Յիսուս Քրիստոսի Աւետարանը Յովհաննէսի Համաձայն
ԳԼ.17
Յիսուսի Աղօթքը

1 Յիսուս երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի.
2 ինչպէս որ նրան իշխանութիւն տւեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն ամենքին, որ նրան տւեցիր:
3 Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստւած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր:
4 Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. լրացրի այն գործը, որն ինձ տւիր, որ անեմ.
5 եւ դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ եղող այն փառքով, որ ունէի քեզ մօտ՝ նախքան աշխարհի լինելը:
6 Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տւեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տւեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին:
7 Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տւիր, ես նրանց տւեցի.
8 եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ:
9 Արդ, ես նրանց համար եմ աղաչում. ես չեմ աղաչում աշխարհի համար, այլ՝ նրանց համար, որոնց դու ինձ տւեցիր, որովհետեւ նրանք քոնն են:
10 Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, եւ ինչ որ քոնն է, այն իմն է, ու ես նրանց մէջ փառաւորւած եմ:
11 Եւ ես այլեւս աշխարհի մէջ չեմ, իսկ նրանք աշխարհի մէջ են. եւ ես դէպի քեզ եմ գալիս: Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որով ինձ տւեցիր, որպէսզի լինեն մի, ինչպէս մենք էլ մի ենք:
12 Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որով ինձ տւեցիր. եւ ես պահեցի. ու նրանցից ոչ ոք չկորաւ, բացի կորստեան դատապարտւած մարդուց, որպէսզի գրւածը կատարւի:
13 Բայց հիմա քեզ մօտ եմ գալիս եւ այս բաները խօսում եմ աշխարհում, որպէսզի նրանք իրենց մէջ իմ լիակատար ուրախութիւնն ունենան:
14 Ես նրանց տւի քո խօսքը, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ նրանք աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ:
15 Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց պահես չարից:
16 Նրանք այս աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ:
17 Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է:
18 Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ:
19 Եւ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպէսզի նրանք էլ սրբացւեն ճշմարտութեամբ:
20 Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլեւ նրանց խօսքի միջոցով բոլոր ինձ հաւատացողների համար,
21 որպէսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն, եւ որպէսզի աշխարհն էլ հաւատայ, թէ դո՛ւ ուղարկեցիր ինձ:
22 Եւ ես տւեցի նրանց այն փառքը, որ դու ինձ տւեցիր, որպէսզի մի լինեն, ինչպէս եւ մենք մի ենք:
23 Ես՝ նրանց մէջ, եւ դու՝ իմ մէջ, որպէսզի կատարեալ լինեն միութեան մէջ: Եւ աշխարհը գիտենայ, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ. եւ ես սիրեցի նրանց, ինչպէս դու ինձ սիրեցիր:
24 Հա՛յր, ում որ ինձ տւիր, կամենում եմ, որ, ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպէսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ տւեցիր, քանի որ ինձ սիրեցիր՝ նախքան աշխարհի լինելը:
25 Արդա՛ր Հայր, թէեւ աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, եւ իմացան նրանք, որ դու ես ինձ ուղարկել:
26 Եւ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպէսզի այն սէրը, որով ինձ սիրեցիր, նրանց մէջ լինի, եւ ես՝ նրանց մէջ»: