Յիսուս Քրիստոսի Աւետարանը Ղուկասի Համաձայն
ԳԼ. 4
Յիսուսը Փորձւեց Սատանայից

1 Եւ Յիսուս Սուրբ Հոգով լի վերադարձաւ Յորդանանից. եւ Հոգով անապատ առաջնորդւեց 2 ու քառասուն օր փորձւեց սատանայից:
Չկերաւ եւ չխմեց այն օրերին. եւ երբ քառասուն օրերը լրացան, քաղց զգաց: 3 Եւ սատանան նրան ասաց. «Եթէ Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց լինի»:
4 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Գրւած է. «Միայն հացով չէ, որ կ՚ապրի մարդ, այլ՝ Աստծու ամէն խօսքով»:
5 Եւ սատանան տանելով նրան մի բարձր լեռ, մի վայրկեանում նրան ցոյց տւեց աշխարհի բոլոր թագաւորութիւնները:
6 Եւ սատանան նրան ասաց. «Քեզ կը տամ այս ամբողջ իշխանութիւնը եւ սրանց փառքը, որովհետեւ ինձ է տրւած, եւ ում որ կամենամ, կը տամ այն:
7 Արդ, եթէ դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կը լինի»:
8 Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Գրւած է. «Քո Տէր Աստծո՛ւն պիտի երկրպագես եւ նրա՛ն միայն պիտի պաշտես»:
9 Եւ տարաւ նրան Երուսաղէմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծու Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր,
10 որովհետեւ գրւած է. «Իր հրեշտակներին պատւիրւած է քո մասին, որ քեզ պահեն. 11 եւ իրենց ձեռքերի վրայ կը բռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես»:
12 Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Ասւած է. «Քո Տէր Աստծուն պիտի չփորձես»:
13 Եւ սատանան կատարած լինելով բոլոր փորձութիւնները՝ նրանից միառժամանակ հեռու մնաց:
14 Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածւեց:
15 Եւ նա սովորեացնում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորւելով բոլորից:

Յիսուսը Մերժւում է Նազարէթի Մէջ

16 Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնւել մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ:
17 Եւ նրան տւին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրւած էր.
18 «Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով կոտրւածներին բժշկելու,
19 գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքւածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին քարոզելու»:
20 Եւ փակելով գիրքը՝ տւեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում գտնւողների բոլորի աչքերը նրա վրայ էին սեւեռւած:
21 Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրւածքները կատարւեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»:
22 Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»:
23 Եւ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կ՚ասէք. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»: Այն ամէնը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա՛ եւ այստեղ, քո գաւառում»:
24 Եւ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարէն ընդունելի չէ իր քաղաքում:
25 Ճշմարտութեամբ, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակւեց երեք տարի ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ:
26 Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկւեց, այլ միայն՝ մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում:
27 Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրւեց, այլ միայն՝ Նէեման ասորին»:
28 Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցւեցին բարկութեամբ. 29 եւ վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լերան, որի վրայ շինւած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան բարձր տեղից վայր գցեն:
30 Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց:

Պիղծ Ոգով Մարդուն Բժշկութիւնը

31 Եւ իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը ու շաբաթ օրերը սովորեցնում էր նրանց:
32 Նրա ուսուցման վրայ զարմանում էին, որովհետեւ նրա խօսքը լի էր հեղինակութեամբ:
33 Եւ ժողովարանում մի մարդ կար, որին բռնել էր մի պիղծ դեւի չար ոգին. սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց.
34 «Թո՛ղ տուր մեզ, Յիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք, թէ ով ես, Աստծու Սուրբն ես դու»:
35 Յիսուս սաստեց նրան եւ ասաց. «Պապանձւի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»: Դեւը մէջտեղում գետին զարկեց նրան եւ դուրս ելաւ նրանից ու որեւէ վնաս չտւեց նրան:
36 Եւ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խօսում էին ու ասում. «Ի՜նչ խօսք է այս, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ սաստում է պիղծ ոգիներին, եւ դրանք դուրս են գալիս»:
37 Եւ նրա հռչակը տարածւում էր գաւառի շրջակայքի բոլոր տեղերում:

Յիսուսը Բուժում է

38 Եւ նա ժողովարանից դուրս գալով՝ մտաւ Սիմոնի տունը:
39 Սիմոնի զոքանչը բարձր ջերմութեան մէջ տառապում էր: Նրա համար Յիսուսին աղաչեցին:
40 Նա կանգնեց նրա մօտ, սաստեց ջերմին, եւ ջերմը թողեց նրան: Հիւանդը անմիջապէս ոտքի ելաւ եւ սպասարկում էր նրանց:
41 Եւ երբ արեւը մայր էր մտնում, բոլոր նրանք, որոնք պէսպէս ցաւերով հիւանդներ ունէին, նրա մօտ էին բերում նրանց. եւ նա նրանցից իւրաքանչիւրի վրայ ձեռք էր դնում ու նրանց բժշկում:
42 Շատերի միջից դեւեր էլ էին ելնում, աղաղակում եւ ասում. «Դո՛ւ ես Աստծու Որդին»: Եւ նա սաստում էր ու թոյլ չէր տալիս նրանց խօսել. որովհետեւ գիտէին, թէ նա Քրիստոսն է:
43 Եւ երբ օրը լուսացաւ, նա ելաւ գնաց մի ամայի տեղ, իսկ ժողովուրդը փնտռում էր նրան. եկան մինչեւ նրա մօտ եւ չէին թողնում նրան, որ հեռանայ իրենցից:
44 Եւ նա նրանց ասաց. «Աստծու արքայութիւնը ես ուրիշ քաղաքների էլ պիտի աւետարանեմ, որովհետեւ դրա համար իսկ ուղարկւեցի»:
45 Եւ նա քարոզում էր գալիլիացիների ժողովարաններում: