Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մատթէոսի Համաձայն
ԳԼ.22
Հարսանիքի Առակը
1 Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց. «Երկընքի արքայութիւնը նմանւեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց։
Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրւածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ։
Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրոշւածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զւարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»։
Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին. ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատւեցին ու սպանեցին։
Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը։ Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրւածները արժանի չէին։
Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»։ Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրւածներով։
Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրւածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»։
Եւ նա պապանձւեց։
Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում.
14 որովհետեւ կանչւածները շատ են, իսկ ընտրեալները՝ քիչ»:

Տուրք Վճարելու Հարցը

15 Այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն։
Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծու ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չես անում։
Արդ, ասա՛ մեզ, ինչպէս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»։ Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր, ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»։
Եւ նրանք մի դահեկան բերեցին։
Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»։
Նրանք ասացին՝ կայսրինը։
Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»։
22 Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին։

Յարութեան Հարցը

23 Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տւեցին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի։
Մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց։ Նոյնպէս եւ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթներորդը։
Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ։ Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կը լինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»։
Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորւածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը. որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում։
Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասւածը. ե՛ս եմ Աբրահամի Աստւածը, Իսահակի Աստւածը եւ Յակոբի Աստւածը. եւ Աստւած՝ մեռելների Աստւածը չէ, այլ՝ կենդանիների»։
33 Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ։

Մեծ Պատւիրանքը

34 Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքւեցին. եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց. «Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատւիրանն է մեծ»։
Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։
Այս է մեծը եւ առաջին պատւիրանը.
39 եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը։
40Այս երկու պատւիրաններից են կախւած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»:

Մեսիայի Հարցը

41 Եւ երբ փարիսեցիները հաւաքւեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։
Նրան ասացին՝ Դաւթի։
Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. «Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատւանդան»։
Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»։
46 Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ։
Եւ այդ օրւանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել։