Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մատթէոսի Համաձայն
ԳԼ.28
Յիսուսի Յարութիւնը
1 Շաբաթ օրւայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։
Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ։
Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը։
Նրա վախից պահապանները շփոթւեցան եւ մեռելների պէս եղան։ Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ փնտռում էք Յիսուսին, որ խաչւեց. այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր։
Եւ իսկոյն գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնէք։ Ահա ասացի ձեզ»։
Եւ իսկոյն, ահով եւ մեծ ուրախութեամբ, գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու։
Եւ յանկարծ Յիսուս նրանց դիմացը ելաւ ու ասաց՝ ողջո՜յն ձեզ. եւ նրանք մօտենալով՝ նրա ոտքերին փարւեցին ու երկրպագեցին նրան։
10 Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցէք. գնացէ՛ք ասացէք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա եւ այնտեղ ինձ տեսնեն»:

Պահակների Տեղեկատւութիւնը

11 Երբ նրանք գնացին, ահա զինուորներից ոմանք քաղաք եկան ու քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր։
Եւ նրանք ծերերի հետ միասին հաւաքւելով՝ խորհուրդ արեցին, շատ դրամ տւեցին զինուորներին ու ասացին.
Կ'ասէք, թէ նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մէջ էինք։
15 Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կը գոհացնենք եւ ձեզ հոգսից կ'ազատենք: Եւ նրանք դրամն առնելով՝ արեցին այնպէս, ինչպէս որ իրենց սովորեցրել էին։ Եւ այս զրոյցը տարածւած է հրեաների մէջ մինչեւ այսօր։

Յիսուսի Վերջին Պատւէրը

16 Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրւել էր։
Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին։
Եւ Յիսուս մօտենալով՝ խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրւած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։
Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։
20 Սովորեցնելով նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատւիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»: