անցիր,
Ում որ տեսար, կասես սիրով
Ներսէսն ասաց’ մնաք բարով... :

Մեր քաղաքին, փողոցներին,
Քար ու քանդւած հին պատերին,
Կասես նրանց’ ծով կարօտով
Ներսէսն ասաց’ մնաք բարով... ;

Դասարանին խոնաւ, մթին,
Այն տախտակէ նստարանին,
Ուր «նախշել եմ» անունովն իմ,
Նրան էլ կասես ամբողջ սրտով
Ներսէսն ասաց’ մնաք բարով... :

Այգիներին կանաչազարդ,
Պարտէզներին մեր մրգաշատ,
Կասես նրանց անհուն սիրով
Ներսէսն ասաց’ մնաք բարով... :

Ընկերներին իմ մանկութեան,
Նրանց որոնք ապրում են դեռ,
Կասես տղերք սիրագորով
Ներսէսն ասաց’ մնաք բարով... :

Եկեղեցուն մեր սրբասուրբ,
Խորաններին խորախորհուրդ,
Անլռելի զանգակատան,
Կասես սրտի խոր յուզումով
Ներսէսն ասաց մնաք բարով... :
Կեանքն ինչպէս որ կայ
Անցած օրերին չ’կայ վերադարձ.
Իզուր է արցունք, զուր է ափսոսանք,
Անցեալը յուշ է, երկինք ամպամած,
Ու հեքիաթային կապոյտ երազանք... :

Այսպէս է կեանքը, իմացիր ո`վ մարդ,
Ամէն ինչ ունի ի’վերջոյ վախճան,
Ամէն բանին կայ խոշոր վերջակէտ,
Բարի անունն է յաւիտենական... :
Եկ- Խօսենք Հայերէն...
Աշխարհում բազմաթիւ լեզուներ,
Մեր շուրջը բոլորը հայեր են,
Չը լինենք անփոյթ, անտարբեր,
Եկ’ ընկեր, մենք խօսենք հայերէն... :

Աշխարհում ապրում են շատ ազգեր,
Բայց նրանք մեզանից տարբեր են,
Սովորենք շատ ու շատ լեզուներ,
Բայց խօսենք, միշտ խօսենք հայերէն... :
Ինչ Կ’անեն
Արդեօք ինչ կանեն
Քեզանից յետոյ,
Օրն ինչպէս կ’անցնի
Մեզանից յետոյ...
Պարզապէս ոչինչ,
Ոչինչ չի փոխւի,
Միայն մենք ենք որ այլեւս չենք լինի...
Այս կեանքում յաւերժ ոչ ոք չի մնայ,
Ամեն մարդ միեւնոյն
Ճամբով պիտ գնայ... :
Ի’նչ լաւ է ասել
Ի’նչ լաւ է ասել
Լոռեցին մեր մեծ
Մեր Թումանեանը’ անմահ բանաստեղծ,
Թէ’ անց կը կենան ամէն գանձ ու գահ,
Բարի անունն է որ միշտ կը մնայ...
Ու յաւերժօրէն կը յիշւի լոկ նա,
Ով բարիք կանի այս երկրի վրայ... :
Խօսք Սրտանց
Հայեր, մի թողէք Արաքսն արցունքոտ,
Հայեր, մի լքէք գեղարդի վանքը,
Հայեր, մի քանդէք ձեր ճջախը սուրբ,
Մասիսն է հայի յաւերժի կեանքը:

Հազար սրբութիւն մենք ունենք այնտեղ,
խնկաբոյր վանքեր, գերեզման, խաչքար,
Ունենք Օշական, Գանձասար, Գառնի,
Ուխտատեղիներ հին, հրաշափառ:

Հայեր, մի քանդէք ձեր տները շէն,
Թշնամիները անգութ ու դաժան,
Հազար անգամ են աւերել արդէն,
Ու ասպատակել հողը սրբազան:

Սրբէք արցունքը մայր Հայաստանի,
Մի թողէք ցաւով ողբայ, ափսոսի,
Սարերի արքայ Մասիսը հայոց
Աչքերն արցունքոտ ձեզի սպասի:

Հայեր, մի թողէք ձեր տեղն ու տունը,
Հայն ապրել է հպարտ ու անմահ,
Հայեր, մի քանդէք օջախի սիւնը,
Ամուր մնացէք մայր հողի վրայ:
Իղձ Վերջին
Արդեօք ինչ կասեն,
Ինչ կը մտածեն
Տարիներ յետոյ
Թոռանս թոռները,
Իրենց մեծ պապի երգերի մասին:
Կը խնդան արդեօք,
Կը հաշւեն ցնորք
Յոյզերն իմ բոլոր,
Որոնք ես այսօր
Փռում եմ փութով
Թղթերի վրայ,
Ու թողնում նրանց
Որպէս յիշատակ:
Թէ պիտի կարդան
Ու հպարտանան,
Որ իրենց պապի
Մեծ պապը մի օր
Ապրել է, խոհել, երկնել, մտածել
Իրաւ մարդու պէս
Ու մարդկայնօրէն…
Երգել է մարդու
Ու ժամանակի ցաւն իսկական:
Եւ շատ կուզէի
Իմանալ մի կերպ,
Արդեօք ինչ կասեն,
Ինչ կը մտածեն… :
Ծիծեռնակներ…
Ծիծեռնակներ, ծիծեռնակներ մեր բակի,
Որ գալիս էք ու բոյն շինում ծառերին,
Աւետում էք գալուստը կանաչ գարնան,
Դուք էլ արդէն ծերացել էք ինձ նման …
Ծիծեռնակներ, ծիծեռնակներ մեր բակի,
Որ գալիս էք ամէն տարի գարնանը,
Ով գիտէ երբ, բայց մի օր էլ որ դուք գաք,
Կը տեսնէք մեր տունը խաւար, դուռը փակ… :
Նամակները
Ախ չ’գիտես որքան զօրեղ,
Որքան ուժեղ,
Յուսալից են, ինձ քո գրած նամակները,
Մութ օրերին, մենութեանս մէջ
Աստղ են, արեւ, ջերմ ու անշէջ,
Խթանում են, յոյս են տալիս,
Թեթեւացնում են վշտերս,
Ինձ քո գրած նամակները… :
Գնահատում եմ
Գնահատում եմ այն ազնիւ մարդուն,
Որ բարութիւն է կատարում որդուն,
Ես մեծարում եմ յիշատակն այն հօր,
Որ լաւութիւն արել ամէն օր :
Սիրում, պաշտում եմ այն իրաւ հային,
Քրտինք է խառնել հայենի հողին… :
Ձեռքիս Ծխախոտին
Իմ կեանքի նման
Ինչքան ձգւում ես
Գնում ես առաջ`
Դու կարճանում ես,
Ծխում ես, մխում,
Դառնում ես մոխիր
Մտքերիս նման դու ցաք ու ցրիւ ,
Երազներիս պէս անէանում ես,
Վերջում խամրում ես,
Մարում յուսահատ,
Յոյզերիս նման,
Ու իմ սրտիս պէս …
Ես Կամ
Ես կամ, ես չը կամ,
Ապրում եմ մի պահ,
Մի պահ մոռացւում,
Դառնում յիշատակ…
Բայց իմ երգերը
Ցայտաղ բիւրի ջինջ
Ջրերի նման
Զուլալ, կենարար,
Ապրեցնում են ինձ,
Յուշում, յիշեցնում
Որ ես կամ, ես կամ,
Որ կ`ապրեմ յաւետ
Իմ երգերի մէջ,
Իմ երգերի հետ …

Ծանօթ Շները
Ծանօթ շները չեն հաչում վրադ ;
Այլ ուրախացած ձեռքերդ են լիզում,
Ընկեր մարդիկ են քո վրայ խօսում,
Ու գիշեր ցերեկ քեզ բանբասում…

Ուր Մնաց
Ազնւութիւն, անկեղծութիւն, ուր մնաց,
Ընկերութիւն ու մարդկութիւն, ուր մնաց,
Օրերն անցան, գառը դարձաւ մի գազան,
Սէր ու երդում, հազար խոստում զուր գնաց… :

Քեզ Եմ Յիշում
Երբ տխուր եմ ես, միշտ քեզ եմ յիշում,
Յուսահատ պահին լուռ ա~խ եմ քաշում,
Մեր քաղցր օրերը աւա~ղ շուտ անցան,
Ա~խ այդ վիշտն է յար իմ հոգին մաշում… ;