Պօղոս Առաքեալի Նամակը Եփեսացիներ
ԳԼ . 1
Շնորհակալութեան Աղօթք

1 Պօղոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի՝ Աստծու կամքով, եւ Տիմոթէոս եղբայրը՝ 2Կողոսիայում եղող սրբերին եւ հաւատացեալ եղբայրներին ի Քրիստոս։
3Շնորհք ձեզ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
4Գոհութիւն ենք յայտնում Աստծուն եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը՝ միշտ ձեզ համար աղօթք անելով, 5լսելով ձեր հաւատքի մասին ի Տէր Քրիստոս Յիսուս եւ սիրոյ մասին, որ ունէք բոլոր սրբերի հանդէպ, 6այն յոյսի համար, որ պահւած է ձեզ երկնքում։
Այդ յոյսի մասին նախապէս լսել էք Աւետարանի ճշմարտութեան խօսքով, 7որ հասաւ մինչեւ ձեզ. եւ թէ ինչպէս այն աճում ու պտղաբերում է ամբողջ աշխարհում, ինչպէս եւ ձեր մէջ, այն օրից, երբ լսեցիք ու ճշմարտութեամբ ճանաչեցիք Աստծու շնորհը
8եւ ինչպէս ուսանեցիք մեր սիրելի ծառայակից Եպափրասից, որը Յիսուսի հաւատարիմ ծառան է ձեզ համար 9եւ որը պատմեց մեզ այն սէրը՝ որ Հոգին տւեց ձեզ։
10Դրա համար մենք էլ՝ այն օրւանից, երբ լսեցինք այդ, չենք դադարում ձեզ համար աղօթելուց եւ Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպէսզի լցւէք նրա կամքի գիտութեամբ՝ ունենալով կատարեալ իմաստութիւն եւ հոգեւոր իմացութիւն՝
11ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամէն ինչում նրան հաճելի ձեւով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու եւ Աստծու գիտութեամբ աճելու համար՝ 12զօրացած նրա ամբողջ ուժով, նրա փառքի զօրութեամբ, կատարեալ համբերութեամբ եւ յարատեւութեամբ։
13Գոհութիւն Հօրը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու լուսաբնակ սրբերի վիճակին. 14նա փրկեց մեզ խաւարի իշխանութիւնից եւ մեզ փոխադրեց արքայութիւնն իր սիրելի Որդու, 15որով փրկութիւն ունենք նրա արեամբ եւ մեղքերի թողութիւն՝ նրա մարմնով։

Քրիստոսի Անձը եւ Գործը

16Նա պատկերն է աներեւոյթ Աստծու, անդրանիկը բոլոր արարածների. 17որովհետեւ նրանով ստեղծւեց այն ամէնը, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ինչ որ երեւում է եւ ինչ որ չի երեւում. թէ՛ գահեր, թէ տէրութիւններ, թէ պետութիւններ, թէ՛ իշխանութիւններ, - ամէն ինչ նրանով եւ նրա համար ստեղծւեց.
18եւ նա կար առաջ, քան ամէն ինչ. եւ ամէն ինչ նրանո՛վ է կանգնած հաստատ։
19Եւ նա՛ է գլուխը մարմնի, որ եկեղեցին է. նա՛, որ սկիզբ է, անդրանիկը՝ մեռելների միջից, որպէսզի ինքը լինի ամէն ինչում նախապատիւը.
20որովհետեւ Աստուածութեան լրիւ ամբողջութիւնը նրա մէջ հաճեց բնակւել
21եւ նրանով հաշտեցնել ամէն ինչ իր հետ խաղաղութիւն անելով խաչի վրայ թափած իր արեամբ եւ երկրի վրայ, եւ երկնքում եղածների համար։
22Եւ ձեզ, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամացած էիք Նրան ձեր մտածումներով եւ չար գործերով, այժմ,
23ահաւասիկ, հաշտեցրեց ձեզ իր իսկ մարմնով եւ իր մահւամբ, որպէսզի ներկայացնի ձեզ Աստծու առաջ սուրբ, անբիծ եւ անարատ, 24եթէ ամուր ու անսասան մնաք հաւատի մէջ եւ անխախտ՝ յոյսի մէջ այն Աւետարանի, որ լսեցիք եւ որ քարոզւեց երկնքի տակ գտնւող բոլոր արարածներին, եւ որին ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ։

Պօղոսի Ծառայութիւնը Եկեղեցում

25Եւ այժմ ուրախ եմ ձեզ համար կրած իմ չարչարանքների համար եւ լրացնում եմ իմ մարմնի մէջ Քրիստոսի նեղութիւնների պակասը իր մարմնի համար, որ է եկեղեցին.
26դրան ես Պօղոսը, սպասաւոր եղայ ըստ Աստծու տնտեսութեան, որ տրւեց ինձ ձեր մէջ կատարելապէս քարոզելու Աստծու խօսքը,
27այն խորհուրդը, որ ծածկւած էր դարերից եւ սերունդներից, եւ որ այժմ յայտնւեց իր սրբերին.
28Աստւած ուզեց ցոյց տալ նրանց, թէ փառքի ինչ ճոխութիւն կայ այս խորհրդի մէջ հեթանոսների համար. եւ այդ խորհուրդը այս է. Քրիստոս փառքի յոյսը, ձեր մէջ։
29Այդ Քրիստոսն ենք քարոզում մենք, յորդորում ենք ամէն մարդու եւ ուսուցանում ամէն մարդու ամենայն հոգեւոր իմաստութեամբ, որպէսզի ամէն մարդու կատարեալ դարձնենք ի Քրիստոս Յիսուս, 30որի համար եւ աշխատում ու պայքարում եմ ըստ նրա այն ուժի, որ գործում է իմ մէջ զօրութեամբ։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եփեսացիներ
ԳԼ . 2
Կեանքի Լիութիւնը Քրիստոսով

1 Ուզում եմ, որ դուք գիտենաք, թէ ինչպիսի նեղութիւն եմ կրում ձեզ համար եւ լաւոդիկեցիների համար եւ բոլոր նրանց համար, որոնք իմ երեսը չեն տեսել անձնապէս,
2որպէսզի մխիթարւեն նրանց սրտերը, մէկտեղուեն սիրով եւ հասնեն կատարեալ իմաստութեան ճոխութեանը՝ ճանաչելու համար Աստծու խորհուրդը, որ յայտնւած է ի Քրիստոս Յիսուս,
3որի մէջ պահւած են գիտութեան եւ իմաստութեան բոլոր գանձերը։
4Եւ այս բանն ասում եմ, որպէսզի ոչ ոք ձեզ չմոլորեցնի պատիր խօսքերով.
5որովհետեւ, թէպէտեւ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանում եմ, երբ տեսնում եմ ձեր բարի վարքը եւ ձեր հաւատի ամրութիւնը ի Քրիստոս Յիսուս։
6Արդ, ինչպէս որ ընդունեցիք Քրիստոս Յիսուսին՝ Տիրոջը, այնպէս էլ ընթացէք նրանով 7արմատաւորւած եւ կառուցւած նրա վրայ, հաստատ մնալով հաւատի մէջ, ինչպէս որ ուսանեցիք, որպէսզի աճէք նրա մէջ գոհութեամբ։
8Զգոյշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնւած եւ ոչ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ.
9քանի որ նրա մէջ է բնակւում Աստուածութեան ամբողջ լիութիւնը մարմնապէս։
10Դուք էլ էք լցւած նրանով, որ գլուխն է ամէն իշխանութեան եւ պետութեան.
11նրանով դուք անձեռագործ թլփատութեամբ թլփատւեցիք հաւատով՝ մերկանալով մեղանչական մարմնից Քրիստոսի թլփատութեամբ.
12թաղւելով նրա հետ մկրտութեան մէջ՝ դրանով իսկ նրա հետ յարութիւն առաք Աստծու զօրութեանը հաւատալով, որը նրան յարութիւն տւեց մեռելներից։
13Եւ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի եւ ձեր մարմնի անթլփատութեան մէջ, կենդանացրեց իր հետ։
14Նա ներեց մեզ մեր բոլոր յանցանքները եւ ոչնչացրեց հրամաններով հաստատւած այն պարտամուրհակը, որ մեր դէմ էր, վերացրեց այն մէջտեղից եւ մեխեց խաչափայտին։
15Իշխանութիւններին եւ պետութիւններին զինաթափ արեց, հրապարակաւ խայտառակեց՝ նրանց պարտութեան մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա յարութեամբ։
16Ուրեմն, թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու, տօնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում,
17որոնք գալիք բաների ստւերներն են. բուն մարմինը Քրիստոսն է։
18Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է, խոնարհ ձեւանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով, անտեղի հպարտանալ մարմնական մտածումներով։
19Այդպիսին չի կարող կապւած լինել գլխին՝ Քրիստոսին, որից ամբողջ մարմինը, յօդերով եւ յօդակապերով հաղորդակցւած եւ միակցւած, իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է։

Մեռնենք եւ Ապրենք Քրիստոսով

20Եթէ մեռաք Քրիստոսի հետ եւ այս աշխարհի սկզբունքներից իշխանութիւնից դուրս եկաք, էլ ինչո՞ւ աշխարհում ապրող էակների նման հետեւում էք կանոններին՝ ասելով.
21«Մի՛ մօտեցիր, մի ճաշակիր, մի դիպչիր»,
22քանի որ այդ բոլորը, գործածւելով, փ’չացւում են՝ ըստ մարդկանց պատւիրանների եւ վարդապետութեան։
23Նրանք կարող են իմաստուն ձեւանալ իրենց ինքնակամ կրօնով, խոնարհութեամբ եւ իրենց մարմնի խստակեցութեամբ. բայց այդ բոլորը մարմնական ցանկութիւնները զսպելու համար ոչ մէկ արժէք չեն ներկայացնում։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եփեսացիներ
ԳԼ . 3
Հին եւ Նոր Կեանք

1 Եթէ յարութիւն առաք Քրիստոսի հետ, ապա փնտռեցէ՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը։
2Վերի՛ն բաների մասին խորհեցէք եւ ոչ թէ այն, որ այստեղ՝ երկրի վրայ է, 3քանի որմեռած էք, եւ ձեր կեանքը պահւած է Քրիստոսի հետ՝ Աստծու մօտ։
4Իսկ երբ Քրիստոս՝ ձեր կեանքը, յայտնւի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կը յայտնւէք փառքով։ 5Սպանեցէք ուրեմն ձեր երկրաւոր ցանկութիւնները. դէն գցեցէք պոռնկութիւն, պղծութիւն, չար կրքեր, չար ցանկութիւն եւ ագահութիւն, որ կռապաշտութիւն է։
6Դրա համար է, որ անհնազանդ որդիների վրայ գալիս է Աստծու բարկութիւնը։
7Դուք էլ էիք մի ժամանակ ընթանում այդ մեղքերով, երբ ապրում էիք դրանց մէջ։ 8Այժմ դուք եւս թօթափեցէք այդ բոլորը՝ բարկութիւն, զայրոյթ, չարութիւն, հայհոյութիւն եւ խեղկատակութիւն ձեր բերաններից։ 9Մի ստէք միմեանց. հանեցէք ձեր վրայից հին մարդուն իր գործերով
10եւ հագէք նորը, այն, որ նորոգւած է գիտութեամբ, ըստ իր Արարչի պատկերի.
11այլեւս չկայ հրեայ, ոչ էլ հեթանոս, թլփատութիւն եւ անթլփատութիւն, բարբարոս, սկիւթացի, ծառայ, ազատ, այլ՝ Քրիստոս, որ ամէն ինչ է ամէն բանի մէջ։
12Որպէս Աստծու ընտրեալներ, սրբեր եւ սիրելիներ, հագէք, ուրեմն, գութ, ողորմութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, համբերատարութիւն՝
13հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց, եթէ մէկը միւսի դէմ գանգատ ունի. ինչպէս Աստւած Քրիստոսով ներեց ձեզ, նոյն ձեւով արէք եւ դուք։
14Եւ այս բոլորի վրայ հագէք սէրը, որ կապն է կատարելութեան։
15Եւ ձեր սրտերում թող հաստատւի Քրիստոսի խաղաղութիւնը, որին եւ կոչւեցիք մէկ մարմնով. եւ գոհութիւն մատուցեցէք։
16Թող Քրիստոսի խօսքը բնակւի ձեր մէջ առատապէս, որ կատարեալ իմաստութեամբ ուսուցանէք եւ խրատէք միմեանց՝ սաղմոսներով, օրհներգութիւններով, հոգեւոր երգերով եւ երախտագիտութեամբ օրհնելով ձեր սրտերում Աստծուն։
17Եւ ինչ որ անէք խօսքով եւ գործով, բոլորն արէք Տէր Յիսուսի անունով. գոհութիւն մատուցեցէք նրանով Աստծուն եւ Հօրը։

Կանայք եւ Մարդիկ

18Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանց, ինչպէս որ վայել է ի Տէր։
19Մարդիկ, սիրեցէք ձեր կանանց եւ մի՛ դառնացրէք նրանց։
20Որդիներ, ամէն ինչում հնազանդ եղէք ձեր ծնողներին, որովհետեւ հաճելին այդ է Տիրոջ առաջ։
21Հայրեր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, որ չյուսալքւեն։
22Ծառաներ, ամէն ինչում հնազանդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին, ոչ թէ մարդահաճոյ կերպով, ցուցադրական ծառայութեամբ, այլ սրտի անկեղծութեամբ՝ երկիւղ կրելով Տիրոջից։
23Ինչ որ անէք, արէք սրտանց, որպէս թէ Տիրոջ համար էք անում եւ ոչ թէ մարդկանց համար։
24Իմացէք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգութեան հատուցումը, քանզի Տէր Քրիստոսին էք ծառայում։
25Իսկ անիրաւը պիտի պատժւի ըստ իր անիրաւութեան, քանի որ Աստծու առաջ կողմնակցութիւն չկայ։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եփեսացիներ
ԳԼ . 4
Խրատներ

1 Տէրեր, ծառաների հետ վարւեցէք ուղղամտութեամբ եւ արդարութեամբ. իմացէք, որ դուք էլ Տէր ունէք երկնքում։
2 Յաճախ աղօթեցէք՝ աղօթքի մէջ արթուն մնալով գոհութեամբ։
3Միաժամանակ աղօթեցէք եւ մեզ համար, որպէսզի Աստւած բացի մեր առաջ խօսքի դուռը՝ յայտնելու խորհուրդը Քրիստոսի, որի համար էլ կապանքների մէջ եմ,
4որպէսզի յայտնի դարձնեմ նրան՝ խօսելով այնպէս, ինչպէս որ պէտք է խօսեմ։
5Իմաստութեամբ վարւեցէք դրսեցիների հետ՝ օգտագործելով ժամանակը։
6Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհքով, որպէս թէ աղով համեմւած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին։

Վերջին Բարեւներս

7Իսկ ինչ վերաբերում է ինձ, այդ բոլորի մասին ձեզ կը պատմի Տիւքիկոսը՝ սիրելի եղբայրը եւ հաւատարիմ պաշտօնեան եւ իմ ծառայակիցը ի Տէր.
8նրան ձեզ մօտ ուղարկեցի այդ բանի համար, որպէսզի իմանաք մեր մասին, եւ նա մխիթարի ձեր սրտերը.
9նրան ուղարկեցի հաւատարիմ եւ սիրելի եղբօր՝ Օնեսիմոսի հետ միասին, որ ձեզնից է։
Նրանք ձեզ կը պատմեն ամէն բան, որ կատարւում է այստեղ։
10 Ձեզ ողջունում է Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, ինչպէս նաեւ Բառնաբասի եղբօրորդի Մարկոսը (որի մասին հրահանգ ունէք, որ, եթէ ձեզ մօտ գայ, ընդունէք նրան).
11ողջունում է նաեւ Յիսուսը՝ Յուստոս կոչւածը. սրանք թլփատւածներից են. սր՛նք միայն գործակից եղան ինձ Աստծու արքայութեան համար եւ նոյնիսկ մխիթարութիւն եղան ինձ համար։
12Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեզնից մէկը. Քրիստոս Յիսուսի այս ծառան միշտ տքնաջան աղօթում է ձեզ համար, որպէսզի մնաք կատարեալ եւ գործադրէք Աստծու կամքը ամէն բանի մէջ։
13Վկայում եմ նրա մասին, որ շատ հոգածութիւն ունի ձեր եւ լաւոդիկեցիների համար եւ բոլոր նրանց համար, որ Երապոսլում են։
14Ողջունում է ձեզ Ղուկասը՝ բժիշկը եւ սիրելին, ինչպէս նաեւ Դեմասը։
15Ողջունեցէ՛ք այն եղբայրներին, որ գտնւում են Լաւոդիկիայում. եւ Նիմփային ու նրա տնական եկեղեցուն։
16Եւ երբ այս թուղթն ընթերցուի ձեզ մօտ, այնպէս արէք, որ լաւոդիկեցիների եկեղեցում էլ ընթերցուի. եւ լաւոդիկեցիներին ուղարկուած թուղթն էլ դուք ընթերցեցէք։
17Եւ ասացէք Արքիպպոսին. «Զգոյշ եղիր այն սպասաւորութեան համար, որ ընդունեցիր Տիրոջով, որպէսզի այն կատարես»։
18Այս ողջոյնը իմ Պօղոսիս ձեռքով է։ Իմ կապանքները պահեցէք ձեր մտքում։ Շնորհք ձեզ հետ։

=============