Յիսուս Քրիստոսի Աւետարանը Յովհաննէսի Համաձայն
ԳԼ.3
Յիսուսը եւ Նիկոդիմոսը

1 Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր:
2 Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստւած նրա հետ չլինի»:
3 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնւի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»:
4 Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնւել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնւել»:
5 Յիսուս պատասխան տւեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնւի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել.
6 որովհետեւ մարմնից ծնւածը մարմին է, իսկ Հոգուց ծնւածը՝ հոգի:
7 Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնւել.
8 որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնւած»:
9 Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»:
10 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայէլի վարդապետ եւ այդ չգիտե՞ս:
11 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խօսում ենք, ինչ որ գիտենք, եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայութիւնը չէք ընդունում:
12 Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ:

Աստուծոյ Սէրը Հանդէպ Մարդկանց

13 Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր:
14 Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ,
15 որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի.
16 քանի որ Աստւած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տւեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը.
17 որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկւի:
18 Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտւի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտւած է, քանի որ Աստծու միածին Որդու անւանը չհաւատաց:
19 Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործեր ը չար էին.
20 որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան:
21 Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարւեցին»:

Յովհաննէս Մկրտիչի Վերջին Վկայութիւնը

22 Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում:
23 Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին,
24 քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել:
25 Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց:
26 Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահա նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»:
27 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրւած չէ:
28 Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից:
29 Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է:
30 Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նւազեմ»:

Նա որ Երկնքից է Գալիս

31 «Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում:
32 Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում:
33 Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստւած ճշմարիտ է,
34 քանի որ նա, ում Աստւած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետեւ Աստւած Հոգին տալիս է առանց չափի:
35 Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տւել է նրա ձեռքը:
36 Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը մնայ Աստծու բարկութիւնը»: