Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մատթէոսի Համաձայն
ԳԼ.5
Լեռան Քարոզը
Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.

Ճշմարիտ Երանութիւնները
3 Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարւեն։
Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի՜ նրանց, որ սոված ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի կշտանան։
Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։
Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։
Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչւեն։ Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։
Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։
12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։

Աղ եւ Լոյս
13 «Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ'աղւի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափւի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի։
Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնւել։
Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են։
16Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»:

Ուսուցում Օրէնքի Մասին
17«Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, օրէնքիցմի կէտ իսկ, - որ մի նշանագիր է, - Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարւի։
Ով որ այս պատւիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ'սովորեցնի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարւի. իսկ ով կը կատարի եւ կ'սովորեցնի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարւի։
20 Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի

Բարկութեան մասին
21Լսել էք, թէ ինչ ասւեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի։
Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին։
Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտւի՛ր քո եղբօր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր։
Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես։
26 Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը։

Շնութեան Մասին
27Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում։
Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն։
30Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն։

Ամուսնալուծումի Մասին
31Արդարեւ ասւել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»:
32 Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան անել է տալիս. եւ ով որ արձակւածին է առնում, շնանում է։

Երդումի Մասին
33Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդւել ես»:
Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդւել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատւանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է։
Եւ քո գլխով էլ չերդւես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել։
37Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է։

Վրէժի Մասին
38 Լսել էք՝ ինչ ասւեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»: Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ երեսին ապտակ տայ, նրան միւսն էլ դարձրու։
Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։
Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա։
42 Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի դարձրու նրանից։

Թշնամիներին Սիրել
43 Լսել էք արդարեւ, թէ ինչ ասւեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»:
Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ։
Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։
Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում։
48 Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»: