Յիսուս Քրիստոսի Աւետարանը Յովհաննէսի Համաձայն
ԳԼ.12
Մարիամը Օծում է Յիսուսին

1 Իսկ Յիսուս զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել:
2 Եւ այնտեղ նրան ընթրիք տւին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր:
3 Իսկ Մարիամը մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով՝ օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցւեց իւղի բուրմունքով:
4 Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց.
5 «Ինչո՞ւ այդ իւղը չվաճառւեց երեք հարիւր արծաթ դահեկանի եւ չտրւեց աղքատներին»:
6 Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում:
7 Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տւէք նրան, որպէսզի իմ թաղման օրւայ համար պահի այդ:
8 Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք: Ինձ միշտ ձեզ հետ չունէք»:
9 Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ. ոչ միայն Յիսուսի պատճառով, այլ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել:
10 Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն,
11 քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին:

Յիսուսի Մուտքը Երուսաղէմում

12 Յաջորդ օրը, ժողովրդի բազմութիւնը, որ զատկի տօնին էր եկել, երբ լսեց, թէ Յիսուս Երուսաղէմ է գալիս,
13 արմաւենիների ճիւղեր վերցրեց եւ Յիսուսին ընդառաջ ելաւ: Աղաղակում էին ու ասում. «Ովսաննա՜, օրհնեա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ թագաւոր Իսրայէլի»:
14 Եւ Յիսուս մի էշ գտնելով, նստեց նրա վրայ, ինչպէս որ գրւած է.
15 «Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո թագաւորը գալիս է՝ նստած մի էշի քուռակի վրայ»:
16 Եւ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Յիսուս փառաւորւեց, այն ժամանակ յիշեցին, թէ այդ նրա մասին էր գրւած, եւ իրենք այդ էին արել նրան:
17 Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հէնց գերեզմանից կանչեց եւ նրան մեռելներից կենդանացրեց:
18 Եւ դրա համար էլ նրան ընդառաջ ելաւ ժողովուրդը, որովհետեւ լսել էին, որ այդ նշաններն էր արել:
19 Իսկ փարիսեցիները միմեանց ասում էին. «Տեսնում էք, որ ոչ մի օգուտ չէք ստանում. ահա ամբողջ աշխարհը նրա յետեւից գնաց»:

Մի Քանի Յոյներ Փնտռում էին Յիսուսին

20 Այնտեղ կային նաեւ որոշ թւով հեթանոսներ՝ նրանց մէջ, որ Երուսաղէմ էին եկել, որպէսզի տօնի ժամանակ երկրպագութիւն անեն:
21 Նրանք մօտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տէ՛ր, ուզում ենք Յիսուսին տեսնել»:
22 Փիլիպպոսը եկաւ եւ Անդրէասին ասաց: Անդրէասը եւ Փիլիպպոսն էլ Յիսուսին ասացին:
23 Եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորւի մարդու Որդին:
24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ:
25 Ով սիրում է իր անձը, կը կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կը պահի յաւիտենական կեանքի համար:
26 Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կը գայ. եւ ուր ես եմ, այնտեղ կը լինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատւի իմ Հայրը:
27 Բայց այժմ հոգիս խռովւած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից: Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին:
28 Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»: Երկնքից մի ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»:
29 Եւ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թէ՝ որոտմունք է լինում: Ոմանք էլ ասացին. «Նրա հետ մի հրեշտակ խօսեց»:
30 Յիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկաւ, այլ՝ ձեզ համար:
31 Հիմա՛ է այս աշխարհի դատաստանը, հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետւի:
32 Եւ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դէպի ինձ կը ձգեմ»:
33 Այս ասում էր նշելու համար, թէ ի՛նչ մահով էր մեռնելու:
34 Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրէնքից մենք լսել ենք, թէ Քրիստոս յաւիտեան կը մնայ, իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ մարդու Որդին պէտք է բարձրանայ. ո՞վ է այդ մարդու Որդին»:
35 Յիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում:
36 Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»: Յիսուս այս խօսեց եւ գնաց նրանցից թաքնւեց:

Հրեաների Անհաւատութիւնը

37 Թէպէտ եւ նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հաւատում նրան, 38 որպէսզի կատարւէր Եսայի մարգարէի խօսքը, որ ասաց. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տւած լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնւեց»:
39 Չէին կարողանում հաւատալ եւ այն բանի համար, որ Եսային վերստին ասում է.
40 «Նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը կարծրացրեց, որպէսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ»:
41 Եսային այս ասաց, որովհետեւ տեսաւ նրա փառքը եւ խօսեց նրա մասին:
42 Բայց մինչեւ անգամ հրեայ իշխանաւորներից շատեր հաւատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին յայտնում, որպէսզի ժողովարանից դուրս չհանւեն.
43 քանի որ մարդկանցից տրւած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրւած փառքը:

Յիսուսին Դատում են Իր Խօսքերի Համար

44 Յիսուս աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հաւատում, ինձ չէ, որ հաւատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց:
45 Եւ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց:
46 Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ:
47 Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը:
48 Ով անարգում է ինձ եւ իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը,
49 որովհետեւ ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ ինձ պատւիրեց, թէ ի՛նչ պիտի ասեմ եւ ի՛նչ պիտի խօսեմ:
50 Եւ գիտեմ, որ այն պատւիրանը յաւիտենական կեանք է: Արդ, ինչ որ ես եմ խօսում, այնպէս եմ խօսում, ինչպէս Հայրն ինձ ասաց»: