Գարիկ Միրզայեան

Գարիկ ( Գարեգին )Միրզայեանը ծնւէլ է 1944 թւի Դեկտենբերի 8 –ին, Թեհրան (Իրան), ռուսահայ եւ պարսկահայ ծնողներից:
Աւարտելով Թեհրանի “Քուշէշ-Դաւթեան”ազգային միջնակարգ դպրոցը’ յաճախել է տեղի տնտեսագիտական ու վաճառականական բարձրագոյն դպրոցը եւ ուսանել հաշւապահութեան ու տնտեսագիտութեան ճիւղում:
Նա գրել է սկսել պատանեկան տարիքից. Նրա առաջին բանաստեղծութիւնները լոյս են տեսել Թեհրանի հրատարակւող “Լուսաբեր”մանկապատանեկան ամսագրում:
Այնուհետեւ նրա բանաստեղծութիւնները շարունակաբար տպագրւել են զանազան թերթերի ու պարբերակաների մէջ, ինչպէս’”Ալիք” օրաթերթ (Թեհրան),”Ազատ օր”(Աթէնք-Յունաստան) եւ այլն:
Գարիկ Միրզայեանը մինչեւ Միացեալ Նահանգներ մեկնելը Թեհրանում անդամակցել է Իրանահայ Գրողների Միութեան:
1984 թւից’ Միացեալ Նահանգներ (Գլենդէլ-Կալիֆորնիա) հաստատւելուց յետոյ, նա տպագըրւել է “Ասպարէզ” օրաթերթում, “Նաւասարդ” ամսագրում եւ այլ թերթերում:

===============
Մայր
Երազներիդ թմբիրից երբ նազանքով արթնանաս
Ու սեւորակ աչքերդ դէպ օրւայ լոյսը բանաս,
Ու ծամերդ գահավէժ որպէս թիկնոց երազի
Թափւեն ուսերդ ի վար, ծածկեն կուրծքդ հոլանի,

Երբ լսես ճիչը մանկան, որ իր անմեղ գոյութեամբ
Քեզ դէպ իրեն է կանչում հասց հրեշտակ փրկութեան,
Սահես լոյսի թեիերով դէպի մահիճը լուսէ,
Որից մի նոր սերնդի կեանքի ձայնը կը հնչէ,

Երբ հպումը շուրթերիդ կը պարգեւի նրան լոյս
Եւ աչերից քո բիւրեղ կը ծորայ մեղմ կեանքի լոյս,
Ու երբ շոյանքը ձեռքիդ կը տայ նրան ջերմութիւն,
Եդեմական քո շնչով կը ներշնչես մարդկութիւն.

Որբ երազիդ սանդուխքով դէպ իրական բեմ իջնես,
Սին երազդ մոռացած առօրեայ կեանքդ տեսնես,
Երբ ժպիտով կենսատու կեանքի կերոնը գրկես,
Դա այն պահն է, որ իրաւ պաշտելի Մայր կւ լինես:

===============
Մանկանս Հետ
Մանկանս հետ մանուկ դառած
Ցատկոտում ենք վեր ու վար,
Պար ենք բռնում ու հեւալով
Ծիծաղում ենք խանդավառ:

Այդ կեանքով լի պարզ աշխարհին
Կարծես նորից մերձեցած`
Ներս եմ մտել երկմտանքով,
Բայց արդէն իսկ հիացած:

Ինչպէս պիտի խելօք մնամ,
Ինչպէս պիտի ես վարւեմ,
Որ ինձ յանկարծ խենթ չանւանեն
Մանուկ մեծերն տնօրէն:

Այս ինչ հրաշք աշխարհ է սա,
Որդիս հեռու մի գնայ,
Վախենում եմ թէ մոլորւեմ,
Դուրս գալու ճամփան ասա:

Իմ մանկացած հոգին արդէն
Սաւառնում է դրախտում.
Մանկանս հետ հեքիաթ դարձանք
Հեքիաթային աշխարհում:

===============
ՄԻԱՆԱՆՔ
Ազգս արդէն պետք չունի
Թագի կամ էլ ծիրանու,
հարթել է նա այդպիսի
Խոչընդոտներ ապրելու:

Միութեան մէջ կը գտնենք
Ե’ւ թագ, ե’ւ թէ ծիրանի.
Առաւելն էլ թէ ասենք
Կը դառնանք մենք ընտրանի:

Ով կը գտնի այն ուժը,
Թէկուզ լինի գերազանց,
Մեկուսացած աշխարհում,
Թէկուզ իրօք մի աստւած:

Ազգս գիտի իր ուժը
Խտացւած է մէկ բառում,
Այդ բառին լաւ ծանօթ է
ՄԻՈՒԹԻԻՆ են անւանում:

Գահ ու գահոյք պէտք չունենք,
Այդ սխալը մոռանանք,
Եղբայ ենք մենք,չքանդենք,
Այլ պէ’տք է, որ ՄԻԱՆԱՆՔ;

===============
Ոչինչ Չկայ
Ես եմ կենտրոնը յոյսի եւ լոյսի,
Ես եմ փարոսը իմ կեանքի ծովի,
Ինձանից այն կողմ էլ ոչինչ չկայ,
Ոչնչութեան մէջ բան չեն որոնի:
Ես գտայ գոյը հէնց միայն ինձ մէջ,
Ինձ մէջ ես գտայ հուրը ապրելու.
Ես չբախեցի այլազան դռներ
Մտքիս հանգիստը այնտեղ գտնելու:
Չկա’յ եւ ոչինչ,
Չկայ ինձանից զատ ոչ մի առեղծւած.
Ինձ ճանաչելու համար պէտք չունեմ
Կերտել նոր աստւած...

===============
Տարիք
Մանուկ ծնւում, մանուկ մեռնում,
Բայց ասում ենք’ մեծացանք.
Յուշեր միայն մենք յիշելով
կարծում ենք, թէ ծերացանք

Օրերն արագ թեւածում են
Հետքեր թողած մեր մտքում,
Բազում յուշեր կուտակւում են
Մեր մանկական պարզ հոգում:

Յուշ են դառնում յուշերն անգամ
Ու դարսւում են անյապաղ,
Հոգեկան մեծ բեռ են դառնում,
Յոգնեցնում են մեզ դանդաղ:

Ապա յանկարծ ետ նայելով
Յուշերի երթն տեսնում,
Անցած օրերը հաշւելով
Տարիներն ենք որոշում:

Տարիներին մենք կառչելով
Հոգով դառնում ենք ծերուկ,
Թող որ մոռնանք այդ յուշերը
Եւ մնանք մենք միշտ մանուկ:

===============
Ձօն մեր որդիներին
Հայերէն խօսի’ր, ոդեա’կ իմ անգին,
Հայերէն խօսի’ր.
Եւ այնպէս խօսիր, երբ ունկնդրողը
Լսի քո ձայնը,
Քո ձայնը դառնայ դիւթիչ մեղեդի
Նրա ականջին:

Թող բիւրեղանան բառերն հայերէն,
Թափւեն քո շրթից,
Ինչպէս կը ցայտի բիւրեղ կաթիլը
Ջրվէժի սրտից

Ինչպէս ջրվէժը բնութեան ոգուց
Լեզու է առել,
Մեր հայ լեզուն էլ երաժշտութեան
Հոգուց է ծնւել:

Դէ, խօսի’ր, որդի’ս հայերէն խօսի’ր,
Մի’ աղաւաղիր լեզուդ ոսկեղէն,
Մի’ շեղիր լեզուն սուրբ ու անարատ,
Որից մեր ազգի փառքերն են ծնւել:

Խօսի’ր, դէ խօսի’ր, հայերէն խօսի’ր......

===============
Ազատ Գերիներ
Թէ կուզ երկար տարիներ է ինչ կտրւած է իմ պորտը,
Եւ որպէսզի “ազատ” լինեմ լքել եմ մօրս արգանդը,
Բայց եւ այնպէս մինչեւ այսօր կաշկանդւած եմ դառնօրէն.
Եթէ ուզեմ լինել ազատ, կը կոչեն ինձ անօրէն:

Զգացմունքս դարձաւ գերի գիտակցութեան փակուղում.
Ու տենչանքս ազատութեան մեռաւ մանուկ օրերում.
Սակայն միտքս չկալանւող անէացած մի հերոս,
Պրպտում էր ու երազում ազատութեան վառ փարոս:

Բայց տեսայ, որ ինքնըստինքեան գերւած եմ ես առյաւէտ,
Ազատութեան որոնումը անմիտ խաղ է ջրի հետ:
Քանզի մարդը շղթաներով կաշկանդել է իր հոգին,
Իսկ գերութեան զգացմունքը ծնւեց մեզ հետ միասին...

===============
ԼԻՆԵԼ
լինել այնպէ’ս, որ սոսկալու
Պատրւակներ մենք չունենանք,
Իրար դիմաց դաւ նիւթելու
Նեխած ճահիճը չունենանք:

Լինել այնպէ’ս, որ այս կեանքում
Հոգու տառապանք չունենանք,
Հանգիստ հոգով ու անվարան
Դէպ հանդերձեալ կեանք հեռանանք:

Լինել անմեղ հանց մի մանուկ,
Որ պարզութեամբ իր մանկական
Հոգիներում մեր մեղաւոր
Սերմ է ցանում անմեղութեան:

Լինել համեստ ու անաչառ,
Քայլել դէպ գահը վեհութեան,
Ապա դառնալ Աստծոյ որդի
Ու մերձենալ Աստւածութեան:

Լինել ուշիմ ու աչալուրջ,
Որ ձախողանք քիչ ունենանք,
Որպէս կայուն մի հաստ կաղնի
Մեր վայելուչ տեղն ունենանք:

Լինել գագաթ, ո’չ ստորոտ,
Ոտնակոխող քիչ ունենանք.
Լինել այնպէս, որ լինելու
Տենչանքը միշտ էլ ունենանք:

===============
Սիրտ
Մարդուն թաղեցին, բայց գիտէ’ք ինչպէս.
Նրան թաղեցին գիշերւայ մթնում,
Թաղեցին նրան լուռ անապատում.
Այնպէս թաղեցին, որ նոյնիսկ հաւքը
Երկնքում չիմացաւ, հովն անգամ նրա
Դէմքը չտեսաւ...

Բայց ինչ անէին.
Չէ որ պակաս էր բնութեան բեմի
Խօսուն հերոսը,
Չէ որ էլ չկար տիրոջ ստեղծած
Գլուխգործոցը

Ու հապճեպ կերպով,նոյնիսկ գիշերով,
Գողացան օձից իր խայթիչ լեզուն,
Աղւէսից առին փոքր ինչ քծնութիւն
Բորենուց’ հազիւ լոկ վայրագութիւն,
Գայլից ուզեցին տայ խարդախութիւն...

Եւ առաւօտեան
Պատրաստ էր մարդը,
Սակայն պակսում էր միմիայն սիրտը,
Իսկ գազաններից ոչ մէկը իրօք
Չհանդուրժեց տալ մարդուն իր սիրտը:

Եւ տւին մարդուն
Այն քարէ սիրտը,
Որ չէր ընդունել եւ ոչ մի գազան.
Եւ հէնց այդ օրից մարդը բարեսիրտ
Դարձաւ քարասիրտ...

===============
Դատաստան
Թող մահ տիրի ամենուր,
Եթէ չկայ դատաստան,
Ժանդախտ տիրի ամենքին,
Երբ չկայ սէր մայրական:

Թող իշխի սադայէլը,
Խաւար իջնի յաւիտեան,
Կործանւի տիեզերքը,
Լինի միայն սատանան:

Եւ թող մարդը հողածին
Չյառի աչք երկնքին,
Չաղերսի ամէն վայրկեան,
Աստւա’ծ, արա‘ դատաստան’

===============
Սպասում
Ես իմ մահւանը սպասում եմ,
Հանց գիշերը լոյս արեւին.
Եւ խաւարի խոր ընդերքից
Տենչում եմ, որ հասնեմ լոյսին:

Ծագելու է շուտով մահիս
Հանգիստ տւող շողն յաւիտեան,
Որ տառապած յոգնած հոգուս
Վերելքը տայ եթերական:

Սպասումիս պահերն ահա
Թեւածում են դէպի անհաս,
Եւ գրկաբաց սպասում եմ,
Մահւան նինջը իջնի վրաս.

===============