Աւետիք Իսահակեան

Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:

Մայրիկիս
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան...
Մոր Սիրտը
Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...
Քու՛յր իմ
Քու՛յր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...

Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...

Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում:
Պոմպէյի մէջ
Ինչպէս իմ հոգին՝ անյոյս ու խաւար,
Անհունութեան մէջ՝ մռայլ, անսահման,
Գուղձն այս հողեղէն -- երկիրը թշուառ,
Եւ աննպատակ, անդուլ, անկայան,
Ի՞նչ է թափառում, ո՞ւր է թռչում նա,
Որպէս կոյր թռչուն անդունդի վրայ…

Դո՛ւ, արեան անօթ, սարսաթի հովի՛տ,
Ուր կեանքն է կեանքի անունդ հանապազ,
Ատում եմ ես քո խորհուրդը դժմիտ։
Եւ գիտեմ՝ մի օր պիտի չքանաս,
Ինչպէս մի երազ՝ չծնուած բնաւ,
Բեկուի՛ր իսկ այսօր, ո՜վ ոճրաբեռ նաւ։

Ո՜վ ունայն գաղտնիք, ստեղծո՛ղ անգութ.
Որ շինում ես միշտ՝ քանդելու նորից
Ծիր-կաթինները, անհունները մութ, -
Դու չե՛ս գերազանց իմ խեղճ հիւլէից։

Ես՝ սիրտ զգացող, ես՝ խորհող ոգի,
Դու մինչդեռ՝ յորձանք անմիտ տարերքի։
Եւ հիմա ղանր վրէժովդ հսկայ
Իջել ես, կքել ուսերիս վրայ…
Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան,
Դուման հագար, Ալագյա՛զ,
Սրտումս արև էլ չի ծաղկում,
Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ:

Զառ փեշերդ անցա, տեսա,
Առանց դարդի սիրտ չկար,
Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ,
Իմ դարդիս պես դարդ չկար…

— Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ
Կըսևնային, քանց գիշեր:

— Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ
Թույն ու տոթի կփոխվեր:

— Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս
Ընկա գիկդ, Ալագյա՛զ.
Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս
Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…

Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:

Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:

Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին...

Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:

Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:

Անցան օրեր — եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:

Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին,
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին...
Թաթիկներըդ լուսեղեն
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։

Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.
Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։

Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա...
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:

Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:

Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր:

Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի,
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...
Եղնիկ
«Մի անգամ , որսորդ բարեկամս , մեր անտառոտ սարերից մի եղնիկ նուէր բերեց երեխաներիս համար»:
     Այսպէս սկսեց ընկերս , աշնանային մի երեկոյ , երբ նստած միասին նրա պատշգամում , հիացած նայում էինք հեքեաթական վերջալոյսով վառվռուն սարերիին , որոնց վրայ մեղնօրօր հանգչում էին ոսկեգեղմն անտառները :
     - Այդ մի մատաղ ու խարտեաշ եղնիկ էր , խորունկ սև ու ջինջ աչքերով , որ ծածկուած էին երկայն , նուրբ թարթիչների տակ :       Երբ բռնում էի նրան , թնթուշ մարմինը կուչ էր գալիս գրկիս մէջ և սիրտը վախից թրթռում էր այնպէս արագ` թռչունի նման:       Կամաց-կամաց սովորեց նա մեզ . չեր փախչում , չէր վախենում մեզանից , մանաւանդ շատ մտերմացել էր երեխաների հետ :Նրանց հետ միասին վազվզում էր պարտիզում , նրանց հետ ճաշում էր , նրանց հետ քնում , ուղիղ նրանց ծոցում :
      Մի բան ինձ շատ էր զարմացնում . եղնիկը թէև այնքան ընտելացել էր մեզ , սովորել էր մեր տանն ու դրանը, բայց մէկ մէկ թագուն բարձրանում էր այս պատշգամբ և ուշագրաւ , լռիկ (անձայն) նայում էր հեռուն` անտառներով փաթաթուած սարերին . ականջները լարած` խորասոյզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչին , որ երբեմն թուլանում էր , նայելով հովերի թափին : Նայում էր նա այնպէս ինքնամոռաց , որ երբ պատահում էր` բարձրանում էի պատշգամը , նա ինձ երկար ժամանակ չէր նկատում և երբ յանկարծ ուշքի էր գալիս , նետի պէս թռչում էր մօտիցս…
      Արդեօք գիտէր նա , թէ ինքն այդ անտառների ազատ զաւակն է եղել ու իր մայրն այնտեղ է կաթ տուել իրեն , որ այնտեղ իր հայրը եղջիւրները խրում է կաղնիներին :Արդեօք գիտեր , որ այդ խուլ շառաչը անուշ, անուշ օրօրել է իրեն առաջին անգամ և երազներ է բերել իրեն , սիրուն երազներ… Խեղճ եղնիկ… Կարօտ իր սիրած գուրգուրող անտառներին , իր խարտեաչ մօր և տարուբերող հովերի հետ վազող ընկերներին` հիմա տանջւում , տառապում է մեզ մօտ , մտածում էի ես , և այնպէս սրտանց ցաւակցում էի նրան… Չէ որ նա էլ մեզ պէս մտածող և զգայուն հոգի ունի…
     Ես շատ էի յարգում նրան , խնդրեմ չծիծաղես վրաս . այնքան , որ երբ նա բարձրանում էր պատշգամբ , հեռացնում էի երեխաներին և թողնում էինք նրան մենակ` իր քաղցր յուշերի հետ…
     Երբ գրկում էի նրան` այդ նազելի էակին և նայում էի լոռնային աղբիւների նման վճիտ աչուկնելի մէջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի , երազուն կարօտ…
      Մի գիշեր սարերից անսանձ փչում էր քամին , դուռն ու լուսամուտները ծեծում . պարզ լսւում էր , որ այնտեղ անտառում , դարեոր կաղնիներն ու վայրենի ընկուզենիները ճակատում էին հողմի դէմ , աղմկում ու գոռում : Եւ քամին բերում էր անընդհատ` անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը , ու թւում էր թէ հէնց մեր դրան առջևն է աղմկայոյզ , հողմածեծ անտառը :
     Երեխաներս վախից կուչ էին եկել , մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով , աչքերը կայծակին էին տալիս , անթարթ նայում էր լուսամուտին և ամբողջովին լսելիք դարձած` ականջ էր դնում անտառի շառաչին , որ խօսում էր նրա հետ մայրենի լեզուով :
      -Անտառը կանչում է նրան , ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թաւուտների մացառոտ ժայոերն ի վեր-մտածում էի ես :
     Մի փոքր յետոյ աւելի սաստկացաւ քամին , փոթորիկ դարձաւ .մէկ էլ աղմուկով բացուեցին լուսամուտի փեղկելը և մի հուժկու շառաչ միանգամից ներս խուժեց . եղնիկը յանկարծակի մի ոստիւնով ցատքեց լուսամտից ցած` աչքերը սուղելով շառաչուն խաւարի մէջ . ես իսկոյն վրայ վազեցի բռնելու , սակայն , նա մի ակնթարթի մէջ թռաւ լուսամուտից պարտէզը և ծածկուեց խաւարի մէջ :
     Դէ~հ , հիմա գնա` ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում… :
ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ
Եւ քարաւանը Աբու-Լալայի Արաբստանի մեծ անապատի
Դարպասների մօտ ծունկ իջաւ յոգնած…

Հորիզոնները հրդեհւում էին իրենց ամայի, ազատ ափերում,
Մութն հաւաքում էր քղանցքը թաւշեայ, բոցերով բոսոր երկինքն էր ծփում:

Եւ Աբու-Լալան նստեց մենաւոր` յակինթեայ ժայռին գլուխը յենած.
Հայեացքը սուզած դիւթական հեռուն, եւ հաշտ ու պայծառ, հոգին անդորրած:

-Ո՛հ, ի՜նչ ազատ եմ, անպարփակ ազատ, միթէ կարո՞ղ է այս մեծ Սահարան
Պարուրել, գրկել իր ծիրերի մէջ ազատութիւնըս` անհուն, անսահման:

Ո՛չ մի մարդկային աչք ինձ չի տեսնի, չի հասնի ո՛չ մի մարդկային բազուկ.
Ո՜վ ազատութիւն, դու դրախտային չքնաղ վարդերի լուսեղէն բուրմունք:

Քո պերճ վարդերով դո՛ւ պսակիր ինձ, վառի՛ր իմ հոգում ջահերդ հուրհրան.
Ո՛վ ազատութիւն, դու դրախտային լոյս-բլբուլների անմահ Ալ-Կորան:

Չքնաղ առապար, դու իմաստութեան ոսկեղէն աշխարհ, հազար ողջոյն քեզ,
Անարատ բադիէ, ուր մարդը մարդուն չի լլկել բնաւ, յար օրհնեալ լինես:

Տարածուի՛ր, անծիր, փռի՛ր աւազիդ դեղին ծովերը ազգերի վրայ,
Ծածկիր ողջ մարդկանց քէօշք ու խրճիթներ, գիւղ ու շահաստան, շուկայ ու կլայ:

Վիշապ հողմիդ հետ ազատութիւնը թող գահակալէ աշխարհը հանուր,
Եւ ոսկեվառէ վսեմ արեւը` ազատութիւնը աշխարհասփիւռ:

Հազար ու հազար հրաշալիքներով եւ հրաբորբոք հրապոյրներով
Շէմս-արեւն ելաւ` շքեղ լուսավառ, վարդքի, սնդուսի բիւր պարոյրներով:

Եւ վեհ արեւի ջահերի ներքոյ փռուեց, ծաւալուեց ծիրն անապատի,
Վառ-վառ հուրհրաց, ինչպէս տիտանեան հսկայ առիւծի ոսկեփառ մորթի:

-Սալա՛մ, քեզ, արե՛ւ, շիւքըդ բիւրաբիւր, դու Աստծուց հզօր, դու կեանքի աղբիւր,
Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ, դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ:

Տիեզերական դու բաժակ անհուն` ոսկի արբեցման եւ երանութեան,
Դու հրճուանքի, հրապոյրների հրեղէն գինու դու անհուն ովկիան:

Տիեզերական հազարահանդէս դու մեծ խրախճանք, բարի՛ արեգակ,
Ահա իմ հոգին – մի ծարաւ բողբոջ, թափի՛ր նրա մէջ գինիդ անապակ:

Քո երջանկութեամբ, քո իմաստութեամբ, քո յաւերժութեամբ հարբեցրու ինձ,
Տո՛ւր ինձ անցեալի անզարթ մոռացում, լոյս անուրջներում քո բուրումնալից:

Հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ, քո անմահ գինով հարբեցրո՛ւ ինձ,
Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը, մոռանամ յաւերժ չարիքն ու թախիծ:

Քո վսեմութեամբ հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ լոյս-հիացքներով,
Խաւալների դէմ անյաղթ-ախոյեան, գարունների մայր, ուրախութեան ծով:


Դու միակ բարի, դու միակ իմ սէր, դու միայն սո՛ւրբ, սուրբ, մայրակա՛ն դու գիրկ,
Դու յաւէտ գթոտ, մահը խորտակող, դու գերահրաշ, միակ գեղեցիկ:

Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, հրակոծ սիրով կիզիր, խոցիր ինձ,
Եւ ոսկեճաճանչ վարսերդ շքեղ փռիր ինձ վրայ, եւ գուրգուրիր ինձ:

Եւ արիւնոտիր իմ շրթունքները համբոյրիդ խայթով քո հրդեհակէզ,
Երջանկասփիւռ քո լոյս-գիրկը բաց, ես սիրաբորբոք թռչում եմ դէպ քեզ:

Եւ թող խլանան իմ ականջները` աղմուկն աշխարհի չլսեմ յաւէտ,
Յաւէտ կուրանամ աշխարհի համար, մարդկանց տեսնելու այլ չնայեմ ետ:

Դէպի արեւը դարեր ու դարեր, թռի՛ր, սլացի՛ր, ազնիւ քարաւան,
Նրա լուսեղէն, բոցեղէն գրկում, որ արեւանամ եւ յաւերժանամ:

Ո՛հ, իմ մայր-արեւ, քո ոսկեփրփուր ծիրանիդ շքեղ ձգի՛ր ուսերիս,
Որ ես յաղթական, լոյս փառքերիդ մէջ սրարբած սուրամ դէպի, դէպի քեզ:

Դու Աստծուց հզօր, դու միակ իմ սէր, դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ,
Դու միայն բարի, դու միայն սո՛ւրբ, սո՛րբ, դու գերահրաշ, միակ գեղեցիկ…
Աւետիք Իսահակեան