Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մատթէոսի Համաձայն
ԳԼ.20
Այգու Բանւորների Առակը
1 «Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու։
Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան խօսելով՝ նրանց ուղարկեց իր այգին։ Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում։
Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կը տամ ձեզ»։ Նրանք եւս գնացին։ Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց։
Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»։
Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»։ Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»։
Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»։
Երբ եկան ժամը հինգի մօտ վարձւածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ։
Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան։
Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. «Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրւայ ծանրութիւնը եւ տաքութիւնը»։
Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի համաձայնւեցիր. ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան եւ քեզ. միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարւելու, ինչպէս կամենում եմ։ Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»։
Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչւածները, բայց քիչ են ընտրեալները»։
Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց.
«Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնւի քահանայապետերին ու օրէնսգէտներին. եւ նրան մահւան պիտի դատապարտեն
19 ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրւելու, ծեծւելու եւ խաչը հանւելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:

Մայրի Խնդրանքը

20 Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում։
Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»։
Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»։ Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտւել այն մկրտութեամբ, որով ես մկրտւելու եմ»։
Նրան ասացին՝ կարող ենք։ Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտւէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրւած է իմ Հօրից»։
Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ։ Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ։
Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի.
28 ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»:

Յիսուսը Բժշկում է Երկու Կոյրերին

29 Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց։
Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին։ Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»։
Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն։ Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»։
Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»։
Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացւեն, Տէ՛ր»։
34 Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից։