Յիսուս Քրիստոսի Աւետարանը Ղուկասի Համաձայն
ԳԼ. 17
Մեղք եւ Ներում

1 Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղութիւն չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ:
2 Նրա համար լաւ կը լինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախւէր, եւ նա ծովը գցւէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղեցնէր:
3 Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար»:
4 «Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան:
Եւ եթէ եօթն անգամ մեղանչի քո դէմ եւ եօթն անգամ դառնայ քեզ եւ ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»:

Հաւատք

5 Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»:
Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէ՛ք՝ «Արմատախի՛լ եղիր եւ տնկւի՛ր ծովի մէջ», նա՛ իսկ կը հնազանդւի ձեզ»:

Ծառայի Պարտականութիւն

7 «Իսկ ձեզնից ո՞վ, որ հողագործ կամ հովիւ ծառայ ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կ՚ասի իսկոյն՝ «Անցի՛ր սեղան նստիր». 9 այլ նրան չի՞ ասի՝ «Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, եւ գօտի կապած՝ ծառայի՛ր ինձ, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ ապա կ՚ուտես եւ կը խմես դու»:
10 Միթէ տէրը շնորհապա՞րտ կը լինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց:

Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք»:

Յիսուսը Տաս Բորոտներ է Բուժում

11 Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով:
13 Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, 14 բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»:
15 Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէ՛ք դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»: Երբ գնում էին, նոյն ժամին մաքրւեցին:
16 Նրանցից մէկը, երբ տեսաւ, թէ բժշկւեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. 17 երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր:
18 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրւեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, 19 որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»:
20 Եւ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»:

Աստուծոյ Թագաւորութեան Գալուստը

21 Երբ փարիսեցիների կողմից հարց տրւեց, թէ ե՞րբ պիտի գայ Աստծու արքայութիւնը, նա պատասխանեց եւ ասաց. «Աստծու արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, 22 եւ չեն ասի, թէ՝ ահ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»:
23 Իսկ իր աշակերտներին ասաց. «Կը գան օրեր, երբ դուք կ՚ուզենաք մարդու Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնի:
24 Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ «Ահ այստեղ է կամ այնտեղ», մի՛ շտապէք գնալու, 25 որովհետեւ, ինչպէս որ փայլակը երկնքի ներքեւից փայլատակելով՝ երկնքի երեսը լուսաւորում է, այնպէս էլ կը լինի մարդու Որդին՝ իր օրում:
26 Բայց նախ նա պէտք է շատ չարչարւի եւ մերժւի այս սերնդից:
27 Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կը լինի եւ մարդու Որդու օրով:
28 Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց:
29 Նոյնպէս, ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում:
30 Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստեան մատնեց:
31 Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնւելու:
32 Այն օրը, ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ:
33 Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը:
34 Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն:
35 Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցւի, իսկ միւսը՝ թողնւի:
36 Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցւի, իսկ միւսը՝ թողնւի: Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցւի, իսկ միւսը՝ թողնւի»:
37 Պատասխան տւին եւ ասացին նրան. «Որտե՞ղ, Տէ՛ր»:
38 Եւ նա ասաց նրանց. «Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կը հաւաքւեն արծիւները»: