Յիսուս Քրիստոսի Աւետարանը Ղուկասի Համաձայն
ԳԼ. 9
Յիսուսը Իշխանութիւն է Տալիս Տասներկու Աշակերտներին

1 Եւ նա կանչելով տասներկու առաքեալներին՝ նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տւեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները:
2 Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստուծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակւածներին:
3 Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք. ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք.
4 որ տունն էլ մտնէք, այնտե՛ղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք:
5 Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»:
6 Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ:

Հերովդէսի Շփոթութիւնը

7 Հերովդէս չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը եւ զարմանում էր ոմանց ասածի վրայ,
8 թէ՝ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, իսկ ոմանց ասածի վրայ, թէ՝ Եղիան յայտնուեց, եւ ուրիշների՝ թէ՝ նախկին մարգարէներից մէկը յարութիւն է առել:
9 Հերովդէսն ասաց. «Յովհաննէսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»: Եւ ուզում էր նրան տեսնել:

Յիսուսը Կերակրում է Հինգ Հազար Մարդկանց

10 Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա նրանց հետն առնելով՝ քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ, մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում:
11 Եւ երբ ժողովուրդը իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա ընդունելով նրանց՝ խօսում էր նրանց հետ Աստծու արքայութեան մասին. եւ որոնք որ բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց:
12 Եւ օրն սկսեց տարաժամել: Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերը եւ ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»:
13 Նա ասաց նրանց. «Դո՛ւք ուէք նրանց ուտելու բան»: Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք».
14 որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար: Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք դրանց խումբ-խումբ, յիսուն-յիսուն»: 15 Եւ այդպէս արեցին ու ամենքին նստեցրին:
16 Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն:
17 Ամէնքը կերան եւ կշտացան. իսկ կտորտանքները վերցրին՝ տասներկու սակառ լիքը:

Պետրոսը Ասում է Յիսուսի Մասին

18 Եւ երբ նա առանձին աղօթքի էր կանգնել, նրա հետ էին նաեւ իր աշակերտները: Նրանց հարցրեց եւ ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»:
19 Եւ նրանք պատասխանեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը. եւ ոմանք, թէ՝ Եղիան, իսկ ուրիշներ, թէ՝ նախնիներից մի մարգարէ յարութիւն է առել»:
20 Ասաց նրանց. «Դո՛ւք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ»: Պետրոսը պատասխանեց եւ ասաց. «Աստծու Քրիստոսը»: 21 Նա սաստեց նրանց եւ պատւիրեց ոչ ոքի չասել այդ:

Յիսուսը Խօսում է իր Չարչարանքի եւ Մահւան Մասին

22 Ապա ասաց. «Մարդու Որդին պէտք է շատ չարչարւի եւ անարգւի քահանայապետներից եւ ծերերից ու օրէնսգէտներից. եւ սպանւի ու երրորդ օրը յարութիւն առնի»:
23 Եւ ամենքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից.
24 որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի:
25 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի.
26 որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով:
27 Բայց, ճշմարիտ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»:

Յիսուսի Պայծառակերպութիւնը

28 Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու:
29 Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպւեց, նրա զգեստը փոխւեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ:
30 Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ: Նրանք Մովսէսն ու Եղիան էին, 31 որոնք փառքով երեւալով՝ խօսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղէմում:
32 Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտուողները քնի ծանրութեան տակ՝ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին:
33 Եւ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»: Եւ չէր իմանում, թէ ինչ էր խօսում:
34 Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան:
35 Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ ընտրեալ Որդին, լսեցէ՛ք դրան»:
36 Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնւեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան:

Յիսուսը Բժշկում է Չար Ոգի Ունեցող Տղային

37 Յաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռնից, Յիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմութիւն:
38 Եւ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց եւ ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետեւ իմ մէկ հատիկն է.
39 ահա չար ոգին դէսուդէն է խփում նրա մէջ եւ յանկարծ գոչում է. եւ նրան սաստիկ ցնցում է, թաւալեցնում, փրփրեցնում եւ, խորտակելով նրան, հազիւ է հեռանում նրանից:
40 Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»:
41 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորւած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ համբերեմ. բե՛ր այստեղ քո որդուն»:
42 Եւ մինչդեռ նա մօտենում էր, դեւը գետին խփեց նրան ու ցնցեց:
43 Յիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը եւ տւեց նրան նրա հօրը:
44 Եւ ամէնքը զարմանում էին Աստծու մեծագործութիւնների վրայ:

Յիսուսը նորից Կ’խօսէ իր Մահւան Մասին

Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամենի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը. որ մարդու Որդին մատնւելու է մարդկանց ձեռքը»:
45 Սակայն նրանք չէին հասկանում այս խօսքը, եւ դա ծածկւած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան:

Ով է Մեծը

46 Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ո՛վ է մեծ:
47 Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ
48 եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետեւ, ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա՛ է մեծ»:

Ով որ Մեզ Դէմ չէ, Մեզ Հետ է

49 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որ քո անւնով դեւեր էր հանում, եւ արգելեցինք նրան, որովհետեւ մեզ հետ չի շրջում»:
50 Յիսուս ասաց նրանց. «Մի՛ արգելէք նրան, որովհետեւ, ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»:

Սամարայի Գիւղերից Մէկը Մերժում է Յիսուսի Մուտքը

51 Եւ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապէս որոշեց գնալ Երուսաղէմ:
52 Եւ իրենից առաջ պատգամաւորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գիւղ՝ նրա համար պատրաստութիւն տեսնելու: 53 Բայց սրանք չընդունեցին նրան, որովհետեւ նա ուղեւորւում էր դէպի Երուսաղէմ:
54 Երբ նրա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, այդ տեսան, ասացին. «Տէ՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, եւ երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»:
55 Նա դարձաւ բարկանալով խրատեց նրանց եւ ասաց. «Չգիտէք ի՛նչ հոգուց էք դուք.
56 որովհետեւ մարդու Որդին չեկաւ մարդկանց հոգիները կորստեան մատնելու, այլ՝ փրկելու»: Եւ մի ուրիշ գիւղ գնացին:

Յիսուսի Ինքնականչ Հետեւորդները

57 Եւ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրայ մէկը նրան ասաց. «Կը գամ քո յետեւից, ինչ տեղ էլ գնաս»:
58 Յիսուս նրան ասաց. «Աղւէսները որջեր ունեն, եւ երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»:
59 Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ յետեւից»: Եւ սա ասաց. «Տէ՛ր, հրաման տուր ինձ՝ գնալ նախ թաղել իմ հօրը»:
60 Յիսուս նրան ասաց. «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ քարոզիր Աստծու արքայութիւնը»:
61 Մէկ ուրիշն էլ ասաց. «Քո յետեւից կը գամ, Տէ՛ր, բայց նախ թո՛յլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»:
62 Յիսուս նրան ասաց. «Ո՛չ ոք իր ձեռքը մաճի վրայ կը դնի եւ ապա յետ կը նայի, եթէ յարմար է Աստծու արքայութեանը»: