Յուդա Առաքեալի Նամակը

Ողջոյն

1 Յուդան՝ ծառան Յիսուս Քրիստոսի եւ եղբայրը Յակոբոսի, հեթանոսներիդ, որ սիրւած էք Հայր Աստծուց, պահւած եւ ընտրւած Յիսուս Քրիստոսի համար. 2թող ողորմութիւնը, խաղաղութիւնը եւ սէրը առատ լինեն ձեզ համար։

Պայքարէք Հաւատքի Համար

3Սիրելինե՛ր, ամէն ջանք յանձն էի առնում գրելու ձեզ մեր հասարակաց փրկութեան մասին. հարկ համարեցի գրել ձեզ եւ աղաչել, որ պայքարէք հաւատքի համար, այն հաւատքի, որ մի անգամ ընդմիշտ աւանդւեց սրբերին.
4քանի որ ձեր մէջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանւած էին սոյն դատապարտութեան համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակութեան եւ ուրացան մեր միակ Իշխանին եւ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին։
5Կ՚ուզենայի ձեզ յիշեցնել, - թէեւ դուք այդ բոլորը գիտէք, - որ Աստւած նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից. իսկ ապա կորստեան մատնեց անհաւատներին։
6Եւ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանութիւնը, այլ լքեցին իրենց բնակութեան տեղը, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց դատաստանի մեծ օրւայ համար, 7ինչպէս Սոդոմն ու Գոմորը եւ նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նոյն ձեւով պոռնկացան՝ անբնական կրքերի յետեւից ընկնելով եւ յաւիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։
8Նոյն ձեւով էլ, սրանք եւս, քնի մէջ զառանցելով, մարմին են պղծում, Աստծու իշխանութիւնն արհամարհում, երկնային փառաւոր էակներին հայհոյում, 9այն դէպքում, երբ Միքայէլ հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ, Մովսէսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակւեց հայհոյալից խօսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տէրը քեզ սաստի»։
10Իսկ սրանք հայհոյում են այն բանի դէմ, որ չգիտեն. եւ ինչ բաներ, որ բնազդով գիտեն, ինչպէս անբան անասունը, նրանցով էլ ապականւում են։
11Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաաղամի մոլորութեան՝ սայթաքեցին վարձի յետեւից ընկնելով եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով։
12Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկութիւնների յետեւից՝ իրենց սէրերով եւ խարդախութեամբ, մասնակից են լինում սիրոյ ճաշին՝ անպատկառօրէն իրենք իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորոյս ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած.
13ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամօթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահւած յաւիտենական խաւարի վիհը։
14Նրանց մասին մարգարէացել է նաեւ Ենոքը՝ եօթներորդը Ադամից սկսած, եւ ասել. «Ահա՛ւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝
15դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները»։
16Սրանք տրտնջացողներ են եւ բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկութիւններին. նրանց բերանները ամբարտաւան խօսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտութիւն են անում շահի համար։

Խորհուրդ Հաւատացեալներին

17Բայց դուք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալների կողմից նախապէս ասւած խօսքերը։
18Նրանք ձեզ ասում էին, թէ՝ «Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարւեն իրենց ամբարիշտ ցանկութիւններով»։ 19Սրանք նշաւակելի, մարմնասէր մարդիկ են, որ չունեն Հոգին։
20Իսկ մենք, սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով,
21պահենք մենք մեզ Աստծու սիրով՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար։ 22Կշտամբեցէ՛ք նրանց, որ դատապարտւած են.
23փրկեցէ՛ք նրանց՝ խլելով կրակից։
Իսկ ուրիշներին ողորմեցէ՛ք երկիւղով՝ դատապարտելով նոյնիսկ այն պատմուճանը, որ աղտոտւած է նրանց մարմնից։

=============