Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մարկոսի Համաձայն
ԳԼ.3
Յիսուսը Չորացած Մարդու Ձեռքը Բժում է

1 Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր:
Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան:
Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»:
Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին:
5 Եւ Յիսուս, բարկութիւնով լցւած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ:
6 Փարիսեցիները հերովդէսականների հետ իսկոյն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դէմ, թէ ինչպէս նրան կորստեան մատնեն:

Ժողովուրդը Ծովեզերքում

7 Իսկ Յիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք:
Եւ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա յետեւից. նաեւ Հրէաստանից, Երուսաղէմից, Յորդանանի միւս կողմից, ինչպէս նաեւ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մօտ:
Եւ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նաւակ պատրաստ լինի ժողովուրդի պատճառով, որպէսզի իրեն չնեղեն:
Քանի որ շատերին բժշկեց, ուրեմ ամէն տեսակ հիւանդութիւններ ունեցող մարդիկ գալիս էին, խռնւում նրա շուրջը, որպէսզի դիպչեն նրան:
Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում. 12 Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատւիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն:

Յիսուսը Ընտրում է Տասներկու Առաքեալնեին

13 Յիսուս լեռը բարձրացաւ եւ իր մօտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցաւ. եւ նրանք գնացին նրա մօտ:
Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, եւ նրանց քարոզելու ուղարկի, ու նրանք իշխանութիւն ունենան ցաւեր բուժելու եւ դեւեր հանելու:
Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է՝ Որոտման որդիներ:
Նաեւ՝ Անդրէասին եւ Փիլիպպոսին եւ Բարթողոմէոսին եւ մաքսաւոր Մատթէոսին եւ Թովմասին եւ Ալփէոսի որդի Յակոբոսին եւ Թադէոսին եւ Սիմոն Կանանացուն 19 եւ Յուդա Իսկարիովտացուն, որը եւ նրան մատնեց:

Յիսուսը Բէեղզեբուղ եւ Դեւերի Իշխանը

20 Նրանք տուն վերադարձան. եւ ժողովուրդը նորից եկաւ նրանց հետ, այնպէս որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան:
Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է:
Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին:
Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել:
Եւ արդ, եթէ մի թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանւի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն մնալ:
Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանւի, այդ տունը չի կարող կանգուն մնալ:
Եւ եթէ սատանան ինքն իր դէմ դուրս գայ եւ բաժանւած լինի, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է:
Ոչ ոք չի կարող հզօրի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամէն մեղք եւ հայհոյանք կը ներւի. 29 բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»:
29 Այսպէս խօսեց, որովհետեւ ասում էին՝ նրա մէջ պիղծ դեւ կայ:

Յիսուսի Մայրն ու Եղբայները

31 Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան:
Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը: Եւ երբ ասացին նրան՝ ահա՛ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում, նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ՝ իմ եղբայրները»:
Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները. 35 որովհետեւ, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»: