Յիսուս Քրիստոսի Աւետարանը Ղուկասի Համաձայն
ԳԼ. 11
Յիսուսը իր Աշակերտներն Աղօթք է Սովորեցնում

1 Եւ եղաւ որ Յիսուս մի տեղ աղօթքի էր կանգնած. եւ երբ վերջացրեց, նրա աշակերտներից մէկն ասաց նրան. «Տէ՛ր, մեզ աղօթել սովորեցրո՛ւ, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին»:
2 Նա նրանց ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք.
«Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛. 3մեր ամեն օրւայ հացը տո՛ւր մեզ այսօր. 4 եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. 14եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն։
5Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, գնայ նրա մօտ կէսգիշերին եւ ասի նրան. բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր,
6 որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից եկաւ ինձ մօտ, եւ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ:
7 Իսկ նա ներսից պատասխանի եւ ասի. «Ինձ նեղութիւն մի՛ տուր, որովհետեւ դռները փակւած են, եւ երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ եւ քեզ հաց տալ»:
8 Ասում եմ ձեզ, եթէ բարեկամութեան համար էլ վեր չկենայ եւ հաց չտայ նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կը տայ նրան, ինչ որ պէտք է:
9 Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կը տրւի ձեզ, փնտռեցէ՛ք, եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացւի ձեզ համար, 10 որովհետեւ, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտռում է, գտնում է, եւ ով որ թակում է, բացւում է նրա առաջ:
11 Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, միթէ ձկան փոխարէն օ՞ձ կը տայ նրան. 12 եւ կամ ձու ուզի, միթէ կարի՞ճ կը տայ նրան:
13 Իսկ եթէ դուք, որ չար էք, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդիներին, որչա՜փ եւս առաւել ձեր երկնաւոր Հայրը բարիքներ կը տայ նրանց, որոնք ուզում են իրենից»:

Յիսուսը եւ Բէեղզեբուղ

14 Եւ Յիսուս մի համր դեւ էր հանում. եւ երբ դեւը ելաւ, համրը խօսեց. եւ ամբողջ ժողովուրդը զարմացաւ:
15 Եւ նրանցից ոմանք ասացին. «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»:
16 Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից:
17 Իսկ նա իմանալով նրանց մտածումները՝ ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանւած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանւած ամէն տուն՝ կործանւում:
18 Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանւեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»:
19 Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդները ինչո՞վ պիտի հանեն. դրա համար նրա՛նք պիտի լինեն ձեր դատաւորները:
20 Իսկ եթէ Աստծու մատով եմ հանում դեւերին, ապա Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ:
21 Երբոր զինւած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է:
22 Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կը հանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կը բաժանի:
23 Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»:

Չար Հոգու Վերադարձը

24 «Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտռում. եւ երբ չի գտնում, ասում է՝ «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելայ»:
25 Եւ գալիս է ու գտնում այն՝ մաքրւած եւ կարգի բերւած:
26 Այն ժամանակ գնում եւ վերցնում է իրենից աւելի չար եօթը այլ դեւեր եւ մտնում, բնակւում է այնտեղ. եւ այն մարդու վերջին վիճակը լինում է աւելի վատ, քան նախկինը»:

Ճշմարիտ Երջանկութիւն

27 Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ դիեցրեց քեզ»:
28 Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն»:

Հրաշք Խնդրեցին

29 Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնւեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրւի, բացի Յովնանի նշանից. 30 որովհետեւ, ինչպէս Յովնանը նշան եղաւ նինւէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կը լինի այս սերնդի համար:
31 Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ:
32 Նինւէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ»:

Մարմինի Ճրագը

33 «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի:
34 Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի:
35 Արդ, զգո՛յշ եղիր, գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի:
36 Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կը լինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»:

Յիսուսին Դատապարտում են Փարիսեցիներն եւ Դպիրներն

37 Եւ մինչդեռ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի: Եւ նա մտնելով՝ սեղան նստեց:
38 Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, որովհետեւ Յիսուս ճաշից առաջ չլւացւեց:
39 Տէրը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ եւ չարութեամբ:
40 Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց:
41 Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տւէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կը լինի:
42 Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխի, փեգենայի եւ ամէն տեսակ բանջարեղէնի, բայց զանց էք անում Աստծու արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները զանց չանել:
43 Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն էք սիրում եւ հրապարակներում՝ առաջին ողջոյնները ստանալ:
44 Վա՜յ ձեզ, որ անյայտ գերեզմանների պէս էք. մարդիկ քայլում են նրանց վրայով եւ չգիտեն»:
45 Օրէնսգէտներից մէկը պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բաներն ասելով՝ մեզ էլ ես նախատում»:
46 Եւ նա ասաց. «Վա՜յ ձե՛զ եւս, օրէնսգէտնե՛ր, որ մարդկանց դժւարակիր բեռներ էք բարձում, բայց դուք ինքներդ մէկ մատով իսկ բեռներին չէք դիպչում:
47 Վա՜յ ձեզ, որ մարգարէներին շիրիմներ էք շինում, իսկ ձեր հայրերը նրանց սպանեցին:
48 Դրանով իսկ դուք վկայում էք, թէ կամակից էք ձեր հայրերի գործերին, որովհետեւ նրանք կոտորեցին մարգարէներին, իսկ դուք նրանց գերեզմաններ էք շինում:
49 Դրա համար Աստծու իմաստութիւնն ասաց. նրանց մէջ մարգարէներ եւ առաքեալներ կ՚ուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, 50 որպէսզի այդ սերնդից պահանջւի արիւնը բոլոր մարգարէների՝ թափւած աշխարհի սկզբից՝ 51 Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Զաքարիայի, որը կորստեան մատնւեց խորանի եւ տաճարի միջեւ. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջւի՛ այդ սերնդից:
52 Վա՜յ ձեզ՝ օրէնսգէտների՛դ, որ թաքցնում էք գիտութեան բանալիները. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ արգելում էք»:
53 Եւ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամօթահար եղան. եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ եւ բանավէճի բռնւել նրա հետ՝ շատ բաների համար:
54 Եւ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խօսքեր որսալ, որպէսզի չարախօսեն նրա մասին: